Կարգերով պահոցներ՝ Մտքեր

Ասք թուային ազատութեան բարդութեան մասին

Գնալով աւելի եւ աւելի է բարդանում լինել ազատ թուային աշխարհում։

Հա, իհարկէ, ազատ ԾԱ֊ն ուտում է ամէն ինչ։ Ունե՞ս հեռախօս՝ կամ Լինուքսով է աշխատում կամ էլ BSD֊ով, իհարկէ։ Բայց դրանից այն կողմ այնքան են աւելացնում սահմանափակումները, որ անհնար է լինում ազատ համարել այդ սարքերը։

Սարքը ունես, բայց չես կարող ունենալ նորմալ կապ համացանցի հետ, ու բարդ է լինում ունենալ նորմալ Ջաբեր կլիենտ։

Սարքը ունես, բայց չես կարող նոր ծրագիր քաշել առանց «հաշիւ» բացելու։

Սարքը ունես, բայց չգիտես ինչու գովազդ կայ ՕՀ֊ի մէջ։ Դէ չգիտեմ, ես Վինդոզ չունեմ, չնայած այն շշուկներին, որ խմած ժամանակ եմ օգտագործել, բայց բնաւ ճիշտ չէ դա։

Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ այսպէս պէտք է լինէր։ չգիտեմ, դեռ չեմ հասկանում։ Շատ տխուր եմ։

Տխուր եմ, քանի որ չեմ կարող ընկերներիս ասել «արի ջաբեր, թո՛ղ տելեգրամը»։ Չեմ կարող, քանի որ նորմալ յաւելուածներ չկան, որով կարող ենք չաթուել, քանի որ իրենց ՕՀ֊ն թոյլ չի տալիս։

Չգիտեմ, սա տեխնիկական խնդիր չէ, բնաւ։ Սա քաղաքական խնդիր է։ Ամէն ինչն է քաղաքական խնդիր։

Ես մտածում եմ բնութեան մասին, դա քաղաքական խնդիր է։ Դու մտածում ես երկրի ազատութեան մասին, դա քաղաքական խնդիր է։

Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ չես մտածում ազատ ԾԱ, ազատ ՕՀ օգտագործելու մասին։ Դա է՛լ է քաղաքական խնդիր, դա այն տեսակի խնդիր է, որ աւելի է ազդում քո վրայ առօրեայում քան աղբը թափելը։ Քան երկրի ազատութիւնը։

Անկախ մոլորակից եւ անկախ երկրից դու օգտագործելու ես նոյն տեխնոլոգիաները։ Չունենք այլ տարբերակ, նոյն համակարգիչներն են, նոյնն էլ մնալու են։ Կամ մտածում ես այս խնդրի մասին, կամ չես մտածում։

Այո, բարդ է, շա՛տ բարդ է լինել ազատ։ Իսկ ինձ տեւեց երկար տարիներ, որ լինեմ պլատֆորմներից ազատ։

Իսկ դո՞ւ։

Մինչ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Մտքեր մտքերի մասին

Բարեւ մտքեր, ես քեզ կարօտել էի, շատ երկար ժամանակ է ինչ քեզ չեմ տեսել, լսել, զգացել։

Գիտեմ, դու չես գալիս երբ ես զբաղուած եմ լինում, գալիս ես երբ բաղնիքում լողանում եմ կամ երբ մարդկանց հետ՝ շփւում։ Ամէն անգամ երբ քննարկումներ են սկսում, գալիս ես իմ գլխի մէջ եւ նոր բաներ ասում։ Գուցէ շա՞տ ես նեղուած որ առօրեայում քեզ հետ էլ չեմ շփւում։

Արի հասկանանք մեր յարաբերութեան պատմութիւնը, հա՞։

Ես եւ դու ընկերութիւն ենք անում այն ժամանակից երբ ես կարողացայ իմ առաջին նախադասութիւնը ձեւաւորել։ Բաւարար պայմանը քո ներկայութեան՝ նախադասութիւն կազմելը։ Շատ բարդ յարաբերութեան ժամանակ կարիք է լինում որ կազմեմ մէկից աւել նախադասութիւն։ Բայց դու միշտ կաս, ինձ օգնում ես։

Հասկանում եմ, ինչպէս ընկերներս են բողոքում, այդպէս էլ դու. վերջին շաբաթներին չեմ շփւում։ Խնդրում եմ դու էլ հասկացիր, խա՛ռն եմ։ Բայց քո կարիքն ունեմ այս ժամանակներին աւելի քան դու պատկերացնում ես։

Սակայն դու չես սիրում կարճ շփում։ Ինձ մէկ֊երկու, տաս կամ քսան րոպէո՞վ են պէտք մտքեր՝ դու չկաս։ Դու սիրում ես ինձ հետ երկար խօսակցութիւններ, սիրում ես/ենք արտայայտել մտքեր որոնք կը ծնեն նոր մտքեր։ Սիրում ենք մտքեր որոնք մեկնաբանում են այլ, այլոց եւ ալիւր֊ոտ մտքեր։

Ես եմ մեղաւոր իհարկէ, որ դու հեռացել ես ինձանից։ Ներիր ինձ։ ամէն տեսակի անկապ «մահանայ»֊ներն եմ միշտ գտնում։ օհ մատեանս պէտք է մաքրեմ, նոր գրեմ։ օհ թուղթ ու գրիչ է պէտք որ քեզ հաւաքեմ, նոր շփուեմ։

Բայց դու էլ շատ լաւ գիտես, որ ինքս ինձ եմ խաբում։

Ես հիմա, ուղղակի, սկսել եմ վախենալ իմ մտքերից։ Փոխւում եմ, Սասունցի Դաւիթի նման շատ արագ։ Չեմ հասցնում ինքս ինձ հասկանալ։ Իսկ դու՝ հիմնականում ճիշտ, միշտ հասուն, ինձանից խելացի, գուցէ մէկ խօսակցութեան ժամանակ քեզ պահես ստաբիլ, իսկ ես՝ փոխուեմ ընթացքում։

Այո, վախենում եմ փոփոխութիւններից, այդ պատճառով էլ ամիսներ է մուկը տեղից չեմ շարժել, չնայած՝ չեմ օգտագործում։

Խոստանում եմ քեզ, որ կաշխատեմ իմ փոփոխութեան վախի վրայ, շատ արագ (դէ հիմա էլ այսպէս է ստացւում) եւ կը խօսեմ քեզ հետ։ Եւ մենք կը գրենք ժամերով։

Մինչ ապագայ հանդիպումներ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Ասք յաջողուած օրագրի եւ ձախողուած վեբրուարի մասին

Վեբը ինձ համար շատ կարեւոր է։ ուղղում՝ ազատ համացանցը ինձ համար շատ կարեւոր է։ Ես համացանցից շատ տարօրինակ ձեւ եմ սկսել օգտուել։ Մի քիչ պատմեմ։

Երկուհազարակնների կէսերին մենք տանը հերիք չէ ունեցանք համակարգիչ, այլ նաեւ համացանցի կապ Dial-Up֊ով։ սիրուն ձայներ էր հանում մոդեմը ցանցին միանալուց։

Մեր առաջին օպերատորն էր Սիրիայի երկու օպերատորներից մէկը՝ SCS-Net֊ը, որը փաստօրէն մինչեւ այսօր աշխատում է։ Իրենք ամէն օգտագործողի տալիս էին PPP հաշիւ, որը պէտք է գրէիր քո Dial-up֊ի կարգաւորումների մէջ։

Այդ նոյն հաշուով նաեւ ստանում էիր FTP թղթապանակ, IRC անուն եւ մեյլ հասցէ։ ենթադրում եմ, որ PAM֊անման մի բան էին արել։

Այդպիսով ես մտնում էի IRC, դեռ չիմանալով ինչ է IRC֊ն, եւ չաթւում էի անգլիախօս սենեակներում։ կային նաեւ խաղացողների (գեյմըրների) սենեակներ, որ պայմանաւորում էինք ու յետոյ միասին խաղում էինք առցանց խաղեր։

Շատ ոչ֊տարօրինակաբար կային նաեւ համակարգչային մասնագէտների սենեակներ, հիմնականում համալսարանականներ էին եւ խօսում էին ծրագրաւորման լեզուներից։ ես արդէն պասկալ գիտէի, իրենք համալսարանում Ջաւա էին անում, մի մասն էլ C++, մի մասն էլ այլ բաներ։ Այդ ժամանակ միայն C֊ի եւ Ջաւա անունների հետ էի ծանօթ։

Այսինքն, ի սկզբանէ ես օգտագործում էի ազատ համացանց, քանի որ ուղարկում/ստանում էի մեյլ հայրիկի անունով, խօսում էի սենեակներում եւ ափլոդում էի անկապ նկարներ այդ 100Mb պահոցի մէջ։

Մէկ֊երկու տարի անց, ես եւ իմ դասարանցի Օվսաննան միասին խօսում էինք Jonas Brothers֊ի նոր ալբումի մասին՝ A Little Bit Longer, որը յայտարարել էին MySpace֊ում (իսկ դու յիշո՞ւմ ես ինչ է ՄայՍփեյսը), ու նա ինձ ասած, որ գրանցուել է ՄայՍփեյսում եւ տեսել է եղբայրների մեյլը։

Մեյլը նայեցի, գրած էր forjonasfans@gmail.com (կամ նման մի բան)։ Մտայ gmail.com եւ տեսայ որ ասում ա «դէ բա գրանցուի, ու մեյլ ուղարկի» ես էլ գրանցուեցի, որ իրենց մեյլ ուղարկեմ։

Յաջորդ օրը գնում եմ եւ պատմում Օվսաննային, որ նամակը ուղարկել եմ, ու նա ինձ ասած ո՞նց, ՋիՄեյլում գրանցուեցի՞ր։ ասեցի՝ հա, տարօրինակ ա, դէ ես scs-net.sy֊ի հաշիւ ունէի, բայց երեւի իրենք ուզում էին գրանցուեմ։

եւ ծուղակն ընկայ։ շատ տարօրինակ էր ինձ համար։ ու սկսեցի կարդալ իմեյլի մասին, ու հասկացայ ինչ է SMTP֊ն։ ու հասկացայ որ կարող էի չգրանցուել այլ մի անգամից իմ մեյլից ուղարկել։

Այդ օրուայ միակ լաւ բանն էին էր, որ մինչեւ այսօր ունեմ այ Google֊ի հաշիւը, իմ միակ գուգլի հաշիւն է, որը պատմական մնացել է։ ինչեւէ։

Ժամանակի ընթացքում սկսում ես սովորել ազատ տեխնոլոգիաների եւ ազատ համակարգերի մասին, բայց արի ու տես, որ այդ մեծ կորպորացիաները հերիք չէ փող են աշխատում բաց տեխնոլոգիաներով (ապրէք, լաւ էք անում, բան չունեմ ասելու) մի հատ էլ լաւ մոնոպոլիայ բռնելուց յետոյ ուզում են սպանել տարբեր տեխնոլոգիաներ։ ինչպէս Գուգլն է փորձում սպանել մեյլը, վեբը, RSS֊ը, Էփլն է փորձում սպանել PodCast RSS֊ը եւ մտածում փակելու մասին, եւ այլն։

Հետ գանք մեր բուն թեմային։

Յունուարի վերջերն էր, շատ կարեւոր բան էի որոշել, աւաղ՝ շատ սխալ ժամանակ։ Ցանկանում էի կատարել մի շարժում, որին ուզում էի կոչել #վեբրուար։ նոյն ինքը՝ վեբի փետրուար։ Webruary, Web February։

Այդ ամէնի նպատակն էր մարդկանց տանել աւելի ազատ համակարգ, որ մարդիկ վեբում գրեն։ ոչ թէ Medium֊ում, ոչ թէ Telegram Channel֊ներում, ոչ թէ ֆեյբուքներում։ այլ հենց համացանցում։

Մէկ օր՝ մէկ գրառում։ այդքան բան։

Իհարկէ, ամէն անգամ երբ նման ձայն եմ բարձրացնում, մի խումբ մարդիկ են գալիս եւ ինձ ասում «բա լաւ ալտերնատիւ առաջարկի՝ միանանք»։ Այս անգամ որոշեցի ալտերնատիւ առաջարկեմ։

Ինձ պէտք էր մի համակարգ, որը մարդկանց թոյլ կը տայ գրանցուել, գրել, հրապարակել։ Ու դրա համար ես գտայ մի ծրագրային ապահովում որը կոչւում է WriteFreely։

Շատ արագ վերցուցի Օրագիր.հայ դոմեյնը եւ այդ ծրագրային ապահովում տեղակայեցի իմ Jail֊երից մէկում՝ Պինգուինաշէնի վրայ։

Եւ այսպիսով մենք ունենք Օրագիրը` օրագիր.հայ հասցէում, որի մասին թեթեւ խօսել ենք նաեւ ցանցառների ռադիօ֊ի համար #31 S02E02֊ի ժամանակ։

Կեանքը սակայն այնպէս ստացուեց, որ գործի տեղում ամէն ինչ արագ էր շարժւում իսկ ես չէի հասցնում, այդ պատճառով ես չկարողացայ ամէն օր մէկ գրառում անել։

Բայց ոչինչ, մենք այսօր ունենք Օրագիրը, որտեղ այս պահին կան 27 օգտագործողներ, 28 հատ բլոգ եւ 169 հատ գրառում։

Շատ շնորհակալութիւն գրանցուողներին եւ գրողներին։

Իսկ ինչ վերաբերւում է ազատ տեխնոլոգիաներին՝ Օրագիրը ունի RSS հոսք որը տրամադրում է ամէն բլոգի, ու նաեւ մէկ հատ RSS հոսք ամբողջ սերւէրի բոլոր բլոգների հանրային գրառումները կարդալու համար։

Կարօտել եմ քեզ, խօսք եմ տալիս աւելի շատ եւ աւելի շուտ գրել։

Մինչ նոր բլոգում։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

ասք երգերի հոսքերի մասին

Իրականում կուզէի այս մասին չխօսել, քանի որ էդքան էլ գլուխ չեմ հանում, բայց արի ու տես որ քեզ հետ պէտք է կիսուեմ այդ մասին։ Սիրտս տենց ա վկայում։

Էս վերջին քանի տարին ահագին յայտնի է դարձել երգերի հոսքերը(՞՞՞), նոյն ինքը Music Streaming֊ները։ Արդէն քանի տարի է օգտւում եմ Deezer֊ից։ ինձ դուր է գալիս որ մի քանի պատճառով։ Նախ՝ ի տարբերութիւն Spotify֊ի, իրենք չունենք երկրի սահմանափակում։ Հայաստանում բոլոր Spotify֊ի օգտատերերը ստիպուած են ամիսը մէկ մտնել VPN֊ով, որ կարողանան շարունակել օգտագործել։

Deezer֊ը նաեւ դուրս է գալիս, քանի որ իրենց զննարկիչով ծրագիրը շատ լաւ է աշխատում նաեւ ոչ֊մեյնսթրիմ ՕՀ֊ների վրայ։ Ես հենց հիմա լսում եմ իմ FreeBSD֊ով մեքենայի վրայ։

Բայց էդ չի հարցը։ Ոչ էլ այդ մասին է այս գրառումը։

Այս գրառումը աւելի շատ DRM-ից ազատ երգերի եւ երգերի գրադարանների մասին է։ You know, էն որ ուղղակի մօտդ քաշում ես երգը, ու վերջ։ Երգը քոնն է։

Այս մասին սկսեցի շատ մտածել վերջերս, քանի որ մի օր մտայ Deezer, որ տեսնեմ որ Pink Floyd֊ի երգերից մէկը էլ հասանելի չի, թէ բա This track is not available in your region.

Շատ չպրպտեցի, զուտ սպասարկումից իմացայ, որ Label֊ի հետ իրաւական հարցեր կան, ու դէ շուտով էդ իմ սիրած ալբումը հասանելի կը լինի։

Ահա, իհարկէ վատ է, որ տենց եղաւ։ Ես կարող էի ուղղակի գումար տալ ու էդ ալբումը մօտս քաշել, մանաւանդ որ էս դարում շատ էժան է պահեստը։

Միւս կողմից շատ եմ սիրում երգերի հոսքերը, քանի որ թոյլ են տալիս ծանօթանալ նոր արուեստագէտների եւ իրենց գործերի հետ։

Երեւի իդէալական դէպքը կը լինի այն, որ Դիզըրով գտնեմ հաւէս բաներ, բայց նաեւ իմ մօտ քաշեմ լոկալ, բարձր որակով լսեմ։

Բա դո՞ւ, ի՞նչ ես օգտագործում։ Եթէ այլ առաջարկներ ունես՝ ասա ինձ։

ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Անքուն գիշեր, անցած տարի

Բարի լոյս։

Կամ բարի ուշ գիշեր, եթէ իմ նման չես քնել։ Աւաղ, նման օրեր լինում են, երբ չենք կարողանում քնել եւ մտքերով ենք լինում։

Ես երբ անքուն եմ լինում սկսում եմ գրել։ Գրում եմ չաթով ինչ֊որ մէկին, կամ էլ մտնում եմ IRC ալիքներում եմ տուսւում (նորայրի ասած)։

Բայց այսօր որոշեցի գրել, այսօր որոշեցի խօսել քեզ հետ, վաղուց միասին չէինք խօսել։

Անցած տարին ահագին բարդ էր։ Սկզբում լաւ էր, մեզ թւում էր, որ COVID֊ը մեր վրայ այդքան էլ չի ազդելու։ Բայց մի քանի ամիս անցաւ եւ շատ բան սկսեց վատանալ։ Իհարկէ, վատ ժամանակ միշտ յայտնւում են լաւ ընկերները եւ փրկում են մեզ։ Ինձ էլ յայտնուեց մի հին, շատ լաւ ու բարի ընկեր։ Փրկեց։

Հիմա վատ չեմ, բնաւ, բայց արի մի քիչ էլ անցեալից խօսենք։

Անցած տարին հետաքրքիր էր, շատ բաներ սովորեցինք մենք մեր մասին։ Սովորեցինք ինչպէս շփուել առանց շփուելու, սովորեցինք լսել առանց խօսելու։ Դէ մի տեսակ ստիպուած, դժուար է վիդէո֊զանգի ժամանակ մի քանի հոգով խօսալ։ Սովորեցինք մեր բառերը ճիշտ օգտագործել խօսելու ժամանակ, քանի որ կամ Զումի 40 րոպէն էր աւարտուելու, կամ էլ ուզում էինք արագ խօսել ու անցնել իրական գործ անելու։ Ոչ միշտ, բայց դէ հիմնականում։

Հետաքրքիրն այն է, որ այդ բաները մեզ պէտք է արդէն սովորեցրած լինէին, չէ՞։ Դէ երեւի հասուն մարդ՝ adult լինելու կարիքներից մէկն է ոչ թէ միայն իմանալ այդ մասին, այլ նաեւ կիրառել։

Կարող ենք տարին համարել բաւարար սովորելու համար։

Աւաղ, մեզ այդպէս թուաց։ Քեզ էլ, չէ՞։ Մի անգամից պատերազմ, կռիւ, մահ, կորուստ։ Սպասում ես զանգի այն ընկերոջից, ում կարող է ժամանակին ժամերով անտեսէիր, քանի֊որ հիմա մտահոգ ես՝ հո բան չի՞ եղել։

Սպասում ես զանգի նոյնիսկ այն մարդկանցից, ովքեր գիտես ապահով են, քանի որ այսօր կայ, վաղը՝ չգիտես։ Եւ միշտ ուզում ես չիմացած ժամանակդ անցկացնել բոլորի հետ։

Վուդի Ալլէնի Café Society կինոի մէջ մի հաւէս պահ կար, ասում ա «Live every day like it could be your last and someday you’ll be right»։

Իրականում ահաւոր սկսել եմ գնահատել բոլոր օրերը։

Շատ անգամներ չեմ ասում, բայց նաեւ գնահատում եմ քեզ։ Գիտեմ, որ մէկ֊մէկ չես կարդում, մէկ֊մէկ մոռանում ես, որ ես գրում եմ։ Մոռացել ես RSS օգտագործել, կամ ինձ չես հետեւում, յղումը տեսնում ես, չես սեղմում։ Բայց ոչինչ, գիտեմ՝ մի օր կը կարդաս։ Շնորհակալ եմ, որ կարդում ես։

Ներկան՝ լաւ է։ Ոչ այդքան լաւ ինչքան կուզէի, բայց արի ու տես, որ այդ հին «խասեաթս» չեմ թողել՝ aiming higher, dreaming bigger։ Մինչ շատերը կասեն, որ իրականում երազկոտ եմ, ես կասէի՝ նպատակ֊ոտ եմ։

Ներկայի մասին խօսելը, ըստ իս, հիմնականում անիմաստ է։ Ներկայում պէտք է գործել։ Կարելի է, սակայն, խօսել ապագայի մասին, խօսել՝ ապագայի մասին, ներկայում՝ գործել։

Ոչ֊շատ֊ուշ մի քանի ծրագրի մասին կը հրապարակեմ, կամ ոնց ասում են՝ անօնս կանեմ։ Կիսուեմ քեզ հետ էլ։

Դէ գիտես, իմ առաջին կայքը պինգուինաշէն.ամ֊ն էր, ի շնորհիւ նորայրի եւ իմանդէսի, որտեղ իմ բլոգն էր, որտեղ մենք միասին ծանօթացանք։ Իրական նպատակն էր այնտեղ ունենալ համայնք, շատ հաւէս համայնք։ ֆորումի նման, հա ուզում էի HackerNews֊ի նման տեղ ունենալ, որտեղ մարդիկ հաւէս բաներ կը դնեն ու միասին կը քննարկենք այն։

Ահա եւ այն, կոչւում է Խօսենք, դէ քանի որ ուզում եմ միասին խօսենք։

Շատ մարդ չկայ, բայց երեւի կը շատանայ, մարդիկ կը գան, մենք էլ միասին կը խօսենք։ Խոստանում եմ կարգին հետեւել այն, լինել օրինապահ վարչապետ։

Այլ պլաննե՞ր։ հա, հա, կան։ Ընկերութիւնում ահագին բան առաջ է գնում, բայց դէ գիտես, ինքս ինձ հետ NDA ունեմ, այս պահին չեմ կարող պատմել։ Բայց երբ պատրաստ լինի ամէն ինչ, քեզ կասեմ։

Բա դո՞ւ, ո՞նց ես։ Գրիր ինձ, անպայման։ Ես քեզնից միշտ մեյլ եմ սպասում, մէկ մէկ գրում ես, մէկ մէկ՝ մոռանում։ Ոչինչ, գիտեմ, խառն ես։

Այլ բանե՞ր։ դէ, ասում են նիհարել եմ։ Ահագին կարողանում եմ ծոմապահել, շատ դէպքերում օրերով, ու մարզանք եմ անում։ Մի օր միասին գնանք վազելու, թայ֊չի անելու։

Մայրիկս բարեւներ ունի։

Քեզ անպայման լաւ կը նայես, ու դէ գիտես, բան պէտք լինի՝ հօս եմ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Ասք սրճարաններում մարդկանց հետ ծանօթանալու մասին

Իմ ամէն առաւօտը սկսում է կօֆէ խմելուց։ Կօֆէն ինձ համար շատ կարեւոր է, առանց կօֆէ օրը չի կարելի սկսել։

Շատ դէպքերում իմ օրը սկսում է ուրիշի հետ կօֆէ խմելուց, դրանք լինում են անձնական, գործնական եւ նոյնիսկ պետական հանդիպումներ։ Անպայման գնում ենք ինչ֊որ մի սրճարան՝ սրճելու։

Սրճարաններ շատ եմ սիրում, ու հիմնականում մի սրճարանից շատ եմ օգտւում, այնքան շատ, որ նոյնիսկ աշխատողներն են ինձ ճանաչում։ Օրինակ երբ մտնում եմ Դը Իտալեան, աշխատողները անպայման գալիս բարեւում են, խոհարարներին անձամբ շնորհակալութիւն եմ յայտնում։ Երբ նստում եմ, Էռնեստը կամ Սարոն մօտիկանում եւ ասում են «Լատէ՞, Մաքիատո՞» քանզի միշտ լատէ մաքիատո եմ խմում։

Սրճարանները նաեւ շատ եմ սիրում այն պատճառով, որ կարող եմ նոր մարդկանց հետ ծանօթանալ։

Այսօր գործնական հանդիպման սուրճով սկսաւ օրը։ Դուրս գալուց նկատեցի, որ մի երիտասարդ կողքի սեղանում նստած կոդագործում է։ Սկզբում ինձ թուաց, որ vim էր օգտագործում, շատ լաւ չէի տեսնում, դէ ակնոցս ջարդուել էր, բայց մի քիչ մօտիկացայ եւ ինձ թուաց որ IRC է մտել։ Պարզուեց, որ VS Code֊ով կոդ էր գրում։

Հիմա էստեղ կասէք «է հա, էնքան մարդ ա տենց», բայց ես կասեմ «այո, եւ բոլորի հետ ուզում եմ ծանօթանալ»։

Մօտիկացայ երիտասարդին, չհասկացայ, հայ էր թէ չէ, բայց ամէն դէպքում ասեցի՝ անգլերէնով «Օհ, փայթն էք գրում, ինչ հաւէս», ասաց՝ «այո այո, համեցիր, նստիր»։

Եւ ես նստեցի, ես մի ժամ զրուցեցինք։ Պարզուեց անունը Սամուէլ է, եւ ինքը դոկտորական աշխատանք է տանում Մաստրիխտի համալսարանում, որը վերաբերւում է Fuzzy Cognitive Map֊երին։ ահագին խօսեցինք ոլորտի վիճակի մասին, հայաստանի եւ նիդեռլանդների տարբերութեան մասին։ է֊մեյլներով փոխանակուեցինք եւ յոյս ունեմ մինչեւ իր գնալը կրկին կը տեսնեմ։

Ահա։ Եթէ մարդ էք տեսնում սրճարանում ապա անպայման մօտիկացէք, գուցէ նոր ծանօթ, բարեկամ, ընկեր, խնամի ձեռք բերէք։

ասանկ բաներ։

Պատասխանել մեյլով

Ասք թերթերի մասին

Այսօր ահագին բլբլացել եմ թութում եւ թվիթերում ժամանակակից մամուլի բումի եւ թերթերի մասին։ Ուզում եմ նոյնը նաեւ գրել այստեղ, Հայերէնով։

Այս ինֆորմացիայի դարի ժամանակ ահագին բարդ է պահպանել առողջութիւնը լուրերը կարդալու ժամանակ, շատ բարդ է իմանալ թէ ինչ է կատարւում երկրի մը մէջ, երբ ամէն մի յօդուած ներկայացնում է տուեալների բիթեր առանց ոչ մի տեղեկատուութեան։

Հենց այդ պատճառով մի քանի ամիս առաջ որոշեցի կարդալ թերթեր։ այո, թղթով տպած թերթեր։

Երեք գլխաւոր բաներ են կատարւում երբ կարդում ես թերթ։

Առաջին. Տուեալները սկսում են իրար հետ կապ ունենալ։ Այսօր կարդում ես շատ փոքր նորութիւն, մէկ շաբաթ յետոյ կարդում ես այդ լուրի զարգացումները։ TL;DR՝ չես կորում։

Երկրոդ. Մարդկանց տալիս է հարթակ, որտեղ կարող են արտայայտել իրենց մտքերը եւ տեսակէտը ինչ որ հարցի շուրջ, դա լինի քաղաքական, արուեսի, մշակոյթի կամ իրենց յուզող խնդրի մասին։

Երրորդ. Մարդիկ, մանաւանդ ջահելները, սկսում են շատ տարօրինակ նայել։ Երբ նստում եմ սրճարանում եւ պայուսակիցս հանում եմ թերթը, ինձ նայում մտածելով «էս թե՞րթ ա կարդում։ բայց ինքը պապի չի։ ախր Այֆոն ու ՄակԲուք ունի։ ինչի՞»։

TL;DR: Թերթերը շատ լաւն են, առցանց տուեալների բումը չի նշանակում որ թերթերը վերացել են, ոչ էլ պէտք է նշանակի այն։

Գնի՛ր Թերթ մը, Փրկի՛ր Լրագրութիւնը։

Պատասխանել մեյլով

Ասք կրկին բլոգելու մասին

Մի քիչ ուզում եմ խօսել եւ անկեղծանալ։

Արդէն մի տարուց աւել է նորմալ չեմ գրառել։ խառն էի, շատ խառն էի։ Կը ներես եթէ երկար ժամանակ է չեմ գրել այստեղ։ ես չեմ մոռացել քո մասին, սիրելի՛ս։

Պատմեմ մի քիչ, թէ ինչեր եմ արել, ինչեր են եղել։ հա՞։

Նախ, մի քանի տեղ դասաւանդել եմ, վատ չէր, ասեմ աւելին՝ ահագին սովորեցի երբ դաս էի տալիս։ որ կարողանաս շատ լաւ բացատրել ուրիշին, պէտք է նախ շատ լաւ հասկանաս։ արդիւնքում տեսական գիտելիքներս սարսափելի լաւացան։

Մի ֆեյլ փորձ ունեցայ ստարտափ վարելու։ Ինձ թւում էր թէ ֆեյլը ես էի, բայց դէ ես տեխնիկական ղեկավարն էի, արի ու տես, որ բիզնեսը շուռ գնաց։ ես նոյնիսկ ամէն բան անում էի, որ տեխնիկապէս կարողանայի բիզնեսին արագ բրդել առաջ։

Ինչեւէ։ անցած բաներ են ։Ճ եկուր ներկայից ու ապագայից խօսենք։ հա՞

Հիմա կեանքումս երկու գլխաւոր բան է կատարւում։

Առաջին. վերջապէս, հիմնեցի իմ սեփական ստարտ-ափը։ անունը՝ illuria security։ արտադրանքը՝ հաքերների թակարդների աւտոմատացման համակարգ։

Երկրորդ. Ուզում եմ գրառել այստեղ, ու շատ, ու միշտ կիսուեմ հետդ։ գիտեմ, հեռուացել ենք, բայց իրար մասին չենք մոռացել, վստահ եմ։

Մինչ յաջորդ հանդիպում։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով