Ամսական պահոցներ՝ Հունիսի 2022

Ասք Ինստագրամ Չունենալու մասին

Արդէն քանի տարի է չունեմ ինստագրամ, մի անգամ հաշիւ եմ ունեցել երբ անկախ ընկերութիւն էր, մի անգամ էլ Ֆեյսբուքի առնելուց յետոյ, ուղղակի նրա համար, որ մի քանի հոգու հետ շփուէի։

Լաւաբախտաբար այդ մարդիկ անցան մեյլի, պարզւում է՝ մարդկանց մեյլի անցկացնելը այդքան էլ բարդ չէ։

Ամէն դէպքում, որ հիմա ասում եմ չունեմ Ինստագրամ, ինձ հարցնում եմ «ինչո՞ւ» ու ես հարցը հարցով եմ պատասխանում՝ «իսկ ի՞նչ կայ ինստագրամում», որտեղ հիմնական պատասխանն է լինում «դէ նկարներ կարող ես դնել»։

Բայց ես գիտեմ, իհարկէ, որ իրականութիւնը տենց չի, որ Ինստագրամը նկարների համար չի։ Դրա գլխաւոր ապացոյցը երեք բան է։ Նախ, չկայ «ալբում»֊ի գաղափար, որը մինիմալ բանն է նկարներ կարեւորող համակարգի համար։ Երկրորդ՝ չես կարող նկարները ներբեռնել a.k.a. download անել, եւ վերջում՝ ինչքան հասկացայ, չես կարող նշել ասենք «նկարել եմ նիկոն էսինչով, օգտագործել եմ այս չափսի լենս, ISO֊ն դրել եմ այսքան»

Լաւ, հասկացանք, Ինստագրամը նկարների տեղ չի։ Բա իրականում ինչի՞ տեղ ա։

Ինչքան էլ տխուր լինի, այս երկիրն է ապրում ինստագրամում։

Օրինակ, երեկ որոշեցի գնալ Հումմուս.Կիմչի, հասա տեղ, մէկ էլ տեսնեմ, որ փակ են։ Քարտեզ(ներ)ի վրայ ստուգեցի, բոլոր տեղերում էլ նշուած էր, որ աշխատում են երկուշաբթի։

Մտածեցի, դէ լաւ, երեւի վարսաւիրների նման են, երկուշաբթի հանգստանում են։

Կօֆէին գրեցի, որ իմանար, ինքն էլ անիմաստ չգնար։ Իսկ կէս ժամ յետոյ նա ասաց, որ ինստագրամում գրել են, որ էդ օրը փակ են լինելու։

Դէ հիմա, խնդրեմ, եթէ մէկը ինստագրամ չունի, ապա ո՞նց էր իմանալու։

Այսինքն, եթէ ինստագրամ չունես, ապա չես կարող նման պարզ բաներն անգամ իմանալ։

Ասածս ինչ ա՝ մենք ենք մեղաւոր էս վիճակի համար։ Ես ուղղակի ուզում եմ, որ մի հատ դատա֊սենթր պայթի, ու մի 24 ժամով անհասանելի լինի Ինստագրամը, զուտ ուզում եմ տեսնել թէ մեր բնակչութեան ռեակցիան ինչ ա լինելու։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Ասք համայնքների ամրագրած տիրոյթների եւ իրենց չօգտագործման մասին

Արդէն կէս տարուց աւել է ինչ գոյութիւն ունի համայնքներ.հայ֊ը, հայկական եւ հայաստանեան ՏՏ համայնքների կայքը։ Բայց մինչեւ այդ դոմեյնը ունենալը որոշել էի օգտագործել համայնք.հայ տիրոյթը, սակայն երբ փորձեցի գրանցել, պարզուեց, որ զբաղուած է։

Շարունակել կարդալ

Պատասխանել մեյլով

gg֊ն, OpenStreet Maps֊ը եւ ներգաղթը

Յիշում է՞ք՝ ասում էի՝ մեր տունը չկայ քարտեզի վրայ։ դէ խօսքը իհարկէ Գուգլի մասին է։ Մարդիկ մոռանում են, որ Գուգլի “ապրանքը” այդ ծրագրերը չեն, այլ մենք ենք, իսկ յաճախորդները՝ ռեկլամ անողները:

Միւս կողմից, շատ լաւ այլընտրանքներ կան շուկայում, օրինակ՝ OpenStreetMaps֊ը:

Երբ առաջին անգամ օգտագործում էի gg, մօտս Անդրոիդ հեռախօս էր որի Օպերացիոն Համակարգը փոխել էի՝ ազատԾԱ էր՝ այսինքն. Maps֊ի համար՝ OpenStreetMaps, Ծրագիր քաշելու համար՝ F-Droid, եւ այլն: Ամէն ինչ ազատ էր Գուգլից։ Ես էի ազատ գուգլից։

Այդ ժամանակ gg֊ն մօտս ցոյց էր տալիս OSM֊ով, բայց չգիտեմ տենց էին նախատեսել, թէ իմ հեռախօսի ՕՀ֊ից էր:

Ամէն դէպքում, արդէն մէկ ամիս է gg֊ն օգտագործում է OSM, նոյնիսկ iOS֊ի վրայ:

Էս փոփոխութիւնը շատ սպասելի էր: հաշուի առնելով թէ ինչքան թանկ ա Գուգլի Քարտեզի գինը ու թէ ինչքան մարդիկ են աւելացել երկրում, աւելի ճիշտ՝ երեւանում։ Միայն մի հարց է մօտս առաջանում. միայն փո՞ղն է հարցը:

Հասկանում եմ, բիզնեսի գլխաւոր նպատակը փող աշխատելն է լաւ բան տրամադրելով, լինի դա ծրագիր, յաւելուած թէ ծառայութիւն: Բայց փորձը ցոյց է տալիս, որ բիզնեսները միշտ նոյն սխալներն են անում։

Օրինակ, (ու այս մասին խօսելու եմ միւս շաբաթ՝ բարքեմփում), մենք օգտագործում ենք հեչ չճանաչուած FreeBSD, ի տարբերութիւն շատ յայտնի Linux֊ի։ Էդ չի նշանակում աւելի վատն ա, էդ չի նշանակում աւելի «թոյլ» ա, էդ ուղղակի նշանակում ա, որ FreeBSD֊ի հիմնադրամը էդքան փող չունի, մարկետինգ անի։

OpenStreetMaps֊ը համայնքային համակարգ ա՝ բոլորն իրաւունք ունեն փոփոխութիւն անեն, լաւացնեն եւ այլն։ Ու ես մեր տունն աւելացրել եմ, ու շատ բաներ եմ աւելացրել, օրինակ՝ Մաշտոցի անցումի տակ գտնուող Ամերիաբանկի մասնաճիւղը։

Բայց ինչո՞ւ անցնել OSM֊ին միայն փողի պատճառով, ախր OSM֊ի քարտեզը միշտ էլ աւելի լաւ է աշխատել Հայաստանում, համայնքը միշտ աւելի արագ է թարմացրել ամէն ինչ, իսկ ես ամիսներ է սպասում եմ Գուգլին։

Շատ ընկերութիւններ այս սխալն անում են, գնում են յայտնի բանի հետեւից, առանց հասկանալու, թէ ինչ խնդիրներ կարայ լինի ապագայում։ Առանց հասկանալու, թէ ինչ այլընտանք կայ, առանց հասկանալու, թէ յաճախորդին ինչ է պէտք։

Մի՛ եղէք Գուգլին աճակցող, իրենք վատն են, իրենք մեզ օգտագործում են։ Եթէ փող չես տալիս, ապա պրադուկտը դու ես։

Ու խնդալու ա, որ նոյնիսկ երբ բիզնեսն ա փողը տալիս, իրենց յաճախորդներին են օգտագործում։

Յոյս ունեմ, որ Menu֊ն էլ կանցնի OSM֊ի, մնացած հայաստանեան ծրագրերն էլ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Ասք Պարսիկ Առաքիչի եւ Իսպանական Առաքման մասին

Երեկ գիշեր, ինչպէս միշտ, սոված էինք։ Արագի մէջ մտայ Գլովոյի էփը եւ Աբու Հակոբից պատուիրեցի ֆալաֆել եւ սուջուխ։

Կէս ժամ անց զանգ եմ ստանում, առաքիչն է, ասում է (անգլերէնով) «կը ներէք, ձեր դամաֆոնը երեւի չի աշխատում, ես փորձեցի ձեր նշած համարները, բայց խնդիրը տուեց»։ Ասացի իրեն, որ խնդիր չկայ, ես հիմա կիջնեմ ներքեւ։

Տեսայ, որ դիմացի շէնքի մօտ է կանգնած։ Մօտեցաւ ինձ, տուեց առաքանին եւ զրուցեցի իր հետ, անգլերէնով.

— Հայերէն խօսո՞ւմ ես
— Միքիչ, բայց անգլերէն եմ նախընտրում
— Որտեղի՞ց ես
— Պարսկաստանից
— Ահ, յաճելի է եղբայր։ Դու ճիշտ հասցէով ես գնացել, ուղղակի մեր շէնքը Ա֊ով է վերջացնում, որը չկայ քարտեզի վրայ։
— Ոչինչ։ Ձեր համարը նշած էր։

Հիմա, մարդը իր գործը ճիշտ է անում՝ զանգել միայն այն ժամանակ երբ խնդիր է լինում։ Սակայն եթէ «տեղացի» առաքիչ լինէր, ապա անկախ ամէն ինչից զանգում են, այս երկրում ամէն ինչ զանգելով ա, միշտ։

Իսկ Գլովոն ենք սկսել օգտագործել որովհետեւ, դէ, Menu.am֊ի էփը տեսե՞լ էք, կամ կայքը, լաւը չի, բնաւ։ Շատ ուրախ եմ, որ նորմալ մրցակցութիւն կայ։

Իսկ քարտեզի պահով, դէ, արդէն քանի ամիս է Գուգլին ուղարկել եմ, որ այստեղ սենց շէնք կայ, բայց բանի տեղ չեն դնում։ Միւս կողմից՝ OpenStreetMaps֊ում ամէն ինչ աւելի ճիշտ է Հայաստանում։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով