Երբ ես նոր էի եկել Հայաստան, դեռ 16 տարեկան էի, գնում էի աւագ դպրոց, ու ամէն առաւօտ ես նստում էի երթուղային, հիմնականում համար 44-ի երթուղայինը, այդ ժամանակ այն դեռ աւտօբուս չէր, ու շատ մարդիկ էին նստում այն, չնայած որ ես բարձրանում էի ՀԱԹ-ից Մալաթիա, սակայն մի քանի րոպէի ընթացքում արդէն մարդիկ թափւում էին պատուհաններից։
Նախ պատմեմ առաջին օրուաս մասին. գնացի դասի, երեքշաբթի օր էր, ծանօթանում էի նոր դասարանցիներիս հետ, ովքեր ինձ շատ սիրով դիմաւորեցին, ճիշտ է, այսօր զբաղուած լինելու պատճառով չեմ կարողանում շատ շփուել իրենց հետ, ճիշտն ասած՝ ոչ էլ ծնողներիս հետ եմ կարողանում նորմալ շփուել, սակայն դասարանցիներս շատ մեծ դեռ ունեն իմ կեանքում, իրենց շնորհիւ ես կարողացայ ինտեգրուել Հայաստանեան միջավայրին։
Դասը աւարտեց, տղերքը ինձ ճամփեցին կանգառ… ես այնքան ուրախ էի, որ նրանք ինձ բացատրեցին, թէ ինչպէս օգտուեմ երթուղայինից, իմ տեղն էլ հաշիւը ստացան, ու վարորդին ասեցին, թէ որտեղ պէտք է իջնեմ, ու իջայ մեր կանգառում եւ ուրախ-ուրախ գնացի տուն։
Սա միայն սկիզբն էր։ Յաջորդ օրը, բնականաբար, պէտք էր որ կրկին նստէի, սակայն այս անգամ գնայի դասի… նստեցի, հասայ կանգառ, եւ խնդրեցի վարորդին, որ պահի… նա պահեց, իսկ երբ ես ձեռքս մօտեցրեցի, որ 100 դրամը տամ, նա մերժեց, ասելով՝ իջիր ախփար, իջիր…
Եւ այդպէս շարունակ մի քանի ամիս, քանի որ ես նոր էի, աւելին՝ ես վատ վիճակում էի գտնուում՝ պատերազմից էի եկել, ու ամենակարեւորը՝ եկել էի հայրենիք, իսկ Հայրենիքիցս մարդիկ փախնում են, իսկ ես գալիս եմ Հայրենիք… շատերը զարմանում էին, թէ ինչու էինք գալիս Հայաստան եւ ոչ թէ գնում Եւրոպա, ասելով՝ թէ այնտեղ մարդկանց օգնում է կառավարութիւնը… Այո՛, կառավարութիւնը օգնում է, բա յետո՞յ ի՞նչխ էք… իսկ մարդի՞կ… Եւրոպայում հայր ու զաւակ իրար չեն օգնում, քոյր ու եղբայր, ուր մնաց անծանօթները իրար։
Իսկ իմ Հայրենիքում, ես հասկանում եմ ինձ, մարդիկ հասկանում են ինձ, ազգակիցներս հասկանում են ինձ, ինձ էլ ի՞նչ է պէտք… աշխատա՞նք։
Աշխատանք էր պէտք մի շրջանով ինձ, եւ ես աշխատեցի որպէս մատուցող, այն էլ Զուարթնոց օդանաւակայանում, մօտ երկու ու կէս ամիս, առաջին ամիս ու կէսը շատ լաւ էր, ի դէպ՝ ես հիմնականում գիշերներն էի աշխատում… ինչո՞ւ… ուրեմն՝ գիշերը ժամը իննից աշխատում էի մինչեւ առաւօտ ժամը իննը, որ յետոյ գնամ տուն ու քնեմ Ամերիկեան համալսարան դասի, ու գնում էի մի քանի ժամ էլ դասի… դասի ժամանակ էլ լա՜ւ քնում էի։ Այնքան լաւ էի քնում, որ մի անգամ ընկերներս իմ համար դաս չէին արել, որ ես չ’արթնանամ ու որ ես դասը չփախցնեմ։ Իսկ երբ չէի քնում դասի ժամանակ, իհարկէ, քնում էի երթուղայինի մէջ՝ համար 21 երթուղայինի to be more exact… Հիմնականում հենց վարորդի կողքն էլ նստում-քնում էի… ու յայտնուում էի վերջին կանգառում, ու քայլելով հետ էի իջնում մեր տուն։ Լաւ ա շատ հեռու չէր։
Մի անգամ վարորդը ինձ հարցրեց, թէ ինչու եմ այսքան քնքուշ քնկոտ, ես էլ իրեն պատմեցի իմ աշխատանքի ու դասի մասին… ու էլի քնեցի ։ՃՃ
Ճիշտն ասած՝ ես բան չէի սպասում, սակայն սխալ դուրս եկայ… ամէն անգամ երբ քնում էի, ինքը ինձ արթնացնում էր մեր տան կանգառի մօտ, նոյնիսկ ես քանի անգամ քնաթաթախ էի եւ մոռացել էի վճարել 100 դրամը, իսկ ինքը՝ չթողեց վճարեմ… Նա արդէն գիտեր, որ ես դրսից եմ եկել, ու ասեց, թէ նա ցանկանում է ինձ օգնել, որ միասին կարողանանք ապրել մեր երկրում։ Ասում էր՝ վերջապէս մարդ, ով ցանկանում է ապրել ՀՀում։
Հայաստանը մի գուցէ ամենալաւ երկիրը չէ ապրելու, սակայն որպէս Հայ, ոչ թէ միայն ամենալաւ տեղն է, այլեւ միակ տեղը։
Ասանկ բաներ։