Ասք թուային ազատութեան բարդութեան մասին

Գնալով աւելի եւ աւելի է բարդանում լինել ազատ թուային աշխարհում։

Հա, իհարկէ, ազատ ԾԱ֊ն ուտում է ամէն ինչ։ Ունե՞ս հեռախօս՝ կամ Լինուքսով է աշխատում կամ էլ BSD֊ով, իհարկէ։ Բայց դրանից այն կողմ այնքան են աւելացնում սահմանափակումները, որ անհնար է լինում ազատ համարել այդ սարքերը։

Սարքը ունես, բայց չես կարող ունենալ նորմալ կապ համացանցի հետ, ու բարդ է լինում ունենալ նորմալ Ջաբեր կլիենտ։

Սարքը ունես, բայց չես կարող նոր ծրագիր քաշել առանց «հաշիւ» բացելու։

Սարքը ունես, բայց չգիտես ինչու գովազդ կայ ՕՀ֊ի մէջ։ Դէ չգիտեմ, ես Վինդոզ չունեմ, չնայած այն շշուկներին, որ խմած ժամանակ եմ օգտագործել, բայց բնաւ ճիշտ չէ դա։

Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ այսպէս պէտք է լինէր։ չգիտեմ, դեռ չեմ հասկանում։ Շատ տխուր եմ։

Տխուր եմ, քանի որ չեմ կարող ընկերներիս ասել «արի ջաբեր, թո՛ղ տելեգրամը»։ Չեմ կարող, քանի որ նորմալ յաւելուածներ չկան, որով կարող ենք չաթուել, քանի որ իրենց ՕՀ֊ն թոյլ չի տալիս։

Չգիտեմ, սա տեխնիկական խնդիր չէ, բնաւ։ Սա քաղաքական խնդիր է։ Ամէն ինչն է քաղաքական խնդիր։

Ես մտածում եմ բնութեան մասին, դա քաղաքական խնդիր է։ Դու մտածում ես երկրի ազատութեան մասին, դա քաղաքական խնդիր է։

Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ չես մտածում ազատ ԾԱ, ազատ ՕՀ օգտագործելու մասին։ Դա է՛լ է քաղաքական խնդիր, դա այն տեսակի խնդիր է, որ աւելի է ազդում քո վրայ առօրեայում քան աղբը թափելը։ Քան երկրի ազատութիւնը։

Անկախ մոլորակից եւ անկախ երկրից դու օգտագործելու ես նոյն տեխնոլոգիաները։ Չունենք այլ տարբերակ, նոյն համակարգիչներն են, նոյնն էլ մնալու են։ Կամ մտածում ես այս խնդրի մասին, կամ չես մտածում։

Այո, բարդ է, շա՛տ բարդ է լինել ազատ։ Իսկ ինձ տեւեց երկար տարիներ, որ լինեմ պլատֆորմներից ազատ։

Իսկ դո՞ւ։

Մինչ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով