Օրական պահոցներ՝ 4 Նոյեմբերի, 2022

Ասք անցանց երգերի մասին

Մի անգամ նորայրը պատմել էր հետեւեալ դէպքի մասին (փորձեմ ցիտել)

Ընկերներիցս մէկը մի տաս տարի առաջ գրել էր Ֆեյսբուքում, որ հաւէս երգերի ցուցակ է ուզում։ Ես էլ բռնեցի ու իմ սիրած երգերի մի քանիսը հաւաքեցի Zip արխիւի մէջ եւ մեյլեցի իրան։
Մի քանի օր յետոյ մտնում եմ ֆեյսբուք, եւ տեսնում եմ, որ մնացածը ուղղակի իր գրառման տակ դրել են YouTube֊ի յղումներ։

նորայր, երեւի մի տաս տարի առաջ, երեւի ինձ պատմել ա մի հինգ֊վեց տարի առաջ

Ծանօթ դէպք ա, չէ՞։ Բոլորս տեսել ենք երթուղայինում նստած այն աղջիկը, ով YouTube֊ի յաւելուածը միացրած երգ ա լսում ականջակալներով։ Իհարկէ, տեսնում ենք, որ YouTube֊ն ա, քանի որ YouTube֊ը չի թողնում էկրանը «անջատելով» կամ նոյնիսկ ուրիշ ծրագիր բացելով նայել/լսել իր բովանդակութիւնը։

Հիմա ժամանակները միքիչ փոխուել են, մարդիկ արդէն օգտագործում եմ Music Stream֊ի յաւելուածներ։ Spotify (որը, ի դէպ, ամենավատն ա, եւ ձայնային որակի առումով, եւ բովանդակութեամբ, եւ շատ բաներով), Deezer, Apple Music, Yandex Music ու էլ չգիտեմ ինչ։

Հիմա ինչ֊որ մէկը մտածում ա «ահ, էլի Անդրանիկը սկսեց անկապ բողոքել ժամանակակից աշխարհից»։ Բայց դէ սխալ չի ասում։

Այսօր մտել էի Shazam, որպէսզի նայեմ, եթէ ինչ֊որ մի երգ կայ, որը գտել եմ բայց դեռ չեմ առել։ Այո, դէ ես երգերը առնում եմ iTunes Store֊ից։ Ամէն երգը՝ 99 ցենտ, իսկ ալբոմը՝ 9 դոլար 99 ցենտ, հիմնականում։

Մէկ էլ տեսայ, որ իմ գտած երգերից մէկին չի ասում «Open in Deezer»։ Դէ կարողանում ես Shazam֊ով գտած երգերը լսել նաեւ Deezer֊ով։

Մտնում եմ Deezer, որոնում եմ այդ երգը, տեսնում եմ կայ, ուղղակի մգացրած ա։ Ահ, իհարկէ, կրկին ինչ֊որ մի երգ Հայաստանում հասանելի չի։

Ու յիշեցի, երբ նորայրը պատմել էր այդ դէպքի մասին, ես գնացել էի մեր այդ ընդհանուր ընկերոջ ֆեյսբուքի էջը, տեսել էի այդ գրառումը, ու փորձել էի լսել իր ընկերների տեղադրած YouTube֊ի յղումները։

Surprise, surprise, երգերը հասանելի չեն, կամ ալիքն ա վերացել, կամ երգը ջնջուել ա հեղինակային իրաւունքների պատճառով, կամ էլ ուղղակի հեղինակը երգն ա ջնջել։

Իսկ եթէ ինքը մտնի իր նամակների մէջ ու բացի նորայրի ուղարկած Zip արխիւը, ապա կարողանալու է այդ MP3 երգերը լսել։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով