Իմ ամէն առաւօտը սկսում է կօֆէ խմելուց։ Կօֆէն ինձ համար շատ կարեւոր է, առանց կօֆէ օրը չի կարելի սկսել։
Շատ դէպքերում իմ օրը սկսում է ուրիշի հետ կօֆէ խմելուց, դրանք լինում են անձնական, գործնական եւ նոյնիսկ պետական հանդիպումներ։ Անպայման գնում ենք ինչ֊որ մի սրճարան՝ սրճելու։
Սրճարաններ շատ եմ սիրում, ու հիմնականում մի սրճարանից շատ եմ օգտւում, այնքան շատ, որ նոյնիսկ աշխատողներն են ինձ ճանաչում։ Օրինակ երբ մտնում եմ Դը Իտալեան, աշխատողները անպայման գալիս բարեւում են, խոհարարներին անձամբ շնորհակալութիւն եմ յայտնում։ Երբ նստում եմ, Էռնեստը կամ Սարոն մօտիկանում եւ ասում են «Լատէ՞, Մաքիատո՞» քանզի միշտ լատէ մաքիատո եմ խմում։
Սրճարանները նաեւ շատ եմ սիրում այն պատճառով, որ կարող եմ նոր մարդկանց հետ ծանօթանալ։
Այսօր գործնական հանդիպման սուրճով սկսաւ օրը։ Դուրս գալուց նկատեցի, որ մի երիտասարդ կողքի սեղանում նստած կոդագործում է։ Սկզբում ինձ թուաց, որ vim էր օգտագործում, շատ լաւ չէի տեսնում, դէ ակնոցս ջարդուել էր, բայց մի քիչ մօտիկացայ եւ ինձ թուաց որ IRC է մտել։ Պարզուեց, որ VS Code֊ով կոդ էր գրում։
Հիմա էստեղ կասէք «է հա, էնքան մարդ ա տենց», բայց ես կասեմ «այո, եւ բոլորի հետ ուզում եմ ծանօթանալ»։
Մօտիկացայ երիտասարդին, չհասկացայ, հայ էր թէ չէ, բայց ամէն դէպքում ասեցի՝ անգլերէնով «Օհ, փայթն էք գրում, ինչ հաւէս», ասաց՝ «այո այո, համեցիր, նստիր»։
Եւ ես նստեցի, ես մի ժամ զրուցեցինք։ Պարզուեց անունը Սամուէլ է, եւ ինքը դոկտորական աշխատանք է տանում Մաստրիխտի համալսարանում, որը վերաբերւում է Fuzzy Cognitive Map֊երին։ ահագին խօսեցինք ոլորտի վիճակի մասին, հայաստանի եւ նիդեռլանդների տարբերութեան մասին։ է֊մեյլներով փոխանակուեցինք եւ յոյս ունեմ մինչեւ իր գնալը կրկին կը տեսնեմ։
Ահա։ Եթէ մարդ էք տեսնում սրճարանում ապա անպայման մօտիկացէք, գուցէ նոր ծանօթ, բարեկամ, ընկեր, խնամի ձեռք բերէք։
ասանկ բաներ։