Օդի որակը Երեւանում: ինչու ունենալ միայն հեծանիւների օր

տասներկու օր առաջ նորայրը գրառել էր սարեանում, «օդի որակը երեւանում» վերնագրով եւ յղում էր դէպի msn.com։
Screenshot 2023 05 23 at 2 10 16 AM

Մինչեւ յղումով գնալը մտածում էի, որ վատ է վիճակը, բայց չէի սպասում որ շատ վատ էր լինելու։

Ընդհանրապէս, ընդունուած է օդի որակի հաշուել Air Quality Index համակարգով, նոյն ինքը AQI֊ը, որը հայերէն կը թարգմանուէր երեւի «Օդի Որակի Ցուցանիշ»։ Հաշուի առնելով, որ շատ դժուար կը լինի ասել ՕՈՑ, ես առաջարկում եմ «ՕդՈրՑու» կրճատումը, բայց այս մասին ուրիշ անգամ։

Օդի Որակի Ցուցանիշը իրականում թիւ է, որը բաժանուած է սանդղակների, փորձեմ աղիւսեակի տեսքով ցոյց տալ։

ՕդՈրՑու նկարագրութիւն խորհուրդ
0–33 շատ լաւ վայելէք բացօթեայ գործունէութիւնները
34–66 լաւ վայելէք բացօթեայ գործունէութիւնները
67–99 միջին վնասակար` զգայուն մարդկանց համար
100–149 վատ զգայուն մարդիկ՝ կրէք դիմակներ։ բոլորը՝ փակեն պատուհանները
150–200 շատ վատ հասարակութեան որոշ անդամներ կարող են ունենալ առողջական խնդիրներ
զգայուն մարդիկ կարող են ունենալ շատ լուրջ առողջական խնդիրներ
200+ վտանգաւոր զգայուն խմբեր՝ խուսափէք բացօթեայ բոլոր գործունէութիւններից
բոլորը՝ զգալիօրէն կրճատէք բացօթեայ գործունեությունը

Իհարկէ, շատ հաւէս կը լինէր եթէ ընդամէնը Վիքիպեդիայից նկար դնէի այս մասին, բայց աւաղ, Air Quality Index֊ի մասին բան չկար գրած Հայերէն Վիքիպեդիայում։ (ահա, տնային աշխատանք ընթերցողներին)

Այսքանը կարդալուց յետոյ արդէն կարելի է նայել Երեւանի ՕդՈրՑու֊ին՝
Screenshot 2023 05 23 at 1 36 26 AM

Այո, այս պահին (ժամը՝ 01:00) Երեւանի ՕդՈրՑու֊ն հասնում է 140֊ի։ Լաւաբախտաբար կայ նաեւ պատմական տուեալներ, այսօր հասել էր մինչեւ 152։

Screenshot 2023 05 23 at 1 08 19 AM

Ահա թէ ինչ տեսք ունէր Երեւանի ՕդՈրՑու֊ն վերջին քսանչորս ժամում

Yerevan aqi mini

Փորձեցի օդի աղտոտուածութեան մասին փնտրել Հայաստանի Հանրապետութեան Առողջապահութեան Նախարարութեան կայքում, բայց աւաղ շատ բան չգտայ։

Առհասարակ խնդիրը ոչ թէ միայն այն է, որ այս մասին չենք խօսում, այլ որ ընդհանրապէս չենք խօսացել, երբէք։

Երեւի մասամբ արդար էլ չի, որ ես եմ խօսում այս մասին, ի վերջոյ ես ծխող եմ, իսկ ՀՀ ԱՆ֊ն արդէն ահագին ժամանակ է պայքարում ծխելու դէմ։

Իրենց կայքում տեսայ այսպիսի բաներ.

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է

[…]
ԹՔՕՀ-ի զարգացման ռիսկի գործոններն են
— ծխախոտի օգտագործումը
— օդի աղտոտվածությունը
— մանկական տարիքում զարգացող բրոնխիալ ասթման

Հիվանդությունն ունեցող անձինք կարող են ձեռնարկել մի շարք քայլեր առողջական վիճակի բարելավման և հիվանդության առաջընթացի զսպման նպատակով.
— դադարեցնել ծխելը
— կանոնավոր ֆիզիկական ակտիվ կյանք
— պատվաստվել շնչական վարակների դեմ (գրիպ, կորոնավիրուս):

Բայց աւաղ, մինչ օրս մեր մօտ չի սահմանուել սանդղակներ, օրէնքներ եւ այլ բնութագրեր, որը ահագին դժուարացնում է հանրութեան աշխատանքը նման հետազօտութիւններ անելիս։

Ես, իհարկէ, կողմ եմ աւելի գործնական լուծումների։

Ակնյայտօրէն մեր մօտ կան բազմաթիւ շատ մեքենաներ, այդ պատճառով մտածում եմ, որ կարելի է կրկնօրինակել մեր հոլանդացի զարմիկներին եւ մի քարով խփել երկու թռչուն։

1972 թուականին, բացմաթիւ ցոյցերից յետոյ (թէ ինչի են տեղի ունեցել ցոյցերը՝ ուրիշ անգամ) Նիդերլանդների ԱԺ֊ի նախագահ, ապա վարչապէտ Յոհաննես Մարտեն դեն Ուեյլը յայտարարեց, որ ունենալու են «առանց մեքենայ Կիրակի» օր, որտեղ քաղաքի գլխաւոր փողոցները յատկացուելու են ոչ թէ մեքենաների, այլ հեծանուորդների համար։

Նման բան Երեւանում կիրառելը շատ դժուար կը լինի (բայց ոչ անհնար)։ Հիմնական խնդիրը սակայն մենք չենք, այլ մեր աշխարհագրական դիրքը։

Երեւանի գտնւում է ծովի մակարդակից 850֊ից մինչեւ 1300 մետր բարձրութեան վրայ, իսկ, օրինակ Ամստերդամը (կը ներէք, բայց ուրիշ քաղաք կայ աւելի շատ եմ սիրում) Ռոտերդամը գտնւում է ծովի մակարդակին եւ շատ քիչ են բարձունքները։

Եթէ վերցնենք ճանապարհը Երեւան Մոլից դէպի Երեւանի Բուսաբանական Այգի, ապա երկարութիւնը կը լինի 12 կիլոմետր իսկ բարձրութիւնը՝ մօտ 400 մետր։

Screenshot 2023 05 23 at 1 49 07 AM

Եթէ նոյն սկզբունքով վերցնենք ճանապարհը Ռոտերդամի Ալեքսանդրիում Մոլից դէպի Ռոտերդամի կենդանաբնական պարտէզ, ապա երկարութունը կը լինի մօտ 10 կիլոմետր իսկ բարձրութիւնը ընդամէնը 76 մետր։

Screenshot 2023 05 23 at 2 01 46 AM

Այսինքն նոյնիսկ եթէ ցանկանանք Երեւանում ունենալ «առանց մեքենայ Կիրակի» ապա դա ահագին բարդ կը լինի։

Միւս կողմից, բազմաթիւ այլ երկրներ են ունեցել նման խնդիրներ, մենք այդքան էլ իւրայատուկ չենք (ինչքան էլ ուզենք լինել) եւ իրենց մօտ շատ պարզ են լուծել։

Խնդիրը նրանում է որ կան մեքենաներ որոնց մէջ նստած է ընդամէնը մէկ հոգի։

Այդ պատճառով էլ շատ երկրներ նման տարածք/օրերում թոյլ են տալիս հեծանիւ եւ հանրային տրանսպորտ, որտեղ Երեւանցի երիտասարդը (եւ ոչ միայն) կարող է նստել հանրային փոխադրամիջոց, գնալ Աւանի վարչական շրջան եւ հեծանուորդել դէպի այգի։

Դեռ պարզ չի, թէ նման փոփոխութիւնները ինչ արդիւնք կունենան, մանաւանդ որ Երեւան քաղաքում արդէն տարիներ է, որ բոլոր ներդրումները արւում են աւտոմեքենաների համար եւ ամբողջովին անտեսւում են այլընտրանքային փոխադրամիջոցները, բայց ես յոյս ունեմ, որ մի օր կը կարողանանք բոլորս հաւասար քշել քաղաքում։

Իսկ օդի որակը, ակնյայտօրէն, ծխախոտից չի վատանում, այլ աւտոմեքենաներից։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

2 thoughts on “Օդի որակը Երեւանում: ինչու ունենալ միայն հեծանիւների օր

Մեկնաբանությունները փակված են։