Կարգերով պահոցներ՝ Անկապ

Անդրանիկ Վարդանեան

8 Նոյեմբերի, 2022

Տանը հինգ հատ խցիկ ունենք՝ երեք հատ անալոգ, երկու հատ թուային։

Բայց արի ու տես, որ մեր նկարների 99%֊ը նկարում ենք մեր հեռախօսներով՝ այՖոններով կամ Պիքսելով։

Երեւանեան փոխադրաբլոգեր

Հայաստանում ահագին խնդրայարոյց է մեքենաների վիճակը։ Կամ երկար սպասում ես տաքսիի, կամ երկար սպասում ես հասարակական փոխադրամիջոցի կամ էլ իրենց մէջ ես սպասում որովհետեւ բոլոր ճանապարհները խցանուած են։

Չնայած նրան որ համարեայ միշտ ուշանում եմ ամէն տեղից ու ամէն ինչից, իմ ժամանակը ահագին լաւ եմ գնահատում։ Մեքենաների մէջ գործ եմ անում՝ կոդ եմ գրում, նամակ եմ պատասխանում, ներկայացում եմ պատրաստում կամ նոյնիսկ մատեանումս եմ գրառում, ինչպէս որ հիմա։

Ժամանակին՝ ոչ շատ հին անցեալում երբ օգտւում էի նաեւ հանրային փոխադրամիջոցներից, նոյնիսկ հասցնում էի հեռախօսով գրառումներ անել։

Ոչ թէ այն պատճառով որ շատ արագ եմ գրառում, չէ, բնաւ։ Ահագին երկար պրոցես է ինձ համար գրառելը։ Անցեալում երբ քշում էի WordPress ապա պէտք էր լոգնուել շատ հին հեռախօսով՝ հին բրաուզերով, ապա այլ ծրագրի մէջ գրէի պարունակութիւնը ու տանէի բրաուզերում կպցնէի գրածս։

Հիմա էլ պակաս չեն խնդիրները, ահագին սկրիպտներ սցենարներ եմ աւտոմատացրել գրառելու համար։

Չնայած նրան, որ միշտ բողոքում եմ այս ամէնից եւ ընդունում եմ որ լաւագոյն լուծումն է Երեւանի կենտրոնում կամ մետրոյին մօտ տուն ունենալը, սակայն ահագին արդիւնաբեր է մեքենաների մէջ գրառելը։ Չեմ կարող բողոքել «վայ բլոգելու ժամանակ չկայ, բնաւ», այլ միշտ էլ ժամանակ լինում է։

Ինչեւէ, հասնում եմ իմ գրասենեակ, մինջ յաջորդ հանդիպում։

Ասանկ բաներ…

Gov.am֊ում ուշադիր չեն, բնաւ

Դէ ինչպէս բոլորը գիտեն ես ամէն ինչ կարդում եմ RSS֊ով, ու իմ RSS ընթերցիչը մի քանի րոպէն մէկ անցնում է իմ բոլոր հոսքերի վրայով եւ թարմացնում է իրենց պարունակութիւնը։

Որպէս համացանցի հպարտ քաղաքացի, առաջին բանը որ անում եմ արթնանալուց յետոյ դա զուգարան գնալն հոսքերս կարդալն է։

Հոսքերից մէկը որ հետեւում եմ դա Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան RSS հոսքն է։

Այսօր առաւօտ տեսայ, որ ՀՀ կառավարութեան հոսքը մօտս խնդիր էր տալիս։ Երեւի երեկ էր խնդիր տուել ու կանգնել, բայց մինչեւ «թարմացում» կոճակը սեղմելը որոշեցի էկրանահանեմ։

Պարզւում ա, մարդիկ մոռացել էին TLS վկայականը թարմացնել։

Նայի ջանիկ, մենք ունենք Let’s Encrypt, որը տալիս ա մեզ.

  • ա) անվճար վկայական, երեք ամսով
  • բ) աւտոմատացման գործիքներ

Բայց արի ու տես, որ ՀՀ կառավարութիւնը դրանք չի օգտագործում, օկ, հասկանալի ա, իրենք առնում են վկայականները եւ թարմացնում են տարին մէկ։

Բայց այդ ամէն ինչի համար էլ կայ աւտոմատացման գործիքներ, իսկ եթէ չկայ, ապա ունես մէկ տարի ժամանակ այդ ամէնը թարմացնելու։ Մէկ ամիս առաջ չէի՞ք կարող թարմացնել, պէտք է անպայման վկայականի ժամկետն անցներ նո՞ր թարմացնէիք։

Ու սա ՏՏ ոլորտով հպարտացող երկիրն է։

Ասանկ բաներ…

Վթար եւ անփորձանք ցաւեր

Իհարկէ առաջին բանը որ եկաւ մտքիս աւտովթարից յետոյ դա Թուիթթերում գրելն էր, որ աւտովթարի մէջ եմ եղել եւ հաւանաբար անհասանելի կը լինեմ մի ամբողջ շաբաթ։

Ինչ խօսք, լրիւ ուրուական էի դարձել ու անջատել էի բոլոր ծրագրերը։ Ոչ թէ փորձում էի մարդկանցից փախնել այլ ուղղակի ինձ ճանաչելով գիտէի որ շատ ցաւերի մէջ մարդկանց հետ խօսալը լաւ տեղ չի տանում։ Հաւանաբար ամէն մի մանր բանից ազդուելու էի ու սկսելու էի վիրաւորել աջ ու ձախ։

Լաւաբախտաբար լուրջ վնասուածքներ չկային եւ մէկ շաբաթ յետոյ սկսեցի գոնէ նորմալ քայլել։ Երկու շաբաթ յետոյ` աստիճան բարձրանալ, բայց հիմնականում «Ա՜խ» գոռալով ամէն րոպէն մէկ։

Բայց արի ու տես որ այդ downtime֊ը օգտագործեցի լաւ նպատակներով եւ կարողացայ մի քանի հատ patch ուղարկել FreeBSD ՕՀ֊ի համար։ Ահագին գոհ եմ ինձանից։

Հիմա արդէն կարելի է կրկին գրել առանց բղաւելու ցաւալու։

Ասք արեւմտահայերէնի եւ կորցրած հնչիւնների մասին

Տարիներ առաջ երբ այս բլօգը բացեցի, շատ կարեւոր որոշում կար անելու՝ ո՞ր Հայերէնով գրել, արեւելահայերէն թէ՞ արեւմտահայերէն։

Ուղղագրութեան մասով, իհարկէ, գիտէի որ գրելու եմ դասական։ Ես ուղղակի այլ ձեւ չգիտեմ գրել, իմ մատները չեն աշխատում ուրիշ ձեւ։

Արեւմտահայերէնը շատ սիրուն է, ու սփիւռքահայ լինելու առաւելութիւններէն մէկն է, որ կրնամ ցանկացած ժամանակ լեզուս փոխեմ առանց խնդիրով մը։

Սակայն արեւմտահայերէնը կորցրել է բազմաթիւ հնչիւններ, աղուսեակով ցոյց տամ.

Պ Բ Փ
Տ Դ Թ
Ծ Ձ Ց
Կ Գ Ք

Երկրորդ եւ երրորդ սիւնի տառերը մենք նոյն ձեւ ենք ասում՝ երրորդի նման, իսկ առաջինը՝ երկրորդի նման։ օրինակ. «բակ»֊ն ու «փակ»֊ը ասում ենք «փակ», իսկ «պաղպաղակ»֊ը ասում ենք «բաղբաղագ»։

Այդ պատճառով էլ, այս բլօգում որոշեցի գրել արեւելահայերէն, քանի որ շատ աւելի հեշտ է սովորել։ Այո, ես Հայերէն սովորել եմ բլօգ պահելով, քանի որ դպրոցում ծոյլիկ էի։ Երբ տղաներն ասում են «բակում գնդակ ենք խաղալու», իմ մտքի մէջ տպաւորւում է, որ պէտք է լինի «բ», իսկ երբ նորայրն ասում է «փակում անե՞նք», արդէն սովորում եմ որ լինելու է «փ»։

Գանք բուն թեմային, թէ ինչի եմ գրում այս ամէնի մասին։

Երեկ գրառել էի բաց եւ մուք թեմաների եւ պաստառների մասին, մի անգամից ինձ գրեցին որ «մուք չի, մուգ ա»։

Բայց դեռ ոչ մէկից չեմ լսել (երեւի բացի Գիւմրեցիներից, նոր յիշեցի) որ ասի «շատ մուգ ա սենց», միշք «ք»֊ով են ասել, ոնց որ միշտ գրում ենք «շաբաթ» բայց ասում ենք «շափաթ»։

Չնայած նրան, որ ըստ «Հայերէն բացատրական բառարան»֊ի, մուքն էլ է ճիշտ։

Ու ես իհարկէ հաւատում եմ, որ համացանցում ամէն ինչ գրւում է մելանով, ու իմաստ չկայ սխալները խմբագրելու։

Ասանկ բաներ…

Ասք ինքնաշխատանք տանելու մասին

Մի քանի օր առաջ ընկերներիցս մէկին էի տեսել։ Շատ լաւ վիճակում չէր, յարաբերութեան մէջ ունէր խնդիրներ իր նշանակալից մարդու հետ։

Առհասարակ մարդիկ սիրում են ինձ հետ կիսուել իրենց խնդիրներով, դա լինի անձնական, գործնական, ընտանեկան թէ այլ։ Ոչ թէ նրա համար որ լաւ խորհուրդներ եմ տալիս (երանի թէ մէկը ինձ տար լաւ խորհուրդներ), ոչ թէ նրա համար որ գիտեմ թէ ոնց լուծեն իրենց խնդիրները, այլ քանի որ միշտ, միշտ, միշտ լսում եմ իրենց, բառ առ բառ, եւ շատ մեծ հաւանականութիւն կայ, որ խնդիրը անցեալում ես էլ եմ ունեցել։

Իհարկէ, ինչպէս ամէն բան կեանքում, սիրային յարաբերութիւն ստեղծելը գործ ա, ու շատ բարդ գործ ա, քանի որ եւ դուրս գալն է դժուար, եւ շարունակելու ժամանակ միշտ բոթլնեքեր են լինելու։ Բայց դա մի կողմ, ես ենթադրում եմ, որ դու գիտես այդ մասին։

Մենք երկար խօսեցինք, ես լսեցի, ինքը ինձ լսեց, մի երկու անգամ իրար չհասկացանք, կրկին խօսեցինք, նա հանգստացաւ, եւ որոշեց գնալ ու աշխատել իրենց խնդիրները ուղղելու վրայ։

Ես մի բան ասեցի, որ երբէք ոչ մէկին չէի ասել, քանի որ նախ պէտք էր իմ վրայ դա զգայի։ Վերջերս, չնայած՝ ցաւոտ, սակայն զգացել եմ։

Եւ ես ասացի՝

Դու չես կարող գնալ գործի եւ բագ դզել եթէ դու լաւ վիճակում չես։ Դու չես կարող գնալ գործի եւ կոդ գրել եթէ լաւ վիճակում չես։ Դու չես կարող գնալ գործի եւ սերւէր բարձրացնել եթէ դու լաւ վիճակում չես։ Ու նոյնպէս դու չես կարող գնալ յարաբերութեան մասին խօսակցութեան եւ դրա վրայ աշխատել եթէ դու լաւ չես։ Նախ եւ առաջ դո՛ւ պէտք է լաւ լինես, որ կարողանաս աշխատանք տանել ինչ֊որ հարցի շուրջ։

Ու այո՛, եթէ դու լաւ չես, ոնց կարող ես 100% վստահութեամբ աշխատել այլ բանի շուրջ։ Չես կարող։ Եթէ անես, վատ ա լինելու, ամբողջական չի լինելու։ Դանդաղ է լինելու կամ էլ նոյնիսկ սխալ է լինելու։

Ասածս ինչ է՝ հոգ տար քո՛ մասին։

Ասանկ բաներ։

Ասք թուային ազատութեան բարդութեան մասին

Գնալով աւելի եւ աւելի է բարդանում լինել ազատ թուային աշխարհում։

Հա, իհարկէ, ազատ ԾԱ֊ն ուտում է ամէն ինչ։ Ունե՞ս հեռախօս՝ կամ Լինուքսով է աշխատում կամ էլ BSD֊ով, իհարկէ։ Բայց դրանից այն կողմ այնքան են աւելացնում սահմանափակումները, որ անհնար է լինում ազատ համարել այդ սարքերը։

Սարքը ունես, բայց չես կարող ունենալ նորմալ կապ համացանցի հետ, ու բարդ է լինում ունենալ նորմալ Ջաբեր կլիենտ։

Սարքը ունես, բայց չես կարող նոր ծրագիր քաշել առանց «հաշիւ» բացելու։

Սարքը ունես, բայց չգիտես ինչու գովազդ կայ ՕՀ֊ի մէջ։ Դէ չգիտեմ, ես Վինդոզ չունեմ, չնայած այն շշուկներին, որ խմած ժամանակ եմ օգտագործել, բայց բնաւ ճիշտ չէ դա։

Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ այսպէս պէտք է լինէր։ չգիտեմ, դեռ չեմ հասկանում։ Շատ տխուր եմ։

Տխուր եմ, քանի որ չեմ կարող ընկերներիս ասել «արի ջաբեր, թո՛ղ տելեգրամը»։ Չեմ կարող, քանի որ նորմալ յաւելուածներ չկան, որով կարող ենք չաթուել, քանի որ իրենց ՕՀ֊ն թոյլ չի տալիս։

Չգիտեմ, սա տեխնիկական խնդիր չէ, բնաւ։ Սա քաղաքական խնդիր է։ Ամէն ինչն է քաղաքական խնդիր։

Ես մտածում եմ բնութեան մասին, դա քաղաքական խնդիր է։ Դու մտածում ես երկրի ազատութեան մասին, դա քաղաքական խնդիր է։

Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ չես մտածում ազատ ԾԱ, ազատ ՕՀ օգտագործելու մասին։ Դա է՛լ է քաղաքական խնդիր, դա այն տեսակի խնդիր է, որ աւելի է ազդում քո վրայ առօրեայում քան աղբը թափելը։ Քան երկրի ազատութիւնը։

Անկախ մոլորակից եւ անկախ երկրից դու օգտագործելու ես նոյն տեխնոլոգիաները։ Չունենք այլ տարբերակ, նոյն համակարգիչներն են, նոյնն էլ մնալու են։ Կամ մտածում ես այս խնդրի մասին, կամ չես մտածում։

Այո, բարդ է, շա՛տ բարդ է լինել ազատ։ Իսկ ինձ տեւեց երկար տարիներ, որ լինեմ պլատֆորմներից ազատ։

Իսկ դո՞ւ։

Մինչ։

Ասանկ բաներ…

Մտքեր մտքերի մասին

Բարեւ մտքեր, ես քեզ կարօտել էի, շատ երկար ժամանակ է ինչ քեզ չեմ տեսել, լսել, զգացել։

Գիտեմ, դու չես գալիս երբ ես զբաղուած եմ լինում, գալիս ես երբ բաղնիքում լողանում եմ կամ երբ մարդկանց հետ՝ շփւում։ Ամէն անգամ երբ քննարկումներ են սկսում, գալիս ես իմ գլխի մէջ եւ նոր բաներ ասում։ Գուցէ շա՞տ ես նեղուած որ առօրեայում քեզ հետ էլ չեմ շփւում։

Արի հասկանանք մեր յարաբերութեան պատմութիւնը, հա՞։

Ես եւ դու ընկերութիւն ենք անում այն ժամանակից երբ ես կարողացայ իմ առաջին նախադասութիւնը ձեւաւորել։ Բաւարար պայմանը քո ներկայութեան՝ նախադասութիւն կազմելը։ Շատ բարդ յարաբերութեան ժամանակ կարիք է լինում որ կազմեմ մէկից աւել նախադասութիւն։ Բայց դու միշտ կաս, ինձ օգնում ես։

Հասկանում եմ, ինչպէս ընկերներս են բողոքում, այդպէս էլ դու. վերջին շաբաթներին չեմ շփւում։ Խնդրում եմ դու էլ հասկացիր, խա՛ռն եմ։ Բայց քո կարիքն ունեմ այս ժամանակներին աւելի քան դու պատկերացնում ես։

Սակայն դու չես սիրում կարճ շփում։ Ինձ մէկ֊երկու, տաս կամ քսան րոպէո՞վ են պէտք մտքեր՝ դու չկաս։ Դու սիրում ես ինձ հետ երկար խօսակցութիւններ, սիրում ես/ենք արտայայտել մտքեր որոնք կը ծնեն նոր մտքեր։ Սիրում ենք մտքեր որոնք մեկնաբանում են այլ, այլոց եւ ալիւր֊ոտ մտքեր։

Ես եմ մեղաւոր իհարկէ, որ դու հեռացել ես ինձանից։ Ներիր ինձ։ ամէն տեսակի անկապ «մահանայ»֊ներն եմ միշտ գտնում։ օհ մատեանս պէտք է մաքրեմ, նոր գրեմ։ օհ թուղթ ու գրիչ է պէտք որ քեզ հաւաքեմ, նոր շփուեմ։

Բայց դու էլ շատ լաւ գիտես, որ ինքս ինձ եմ խաբում։

Ես հիմա, ուղղակի, սկսել եմ վախենալ իմ մտքերից։ Փոխւում եմ, Սասունցի Դաւիթի նման շատ արագ։ Չեմ հասցնում ինքս ինձ հասկանալ։ Իսկ դու՝ հիմնականում ճիշտ, միշտ հասուն, ինձանից խելացի, գուցէ մէկ խօսակցութեան ժամանակ քեզ պահես ստաբիլ, իսկ ես՝ փոխուեմ ընթացքում։

Այո, վախենում եմ փոփոխութիւններից, այդ պատճառով էլ ամիսներ է մուկը տեղից չեմ շարժել, չնայած՝ չեմ օգտագործում։

Խոստանում եմ քեզ, որ կաշխատեմ իմ փոփոխութեան վախի վրայ, շատ արագ (դէ հիմա էլ այսպէս է ստացւում) եւ կը խօսեմ քեզ հետ։ Եւ մենք կը գրենք ժամերով։

Մինչ ապագայ հանդիպումներ։

Ասանկ բաներ…

Ասք յաջողուած օրագրի եւ ձախողուած վեբրուարի մասին

Վեբը ինձ համար շատ կարեւոր է։ ուղղում՝ ազատ համացանցը ինձ համար շատ կարեւոր է։ Ես համացանցից շատ տարօրինակ ձեւ եմ սկսել օգտուել։ Մի քիչ պատմեմ։

Երկուհազարակնների կէսերին մենք տանը հերիք չէ ունեցանք համակարգիչ, այլ նաեւ համացանցի կապ Dial-Up֊ով։ սիրուն ձայներ էր հանում մոդեմը ցանցին միանալուց։

Մեր առաջին օպերատորն էր Սիրիայի երկու օպերատորներից մէկը՝ SCS-Net֊ը, որը փաստօրէն մինչեւ այսօր աշխատում է։ Իրենք ամէն օգտագործողի տալիս էին PPP հաշիւ, որը պէտք է գրէիր քո Dial-up֊ի կարգաւորումների մէջ։

Այդ նոյն հաշուով նաեւ ստանում էիր FTP թղթապանակ, IRC անուն եւ մեյլ հասցէ։ ենթադրում եմ, որ PAM֊անման մի բան էին արել։

Այդպիսով ես մտնում էի IRC, դեռ չիմանալով ինչ է IRC֊ն, եւ չաթւում էի անգլիախօս սենեակներում։ կային նաեւ խաղացողների (գեյմըրների) սենեակներ, որ պայմանաւորում էինք ու յետոյ միասին խաղում էինք առցանց խաղեր։

Շատ ոչ֊տարօրինակաբար կային նաեւ համակարգչային մասնագէտների սենեակներ, հիմնականում համալսարանականներ էին եւ խօսում էին ծրագրաւորման լեզուներից։ ես արդէն պասկալ գիտէի, իրենք համալսարանում Ջաւա էին անում, մի մասն էլ C++, մի մասն էլ այլ բաներ։ Այդ ժամանակ միայն C֊ի եւ Ջաւա անունների հետ էի ծանօթ։

Այսինքն, ի սկզբանէ ես օգտագործում էի ազատ համացանց, քանի որ ուղարկում/ստանում էի մեյլ հայրիկի անունով, խօսում էի սենեակներում եւ ափլոդում էի անկապ նկարներ այդ 100Mb պահոցի մէջ։

Մէկ֊երկու տարի անց, ես եւ իմ դասարանցի Օվսաննան միասին խօսում էինք Jonas Brothers֊ի նոր ալբումի մասին՝ A Little Bit Longer, որը յայտարարել էին MySpace֊ում (իսկ դու յիշո՞ւմ ես ինչ է ՄայՍփեյսը), ու նա ինձ ասած, որ գրանցուել է ՄայՍփեյսում եւ տեսել է եղբայրների մեյլը։

Մեյլը նայեցի, գրած էր forjonasfans@gmail.com (կամ նման մի բան)։ Մտայ gmail.com եւ տեսայ որ ասում ա «դէ բա գրանցուի, ու մեյլ ուղարկի» ես էլ գրանցուեցի, որ իրենց մեյլ ուղարկեմ։

Յաջորդ օրը գնում եմ եւ պատմում Օվսաննային, որ նամակը ուղարկել եմ, ու նա ինձ ասած ո՞նց, ՋիՄեյլում գրանցուեցի՞ր։ ասեցի՝ հա, տարօրինակ ա, դէ ես scs-net.sy֊ի հաշիւ ունէի, բայց երեւի իրենք ուզում էին գրանցուեմ։

եւ ծուղակն ընկայ։ շատ տարօրինակ էր ինձ համար։ ու սկսեցի կարդալ իմեյլի մասին, ու հասկացայ ինչ է SMTP֊ն։ ու հասկացայ որ կարող էի չգրանցուել այլ մի անգամից իմ մեյլից ուղարկել։

Այդ օրուայ միակ լաւ բանն էին էր, որ մինչեւ այսօր ունեմ այ Google֊ի հաշիւը, իմ միակ գուգլի հաշիւն է, որը պատմական մնացել է։ ինչեւէ։

Ժամանակի ընթացքում սկսում ես սովորել ազատ տեխնոլոգիաների եւ ազատ համակարգերի մասին, բայց արի ու տես, որ այդ մեծ կորպորացիաները հերիք չէ փող են աշխատում բաց տեխնոլոգիաներով (ապրէք, լաւ էք անում, բան չունեմ ասելու) մի հատ էլ լաւ մոնոպոլիայ բռնելուց յետոյ ուզում են սպանել տարբեր տեխնոլոգիաներ։ ինչպէս Գուգլն է փորձում սպանել մեյլը, վեբը, RSS֊ը, Էփլն է փորձում սպանել PodCast RSS֊ը եւ մտածում փակելու մասին, եւ այլն։

Հետ գանք մեր բուն թեմային։

Յունուարի վերջերն էր, շատ կարեւոր բան էի որոշել, աւաղ՝ շատ սխալ ժամանակ։ Ցանկանում էի կատարել մի շարժում, որին ուզում էի կոչել #վեբրուար։ նոյն ինքը՝ վեբի փետրուար։ Webruary, Web February։

Այդ ամէնի նպատակն էր մարդկանց տանել աւելի ազատ համակարգ, որ մարդիկ վեբում գրեն։ ոչ թէ Medium֊ում, ոչ թէ Telegram Channel֊ներում, ոչ թէ ֆեյբուքներում։ այլ հենց համացանցում։

Մէկ օր՝ մէկ գրառում։ այդքան բան։

Իհարկէ, ամէն անգամ երբ նման ձայն եմ բարձրացնում, մի խումբ մարդիկ են գալիս եւ ինձ ասում «բա լաւ ալտերնատիւ առաջարկի՝ միանանք»։ Այս անգամ որոշեցի ալտերնատիւ առաջարկեմ։

Ինձ պէտք էր մի համակարգ, որը մարդկանց թոյլ կը տայ գրանցուել, գրել, հրապարակել։ Ու դրա համար ես գտայ մի ծրագրային ապահովում որը կոչւում է WriteFreely։

Շատ արագ վերցուցի Օրագիր.հայ դոմեյնը եւ այդ ծրագրային ապահովում տեղակայեցի իմ Jail֊երից մէկում՝ Պինգուինաշէնի վրայ։

Եւ այսպիսով մենք ունենք Օրագիրը` օրագիր.հայ հասցէում, որի մասին թեթեւ խօսել ենք նաեւ ցանցառների ռադիօ֊ի համար #31 S02E02֊ի ժամանակ։

Կեանքը սակայն այնպէս ստացուեց, որ գործի տեղում ամէն ինչ արագ էր շարժւում իսկ ես չէի հասցնում, այդ պատճառով ես չկարողացայ ամէն օր մէկ գրառում անել։

Բայց ոչինչ, մենք այսօր ունենք Օրագիրը, որտեղ այս պահին կան 27 օգտագործողներ, 28 հատ բլոգ եւ 169 հատ գրառում։

Շատ շնորհակալութիւն գրանցուողներին եւ գրողներին։

Իսկ ինչ վերաբերւում է ազատ տեխնոլոգիաներին՝ Օրագիրը ունի RSS հոսք որը տրամադրում է ամէն բլոգի, ու նաեւ մէկ հատ RSS հոսք ամբողջ սերւէրի բոլոր բլոգների հանրային գրառումները կարդալու համար։

Կարօտել եմ քեզ, խօսք եմ տալիս աւելի շատ եւ աւելի շուտ գրել։

Մինչ նոր բլոգում։

Ասանկ բաներ…