Կարգերով պահոցներ՝ Համացանց

Նոր ֆիշինգ՝ list.am֊ի միջոցով եւ HayPost֊ի անունով

Մի շաբաթ առաջ տեղափոխուեցինք նոր տուն։ Նոր տանը կար մի անկողին որը մեզ պէտք չէր եւ տան տէրը խնդրեց, որ վաճառեմ այն list.am֊ով, գումարն էլ կը ծախսենք տան կարիքների վրայ՝ մի հատ պահարան էստեղ, մի հատ վարագոյր էնտեղ, եւ այլն

Երեկ գիշերը թարմացրի յայտարարութիւնը, դրեցի ուրիշ հեռախօսահամար, եւ այլն։ ամէն ինչ շատ լաւ էր։

Այսօր առաւօտ ստացայ նամակ, WhatsApp֊ով (թէ ասա անդրանիկ ջան, jabber.am֊ի ադմինն ես, WhatsApp֊ը ինչ ես անում) որտեղ մի աղջիկ, Zara անունով, ասում էր թէ բա հետաքրքրուած ա իմ յայտարարութեամբ։

Առաջին «տարօրինակ» բանն այն էր, որ +373 համար ունէր, որը մոլդովական համար ա։ ասեցի դէ երեւի մոլդովահայ ա, էդ հեչ։

Ամէն ինչ լաւ էր, մինչեւ ուղարկեց մի յղում, որտեղ իբր թէ պէտք է քարտի համար տեղադրեմ, որ վճարումը փոխանցուի ինձ։

Դա տեսնելուց պատմեցի Լիլիթին, ով որոշեց թէ բա պէտք ա զանգի իրան, քանի որ ինքը ատում ա սկամերներին։

Ահա թէ ինչ ա բերում էդ կայքը՝

Ու ահա ինչ ա լինում, երբ սեղմում ես «ստացեք միջոցներ» կոճակի վրայ՝

Լիլիթը, կրկին ջղայնացած, որոշեց ղժժալ իրենց վրայ՝

Ամէն դէպքում, արդէն տեղեկացրել եմ ե՛ւ դոմեյն գրանցողին ե՛ւ Cloudflare֊ին։

Զգոյշ եղէ՛ք։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Ասք QR֊ների եւ թուային մենիւների մասին

Փաստօրէն արդէն Հայաստան է հասել թուային մենիւները։ Ես մի տեսակ զարմացած եմ եւ իրականում տխուր։ Գիտեմ, բոլորին անսպասելի է, որ նման բան կարող է ասեմ։

Բացատրեմ.

Մտել ենք Կօֆէի սիրած վայրերից մէկը՝ Future Diner, որը Երեւանի լաւագոյն վեգան ճաշարաններից մէկն է։ Չնայած նրան, որ միշտ պատուիրում ենք իրենց մօտից ուտելիքներ, երբէք ֆիզիկապէս չէինք եղել։

Մտնելուց անմիջապէս յետոյ երիտասարդ աշխատակիցն ասաց «մենիւի համար կարող էք սկանաւորել այս QR֊ները, ունենք հայերէն, անգլերէն եւ ռուսերէն մենիւներ»։
IMG 6687

Իհարկէ, իմ համար սա բնաւ խնդիր չէր, քանզի հեռախօսս հետս էր։ Նկարեցի, ինչ֊որ մի անկապ կայք բացեց, նայեցինք։

Screenshot 2023 07 05 at 8 28 54 PM

Սակայն սա իրենից ահագին բան է ենթադրում, որը գուցէ միշտ չլինի յաճախորդի մօտ։ Յաճախորդը պէտք է ունենայ

  1. հեռախօս
  2. որն ունի խցիկ
  3. որը հասկանում է QR֊ներ
  4. որը ունի համացանցի հասանելիութիւն
  5. որի բրաուզերը կարողանում է բացել JavaScript֊ով աշխատող կայքեր

Ես եղել եմ ժամանակին մարդ, ով չի ունեցել հեռախօս։ ով ունեցել ա հեռախօս առանց կամերայի։ ով ունեցել ա խցիկով հեռախօս բայց չի հասկացել QR֊ներ։ ով … (եւ այլն)

Արդէն հասկացաք, թէ ինչու եմ տխուր։

Ու նաեւ ունեմ բազմաթիւ ընկերներ, ովքեր մինչ օրս չունեն հեռախօս, կամ արի ասենք՝ խելախօս։

Սա իհարկէ եթէ նայում ենք խնդիրներին հասանելիութեան առումով։

Իսկ եթէ նայենք մեր ուժերից վեր ու մեզնով չլուծուող խնդիրների տեսակէտից՝

  1. գուցէ ցանցի հետ խնդիր կայ՝ Ucom֊ը MTS֊ը եւ այլնը գուցէ խնդիր ունեն ու հիմա չես կարող հասնել այդ կայքին
  2. գուցէ այդ կայքն ունի խնդիր եւ անհասանելի է ամբողջ աշխարհին
  3. գուցէ այդ ընկերութիւնը վերանում է մի օր

Սրանք ամենայաճախ հանդիպող դէպքերն են, չեմ թուարկում այն դէպքերը, որ հնարաւոր է լինեն, բայց “հազարից մէկ”։


Նոր մատուցողի հետ էի խօսում եւ իրեն հարցուցի՝ իսկ ի՞նչ եթէ յաճախորդը չունի խելախօս, նա ասաց «էդ դէպքում տրամադրում եմ իմ կամ ճաշարանի հեռախօսը»


Ես իհարկէ հասկանում եմ, թէ ինչու է մարդկանց «քուլ» թւում նման բաները։ Մի կողմից (մեզ թւում է թէ) բնութեանը օգուտ ենք տալիս (դա իրականում հարցական է, ոչ մի հետազօտութիւն չկայ, որ հաստատում է դա), միւս կողմից էլ դէ շատ ժամանակակից է թւում, նայի՛, նայի՛, նկարում ես ու տեսնում նկարներ ու թուէր։

Մի կողմից էլ մտածում եմ, գոնէ QR֊ը յղէր դէպի իրենց կայք, նենց չի որ պատուիրում ես կայքով, ուղղակի նայում ես։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

հինգ տարի անգլերէն բլոգելով

հինգ տարի անգլերէն բլոգելով աւելի շատ ընկերներ եմ ձեռք բերել քան պատկերացնում էի։

Ամիսը գոնէ մէկ անգամ ինչ֊որ մէկը գրում էր մեյլով եւ հարց տալիս, կամ կարծիք, կամ քննադատութիւն, շատ դէպքերում նոյնիսկ առաջարկում էր ընկերանալ։ Տասնեակ ընկերներ եմ ձեռք բերել որոնց հետ մինչեւ օրս խօսում եմ, շաբաթը մէկ գոնէ չաթւում, եւ նոյնիսկ իրար նուէրներ ենք ուղակում աշխարհի մի անկիւնից միւսը։

Մինչ օրս դեռ չեմ հասկանում, թէ ինչու եմ սիրում գրառել ցանցային օրագրում, բայց հասկանում եմ, թէ առանց դրա ապրել չեմ կարող։

Երեկ Անգլերէն ցանցային օրագրիս առաջին գրառման 5 ամեակն էր։

Շատ բանի չեմ հասել անգլերէն օրագրով, շատ քիչ մարդիկ են կարդում այն, բայց ահա թէ ինչ եմ արել 5 տարուայ մէջ.

  • հրապարակել եմ 96 գրառում
  • գրել եմ 27,245 բառ
  • վերբեռնել եմ 102 նկար
  • Ինքս ինձ 256 անգամ ասել եմ որ «այսուհետ ամէն օր եմ բլոգելու»

Բլոգները այնքան կարեւոր են համացանցի համար, որ արդէն 2 տարի է պահում եմ օրագիր.հայ համայնքը։

Շնորհակալ եմ, որ բլոգում էք։

Մինչ միւս տարի (։

Պատասխանել մեյլով

Photos By Antranig նկարների ցօգ

Ինչպէս ասում են՝ ասեցի ու արեցի։

Եւ ահա, Photos By Antranig կայքը պատրաստ է։

Տեխնիկական տուեալները.

Դեռ չեմ աւելացրել յղումը ամէն տեղ, բայց շուտով դա էլ կանեմ։

Յոյս ունեմ կը հաւանէք աշխարհը իմ աչքերով

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Անդրանիկ Վարդանեան

11 Հոկտեմբերի, 2022

Ռոբին Ռենդլ֊ը իր բլոգում գրել էր.

Կլինեն բլոգային գրառումներ, որոնք դուք պաշտում եք սակայն ոչ ոք չի կարդում, և կլինեն բլոգային գրառումներ, որոնք դուք կթքէք տասը րոպէի ընթացքում ու կփոթորկեն համացանցը:

Հոգ տար քո բլոգի մասին

Ու իսկականից, երեկ այս ժամերին, երբ մտել էի լուացարան, հեռախօսս հանեցի ու արագի մէջ բլոգեցի այն մասին, որ այՕՍ֊ում առաքել են Դվորակ ստեղնաշար, ու մի քանի ժամ յետոյ մէկ էլ տեսնեմ, որ արդէն քսան հազարից (20,000) աւել դիտում ունի։

Իսկ օրեր առաջ ժամեր եմ ծախսել, որ գրառեմ command հրամանի (հրաման հրամանի ։Ճ) մասին, իր արմատներով, ֆալան֊ֆստան, ու ոչ մէկ չի նկատել դա ։Ճ

Ասածս ինչ ա՝ բարի լոյս։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Փոդքասթների հոսքերի մասին

Երեկ ընկերներիցս մէկին հարցուցի «Պոդքաստ ո՞նց ես լսում» ու ինքը ասեց «դէ հիմնականում նայում եմ YouTube֊ով», ուղեղս մի անգամից միացրեց “Does not compute” վիճակը։ Ինձ շատ անհասկանալի էր թէ ինչպէս ես նայում պոդքասթ ԻւԹիւբով, ի վերջոյ, ԻւԹիւբը չունի հոսքերի գաղափար։

Ահ, յետոյ հասկացայ, նկատի ունի թէ Պոդքասթի տեսահոլովակն է նայում։

Իրականում Պոդքասթը երկու տեխնոլոգիաների միացումն է։ Նախ քեզ պէտք է RSS հոսք, որտեղ կը լինի հոսքի տուեալները, օրինակ անունը, նկարը, նկարագրութիւնը եւ այլն, ինչպէս նաեւ ամէն մի դրուագի նկարագրութիւնը եւ ձայնային/MP3/M4A ֆայլերի յղումը։ Երկրորդ, քեզ պէտք է մի ծրագիր, որը հասկանում է էդ հոսքը եւ միացնում է այդ ձայնային ֆայլը։

Մէկ կամ երկու տարի առաջ կար մի նախաձեռնութիւն, «Լսիր Ինձ Հիմա», որը փոքր դրամաշնորհ էր տալիս բովանդակութիւն ստեղծողներին, որ պոդքասթ սկսեն։ Ինչքան հասկացայ այդ մարդկանց սովորեցնում էին, թէ ինչպէս պոդքաստ սկսել, ինչ սարքաւորումներից օգտուել եւ այլն։

Երեկ նորայրի հետ խօսելիս նա ինձ ասաց, որ նախաձեռնութեան մասնակիցներին ասել էին, որ կարող են օգտագործել whooshkaa անունով մի ծառայութիւն, որը տարեկան ինչ֊որ մի գումարի դիմաց տրամադրում է RSS հոսք եւ ձայնային ֆայլեր տեղադրելու հնարաւորութիւն։

Պարզւում է, որ դրամաշնորհի գումարը վերջանալուց յետոյ, ոչ մէկ չի թարմացրել ծառայութեան պայմանագիրը, որի արդիւնքում մարդկանց ֆայլերը կորել են։

Ասեցի ստուգեմ, մտայ Media.am֊ի պոդքաստերի էջը եւ նայեցի թէ ինչ վիճակում է։ Պարզւում է, որ իսկականից, ահագին մեծ քանակի պոդքաստի ալիքներ ուղղակի վերացել են, լրիւ։

Մի մասը, սակայն, խելացի է գտնուել եւ ունի նաեւ YouTube ալիք (բայց դէ, բոլորս արդէն սովորեցինք, որ դա Պոդքասթ չի), բայց ահագին մասն էլ տեղափոխուել ա ուղղակի այլ սպասարկողի մօտ՝ anchor.fm։

Ինչքան հասկացայ, այդ նախաձեռնութեան ժամանակ մասնակիցներին չեն բացատրել, թէ ինչքան կարեւոր է ունենալ քո սեփական հարթակը։

Ես էլ շուտով կը բացեմ իմ պոդքասթի հոսքը, որի ֆայլերը կը լինեն իմ տան սպասարկիչի մէջ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

վարչապետներին ցօգեր են պէտ

Վարչապետ ասելով, ոչ թէ միայն նկատի ունեմ երկրի վարչապետը այլ նաեւ սպասարկիչների վարչապետները։

Արդէն քանի ժամ է նորայրի սպասարկիչը տեղափոխում ենք 1) մեր տնից դէպի մեր օֆիս 2) Funtoo֊ից Gentoo։ Ու նկատեցի, որ ահագին մարդիկ (այս դէպքում հինգ, բայց մեր համայնքում էդ շատ է համարւում) ինձ գրեցին թէ այս կամ այն կայքը չի աշխատում։

Ես այս մասին ահագին մտածել էի, դրա համար էլ ջաբեր.ամ֊ը ունի Թուիթերի եւ թութի հաշիւ, ինչպէս նաեւ ցօգ՝ օրագրում, որտեղ կարող են օգտուողները տեսնել վերջին նորութիւնները եւ թարմացումներին ուղիղ հետեւել։

Երեւի մի հատ էլ օգրագրի հաշիւ բացենք նորայրի համար։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Օպերատիւ Աշխատանք

Այս գրառման բացումն անեմ շնորհակալութիւններս յայտնլով Վարիկին, Հայաստանի Հանրապետութեան Արդարադատութեան Նախարարութեան Անձնական Տուեալների Պաշտպանութեան Գործակալութեանը եւ իհարկէ, համացանցին։

Քովիդը շատ բան է փոխել մեր կեանքում, առաջ ստուգման էի գնում երեք֊չորս ամիսը մէկ, իսկ հիմա՝ ամիսը մէկ։

Ու ոչ֊այդքան֊հասկանալի պատճառներով արդէն պարտաւոր ենք գնալ քննութիւն հանձնելու ամէն երկու շաբաթը մէկ։

Ու հարց է առաջանում թէ մարդկանց քննութեան արդիւնքները ինչպէս փոխանցել ամենաօպերատիւ ձեւով։ դէ ես ամէն անգամ F եմ ստանում։

Շատ լաբրատորեաներ կամ մարդկանց ուղարկում են մեյլով ինչ֊որ մի նկար/PDF (այսուհետ՝ նիշք), կամ էլ ուղարկում են յղում այդ նիշքի։

Հիմնականում այդ նիշքը չի ունենում ոչ մի տեսակի վաւերացում կամ նոյնականացում, հանրայցին դրած նիշք է։

Վարիկը նկատեց որ այդ լաբարատորեաներից մէկի բոլոր արդիւնքները բաց դրած են։ Մի յղումով մտնում ես ու հազարաւոր մարդկանց տուեալներ դէմդ է։

Ասեմ աւելին՝ այնքան շատ էին տուեալները, որ բրաուզերս կախում էր…

Ինչպէս հպարտ պատասխանատու քաղաքացի, ես տեղեկացրեցի լաբարատորեային։ Well that’s a lie։ Ես ցանկացայ տեղեկացնել իրենց, բայց աւաղ, ոչ մէկ հեռախօսը չէր պատասխանում։

Մէկ֊երկու ժամ փորձելուց յետոյ, տեղեկացրեցի Անձնական Տուեալների Պաշտպանութեան Գործակալութեանը։ Well that’s a lie։ Ես ցանկացայ տեղեկացնել իրենց, բայց աւաղ, ոչ մէկ հեռախօսը չէր պատասխանում։

Յիշեցի, որ իրենց պէտը՝ Գեւորգ Հայրապետյանը, ArmIGF֊ի ժամանակ ինձ հետ պանելում էր։ Զանգեցի ArmIGF֊ից Գրիգորիին։ Միշտ յաճելի է լսել Գրիգորիի ձայնը երբ նա ասում է «Ողջո՜յն Անդրանի՛կ»։

Ստանալով Գեւորգի հեռախօսահամարը, տեղեկացնելով Անձնական Տուեալների Պաշտպանութեան Գործակալութեանը եւ խնդիրը բացատրելով լաբարատորեային կարողացանք փակել այդ ցուցակը։

Բայց ինչքան էլ ուրախ լինեմ այդքան էլ կարող եմ տխուր լինել։ Ես կարողացայ կապի միջոց գտնել, ապրե՛մ ես, բայց եթէ իմ փոխարէն խնդիրը գտնէր կամ տեղեկանար Վալոդիկը, ով նստած է Գեղաշեն գիւղում եւ չգիտի Գրիգորիին կամ պանելում չի եղել, ապա նա ի՞նչ է անելու։

Պէտք է այնպիսի համակարգ լինի, որ բոլոր քաղաքացիները ունենան հաւասար իրաւունքներ։

Այո, ինչ էլ օպերատիւ ենք աշխատում։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Նայելու ապակի

Ամիս մը չի լինում, որ ես չբողոքեմ Հայաստանեան օպերատորներից։ Կամ ցանցն է վատ, կամ սպասարկումն է ահաւոր, կամ էլ դեռ չունեն նորմալ համակարգ որ մարդ իմանայ իրենց մօտ խնդիր կայ թէ չէ։

Բայց այսօր այդ օրը չի։ Այսօր գրում եմ գովաբանութիւն։

Օրեր առաջ նորայրն էր ասում, որ խնդիր է նկատել. Յուքոմի մի ցանցից կարողանում է միանալ իր աշխատանքային սերւէրին իսկ միւս ցանցից՝ ոչ։

Իհարկէ առաջին բանը որ եկաւ մտքիս դա routing խնդիրներն են, սկսած BGP֊ից մինչեւ աստուած գիտի ուր։

Մէկ ժամ ախտաճանաչելուց յետոյ, գտանք խնդիրը, որը, աւաղ, մենք չենք կարող ուղղել, պէտք է օպերատորին տեղեկացնել։

Բայց այդ խնդիրը հասկանալու համար մեզ ահագին օգնեց շատ կարեւոր գործիք՝ Looking Glass, որը տեղակայուած է Ucom֊ում։

Եւ այսպէս, ընտրելով ցանց, անելով traceroute, եւ տեսնելով BGP֊ի վիճակը, մեր գործը կախուած չէր սպասարկման մասնագէտներից։

Ucom֊ից միայն մի բան է պակաս՝ ստատուս էջ, որ ամէն անգամ զանգելու փոխարէն, ուղղակի մի էջով իմանանք եթէ մի բան «էն չի»։

Ասանկ բաներ։

Պատասխանել մեյլով

Gov.am֊ում ուշադիր չեն, բնաւ

Դէ ինչպէս բոլորը գիտեն ես ամէն ինչ կարդում եմ RSS֊ով, ու իմ RSS ընթերցիչը մի քանի րոպէն մէկ անցնում է իմ բոլոր հոսքերի վրայով եւ թարմացնում է իրենց պարունակութիւնը։

Որպէս համացանցի հպարտ քաղաքացի, առաջին բանը որ անում եմ արթնանալուց յետոյ դա զուգարան գնալն հոսքերս կարդալն է։

Հոսքերից մէկը որ հետեւում եմ դա Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան RSS հոսքն է։

Այսօր առաւօտ տեսայ, որ ՀՀ կառավարութեան հոսքը մօտս խնդիր էր տալիս։ Երեւի երեկ էր խնդիր տուել ու կանգնել, բայց մինչեւ «թարմացում» կոճակը սեղմելը որոշեցի էկրանահանեմ։

Պարզւում ա, մարդիկ մոռացել էին TLS վկայականը թարմացնել։

Նայի ջանիկ, մենք ունենք Let’s Encrypt, որը տալիս ա մեզ.

  • ա) անվճար վկայական, երեք ամսով
  • բ) աւտոմատացման գործիքներ

Բայց արի ու տես, որ ՀՀ կառավարութիւնը դրանք չի օգտագործում, օկ, հասկանալի ա, իրենք առնում են վկայականները եւ թարմացնում են տարին մէկ։

Բայց այդ ամէն ինչի համար էլ կայ աւտոմատացման գործիքներ, իսկ եթէ չկայ, ապա ունես մէկ տարի ժամանակ այդ ամէնը թարմացնելու։ Մէկ ամիս առաջ չէի՞ք կարող թարմացնել, պէտք է անպայման վկայականի ժամկետն անցներ նո՞ր թարմացնէիք։

Ու սա ՏՏ ոլորտով հպարտացող երկիրն է։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով