Ամսական պահոցներ՝ Հունվարի 2021

ասք երգերի հոսքերի մասին

Իրականում կուզէի այս մասին չխօսել, քանի որ էդքան էլ գլուխ չեմ հանում, բայց արի ու տես որ քեզ հետ պէտք է կիսուեմ այդ մասին։ Սիրտս տենց ա վկայում։

Էս վերջին քանի տարին ահագին յայտնի է դարձել երգերի հոսքերը(՞՞՞), նոյն ինքը Music Streaming֊ները։ Արդէն քանի տարի է օգտւում եմ Deezer֊ից։ ինձ դուր է գալիս որ մի քանի պատճառով։ Նախ՝ ի տարբերութիւն Spotify֊ի, իրենք չունենք երկրի սահմանափակում։ Հայաստանում բոլոր Spotify֊ի օգտատերերը ստիպուած են ամիսը մէկ մտնել VPN֊ով, որ կարողանան շարունակել օգտագործել։

Deezer֊ը նաեւ դուրս է գալիս, քանի որ իրենց զննարկիչով ծրագիրը շատ լաւ է աշխատում նաեւ ոչ֊մեյնսթրիմ ՕՀ֊ների վրայ։ Ես հենց հիմա լսում եմ իմ FreeBSD֊ով մեքենայի վրայ։

Բայց էդ չի հարցը։ Ոչ էլ այդ մասին է այս գրառումը։

Այս գրառումը աւելի շատ DRM-ից ազատ երգերի եւ երգերի գրադարանների մասին է։ You know, էն որ ուղղակի մօտդ քաշում ես երգը, ու վերջ։ Երգը քոնն է։

Այս մասին սկսեցի շատ մտածել վերջերս, քանի որ մի օր մտայ Deezer, որ տեսնեմ որ Pink Floyd֊ի երգերից մէկը էլ հասանելի չի, թէ բա This track is not available in your region.

Շատ չպրպտեցի, զուտ սպասարկումից իմացայ, որ Label֊ի հետ իրաւական հարցեր կան, ու դէ շուտով էդ իմ սիրած ալբումը հասանելի կը լինի։

Ահա, իհարկէ վատ է, որ տենց եղաւ։ Ես կարող էի ուղղակի գումար տալ ու էդ ալբումը մօտս քաշել, մանաւանդ որ էս դարում շատ էժան է պահեստը։

Միւս կողմից շատ եմ սիրում երգերի հոսքերը, քանի որ թոյլ են տալիս ծանօթանալ նոր արուեստագէտների եւ իրենց գործերի հետ։

Երեւի իդէալական դէպքը կը լինի այն, որ Դիզըրով գտնեմ հաւէս բաներ, բայց նաեւ իմ մօտ քաշեմ լոկալ, բարձր որակով լսեմ։

Բա դո՞ւ, ի՞նչ ես օգտագործում։ Եթէ այլ առաջարկներ ունես՝ ասա ինձ։

ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Անքուն գիշեր, անցած տարի

Բարի լոյս։

Կամ բարի ուշ գիշեր, եթէ իմ նման չես քնել։ Աւաղ, նման օրեր լինում են, երբ չենք կարողանում քնել եւ մտքերով ենք լինում։

Ես երբ անքուն եմ լինում սկսում եմ գրել։ Գրում եմ չաթով ինչ֊որ մէկին, կամ էլ մտնում եմ IRC ալիքներում եմ տուսւում (նորայրի ասած)։

Բայց այսօր որոշեցի գրել, այսօր որոշեցի խօսել քեզ հետ, վաղուց միասին չէինք խօսել։

Անցած տարին ահագին բարդ էր։ Սկզբում լաւ էր, մեզ թւում էր, որ COVID֊ը մեր վրայ այդքան էլ չի ազդելու։ Բայց մի քանի ամիս անցաւ եւ շատ բան սկսեց վատանալ։ Իհարկէ, վատ ժամանակ միշտ յայտնւում են լաւ ընկերները եւ փրկում են մեզ։ Ինձ էլ յայտնուեց մի հին, շատ լաւ ու բարի ընկեր։ Փրկեց։

Հիմա վատ չեմ, բնաւ, բայց արի մի քիչ էլ անցեալից խօսենք։

Անցած տարին հետաքրքիր էր, շատ բաներ սովորեցինք մենք մեր մասին։ Սովորեցինք ինչպէս շփուել առանց շփուելու, սովորեցինք լսել առանց խօսելու։ Դէ մի տեսակ ստիպուած, դժուար է վիդէո֊զանգի ժամանակ մի քանի հոգով խօսալ։ Սովորեցինք մեր բառերը ճիշտ օգտագործել խօսելու ժամանակ, քանի որ կամ Զումի 40 րոպէն էր աւարտուելու, կամ էլ ուզում էինք արագ խօսել ու անցնել իրական գործ անելու։ Ոչ միշտ, բայց դէ հիմնականում։

Հետաքրքիրն այն է, որ այդ բաները մեզ պէտք է արդէն սովորեցրած լինէին, չէ՞։ Դէ երեւի հասուն մարդ՝ adult լինելու կարիքներից մէկն է ոչ թէ միայն իմանալ այդ մասին, այլ նաեւ կիրառել։

Կարող ենք տարին համարել բաւարար սովորելու համար։

Աւաղ, մեզ այդպէս թուաց։ Քեզ էլ, չէ՞։ Մի անգամից պատերազմ, կռիւ, մահ, կորուստ։ Սպասում ես զանգի այն ընկերոջից, ում կարող է ժամանակին ժամերով անտեսէիր, քանի֊որ հիմա մտահոգ ես՝ հո բան չի՞ եղել։

Սպասում ես զանգի նոյնիսկ այն մարդկանցից, ովքեր գիտես ապահով են, քանի որ այսօր կայ, վաղը՝ չգիտես։ Եւ միշտ ուզում ես չիմացած ժամանակդ անցկացնել բոլորի հետ։

Վուդի Ալլէնի Café Society կինոի մէջ մի հաւէս պահ կար, ասում ա «Live every day like it could be your last and someday you’ll be right»։

Իրականում ահաւոր սկսել եմ գնահատել բոլոր օրերը։

Շատ անգամներ չեմ ասում, բայց նաեւ գնահատում եմ քեզ։ Գիտեմ, որ մէկ֊մէկ չես կարդում, մէկ֊մէկ մոռանում ես, որ ես գրում եմ։ Մոռացել ես RSS օգտագործել, կամ ինձ չես հետեւում, յղումը տեսնում ես, չես սեղմում։ Բայց ոչինչ, գիտեմ՝ մի օր կը կարդաս։ Շնորհակալ եմ, որ կարդում ես։

Ներկան՝ լաւ է։ Ոչ այդքան լաւ ինչքան կուզէի, բայց արի ու տես, որ այդ հին «խասեաթս» չեմ թողել՝ aiming higher, dreaming bigger։ Մինչ շատերը կասեն, որ իրականում երազկոտ եմ, ես կասէի՝ նպատակ֊ոտ եմ։

Ներկայի մասին խօսելը, ըստ իս, հիմնականում անիմաստ է։ Ներկայում պէտք է գործել։ Կարելի է, սակայն, խօսել ապագայի մասին, խօսել՝ ապագայի մասին, ներկայում՝ գործել։

Ոչ֊շատ֊ուշ մի քանի ծրագրի մասին կը հրապարակեմ, կամ ոնց ասում են՝ անօնս կանեմ։ Կիսուեմ քեզ հետ էլ։

Դէ գիտես, իմ առաջին կայքը պինգուինաշէն.ամ֊ն էր, ի շնորհիւ նորայրի եւ իմանդէսի, որտեղ իմ բլոգն էր, որտեղ մենք միասին ծանօթացանք։ Իրական նպատակն էր այնտեղ ունենալ համայնք, շատ հաւէս համայնք։ ֆորումի նման, հա ուզում էի HackerNews֊ի նման տեղ ունենալ, որտեղ մարդիկ հաւէս բաներ կը դնեն ու միասին կը քննարկենք այն։

Ահա եւ այն, կոչւում է Խօսենք, դէ քանի որ ուզում եմ միասին խօսենք։

Շատ մարդ չկայ, բայց երեւի կը շատանայ, մարդիկ կը գան, մենք էլ միասին կը խօսենք։ Խոստանում եմ կարգին հետեւել այն, լինել օրինապահ վարչապետ։

Այլ պլաննե՞ր։ հա, հա, կան։ Ընկերութիւնում ահագին բան առաջ է գնում, բայց դէ գիտես, ինքս ինձ հետ NDA ունեմ, այս պահին չեմ կարող պատմել։ Բայց երբ պատրաստ լինի ամէն ինչ, քեզ կասեմ։

Բա դո՞ւ, ո՞նց ես։ Գրիր ինձ, անպայման։ Ես քեզնից միշտ մեյլ եմ սպասում, մէկ մէկ գրում ես, մէկ մէկ՝ մոռանում։ Ոչինչ, գիտեմ, խառն ես։

Այլ բանե՞ր։ դէ, ասում են նիհարել եմ։ Ահագին կարողանում եմ ծոմապահել, շատ դէպքերում օրերով, ու մարզանք եմ անում։ Մի օր միասին գնանք վազելու, թայ֊չի անելու։

Մայրիկս բարեւներ ունի։

Քեզ անպայման լաւ կը նայես, ու դէ գիտես, բան պէտք լինի՝ հօս եմ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Ասք սրճարաններում մարդկանց հետ ծանօթանալու մասին

Իմ ամէն առաւօտը սկսում է կօֆէ խմելուց։ Կօֆէն ինձ համար շատ կարեւոր է, առանց կօֆէ օրը չի կարելի սկսել։

Շատ դէպքերում իմ օրը սկսում է ուրիշի հետ կօֆէ խմելուց, դրանք լինում են անձնական, գործնական եւ նոյնիսկ պետական հանդիպումներ։ Անպայման գնում ենք ինչ֊որ մի սրճարան՝ սրճելու։

Սրճարաններ շատ եմ սիրում, ու հիմնականում մի սրճարանից շատ եմ օգտւում, այնքան շատ, որ նոյնիսկ աշխատողներն են ինձ ճանաչում։ Օրինակ երբ մտնում եմ Դը Իտալեան, աշխատողները անպայման գալիս բարեւում են, խոհարարներին անձամբ շնորհակալութիւն եմ յայտնում։ Երբ նստում եմ, Էռնեստը կամ Սարոն մօտիկանում եւ ասում են «Լատէ՞, Մաքիատո՞» քանզի միշտ լատէ մաքիատո եմ խմում։

Սրճարանները նաեւ շատ եմ սիրում այն պատճառով, որ կարող եմ նոր մարդկանց հետ ծանօթանալ։

Այսօր գործնական հանդիպման սուրճով սկսաւ օրը։ Դուրս գալուց նկատեցի, որ մի երիտասարդ կողքի սեղանում նստած կոդագործում է։ Սկզբում ինձ թուաց, որ vim էր օգտագործում, շատ լաւ չէի տեսնում, դէ ակնոցս ջարդուել էր, բայց մի քիչ մօտիկացայ եւ ինձ թուաց որ IRC է մտել։ Պարզուեց, որ VS Code֊ով կոդ էր գրում։

Հիմա էստեղ կասէք «է հա, էնքան մարդ ա տենց», բայց ես կասեմ «այո, եւ բոլորի հետ ուզում եմ ծանօթանալ»։

Մօտիկացայ երիտասարդին, չհասկացայ, հայ էր թէ չէ, բայց ամէն դէպքում ասեցի՝ անգլերէնով «Օհ, փայթն էք գրում, ինչ հաւէս», ասաց՝ «այո այո, համեցիր, նստիր»։

Եւ ես նստեցի, ես մի ժամ զրուցեցինք։ Պարզուեց անունը Սամուէլ է, եւ ինքը դոկտորական աշխատանք է տանում Մաստրիխտի համալսարանում, որը վերաբերւում է Fuzzy Cognitive Map֊երին։ ահագին խօսեցինք ոլորտի վիճակի մասին, հայաստանի եւ նիդեռլանդների տարբերութեան մասին։ է֊մեյլներով փոխանակուեցինք եւ յոյս ունեմ մինչեւ իր գնալը կրկին կը տեսնեմ։

Ահա։ Եթէ մարդ էք տեսնում սրճարանում ապա անպայման մօտիկացէք, գուցէ նոր ծանօթ, բարեկամ, ընկեր, խնամի ձեռք բերէք։

ասանկ բաներ։

Պատասխանել մեյլով