Հայաստանում ապրելու մասին

Երբ ես նոր էի եկել Հայաստան, դեռ 16 տարեկան էի, գնում էի աւագ դպրոց, ու ամէն առաւօտ ես նստում էի երթուղային, հիմնականում համար 44-ի երթուղայինը, այդ ժամանակ այն դեռ աւտօբուս չէր, ու շատ մարդիկ էին նստում այն, չնայած որ ես բարձրանում էի ՀԱԹ-ից Մալաթիա, սակայն մի քանի րոպէի ընթացքում արդէն մարդիկ թափւում էին պատուհաններից։

Նախ պատմեմ առաջին օրուաս մասին. գնացի դասի, երեքշաբթի օր էր, ծանօթանում էի նոր դասարանցիներիս հետ, ովքեր ինձ շատ սիրով դիմաւորեցին, ճիշտ է, այսօր զբաղուած լինելու պատճառով չեմ կարողանում շատ շփուել իրենց հետ, ճիշտն ասած՝ ոչ էլ ծնողներիս հետ եմ կարողանում նորմալ շփուել, սակայն դասարանցիներս շատ մեծ դեռ ունեն իմ կեանքում, իրենց շնորհիւ ես կարողացայ ինտեգրուել Հայաստանեան միջավայրին։

Դասը աւարտեց, տղերքը ինձ ճամփեցին կանգառ… ես այնքան ուրախ էի, որ նրանք ինձ բացատրեցին, թէ ինչպէս օգտուեմ երթուղայինից, իմ տեղն էլ հաշիւը ստացան, ու վարորդին ասեցին, թէ որտեղ պէտք է իջնեմ, ու իջայ մեր կանգառում եւ ուրախ-ուրախ գնացի տուն։

Սա միայն սկիզբն էր։ Յաջորդ օրը, բնականաբար, պէտք էր որ կրկին նստէի, սակայն այս անգամ գնայի դասի… նստեցի, հասայ կանգառ, եւ խնդրեցի վարորդին, որ պահի… նա պահեց, իսկ երբ ես ձեռքս մօտեցրեցի, որ 100 դրամը տամ, նա մերժեց, ասելով՝ իջիր ախփար, իջիր…

Եւ այդպէս շարունակ մի քանի ամիս, քանի որ ես նոր էի, աւելին՝ ես վատ վիճակում էի գտնուում՝ պատերազմից էի եկել, ու ամենակարեւորը՝ եկել էի հայրենիք, իսկ Հայրենիքիցս մարդիկ փախնում են, իսկ ես գալիս եմ Հայրենիք… շատերը զարմանում էին, թէ ինչու էինք գալիս Հայաստան եւ ոչ թէ գնում Եւրոպա, ասելով՝ թէ այնտեղ մարդկանց օգնում է կառավարութիւնը… Այո՛, կառավարութիւնը օգնում է, բա յետո՞յ ի՞նչխ էք… իսկ մարդի՞կ… Եւրոպայում հայր ու զաւակ իրար չեն օգնում, քոյր ու եղբայր, ուր մնաց անծանօթները իրար։

Իսկ իմ Հայրենիքում, ես հասկանում եմ ինձ, մարդիկ հասկանում են ինձ, ազգակիցներս հասկանում են ինձ, ինձ էլ ի՞նչ է պէտք… աշխատա՞նք։

Աշխատանք էր պէտք մի շրջանով ինձ, եւ ես աշխատեցի որպէս մատուցող, այն էլ Զուարթնոց օդանաւակայանում, մօտ երկու ու կէս ամիս, առաջին ամիս ու կէսը շատ լաւ էր, ի դէպ՝ ես հիմնականում գիշերներն էի աշխատում… ինչո՞ւ… ուրեմն՝ գիշերը ժամը իննից աշխատում էի մինչեւ առաւօտ ժամը իննը, որ յետոյ գնամ տուն ու քնեմ Ամերիկեան համալսարան դասի, ու գնում էի մի քանի ժամ էլ դասի… դասի ժամանակ էլ լա՜ւ քնում էի։ Այնքան լաւ էի քնում, որ մի անգամ ընկերներս իմ համար դաս չէին արել, որ ես չ’արթնանամ ու որ ես դասը չփախցնեմ։ Իսկ երբ չէի քնում դասի ժամանակ, իհարկէ, քնում էի երթուղայինի մէջ՝ համար 21 երթուղայինի to be more exact… Հիմնականում հենց վարորդի կողքն էլ նստում-քնում էի… ու յայտնուում էի վերջին կանգառում, ու քայլելով հետ էի իջնում մեր տուն։ Լաւ ա շատ հեռու չէր։

Մի անգամ վարորդը ինձ հարցրեց, թէ ինչու եմ այսքան քնքուշ քնկոտ, ես էլ իրեն պատմեցի իմ աշխատանքի ու դասի մասին… ու էլի քնեցի ։ՃՃ

Ճիշտն ասած՝ ես բան չէի սպասում, սակայն սխալ դուրս եկայ… ամէն անգամ երբ քնում էի, ինքը ինձ արթնացնում էր մեր տան կանգառի մօտ, նոյնիսկ ես քանի անգամ քնաթաթախ էի եւ մոռացել էի վճարել 100 դրամը, իսկ ինքը՝ չթողեց վճարեմ… Նա արդէն գիտեր, որ ես դրսից եմ եկել, ու ասեց, թէ նա ցանկանում է ինձ օգնել, որ միասին կարողանանք ապրել մեր երկրում։ Ասում էր՝ վերջապէս մարդ, ով ցանկանում է ապրել ՀՀում։

Հայաստանը մի գուցէ ամենալաւ երկիրը չէ ապրելու, սակայն որպէս Հայ, ոչ թէ միայն ամենալաւ տեղն է, այլեւ միակ տեղը։

Ասանկ բաներ։

Պատասխանել մեյլով

Գրառում QR code-ի մասին

Յաճախ մեզ պէտք է լինում QR Code սարքել ինչ որ բանի համար, ասենք յղում ա, կամ հասցէ ա եւ այլն, ու բռնում ընկնում ենք Ջուջուլի ձեռը, ման ենք գալիս կայքեր որոնք մեզ համար մի հատ պստիկ QR code կը պատրաստեն։

Հիմայ ներկայացնեմ աւելի հետաքրքիր ու անցանց տարբերակ։

Նախ եւ առաջ քաշում ենք հետեւեալ ծրագիրը՝ qrencode, օրը QR code-ի գրադարան է, կարող էք քաշել ձեր package manager-ով, ասենք՝ apt-get install qrencode / yum install qrencode եւ այլն, կամ էլ compile անէք այստեղից՝ libqrencode, իսկ մանրամասերը ծրագրի մասին կարող էք գտնել Գիթհաբում՝ fukuchi/libqrencode

քաշելուց յետոյ կարող էք անել

$ man qrencode

եւ տեսնել ծրագրի հնարաւորութիւնները։

Իսկ ես առանց ցանցի պատրաստեցի այսպիսի բան

$ qrencode "https://spyurk.am/" -o spyurkam.png

որը, ինչպէս գուշակեցիք, ստեղծում է QR code Սփիւռք.ամ հասցէով

սակայն նկարը այդքան էլ յստակ չէ, ճիշտն ասած ես նախընտրում եմ SVG-ով անել, որը վեկտորային գրաֆիկա է ստեղծում, ապա՝

$ qrencode "https://spyurk.am/" -t svg -o spyurkam.svg

spyurkam

իսկ հիմայ ինչքան էլ մեծացնենք նկարը, իր որակը չի ընկնի։

Ասանկ բաներ։

Պատասխանել մեյլով

Այսօր ես ու Իմանդեսը քայլում էինք Ռոթթերդամի փողոցներում, ու մի անգամից աչքիս ընկաւ այս ժամանակակից հին շէնքը, որի վրայ տեսայ 8֊բիթանոց այլմոլորակային տիեզերահենի պատկերը ։Ճ

Սա էլ շէնքն է…

Սա էլ ամբողջութեամբ…

Ի դէպ՝ ներքեւում էլ Իմանդեսն է իր պայուսակով ։Ճ

Բոնուս

Շատ հին իրար֊մէջ֊մտած շէնք ։Ճ

Ու սա, որը անբացատրելի է (։

Photos by Nokia N900

Ասանկ բաներ

Պատասխանել մեյլով

Ասք ուրախ ըլլալու մասին

Ուհո՜ւ շատ֊շատ ուրախ եմ, հիմայ ինծի պիտի հարցնէք «Ինչո՞ւ» ու ես պիտի պատմեմ թէ ինչու 😉

Ուրեմն չգիտեմ ոնց եղաւ, բայց ընկերներս գնալով անցնում են բլոգ հարթակ՝ Բլոգսփոթ, Վորդփրես, Կենդանի Մատեան… ու դա ինձ շատ է ուրախացնում, դա նշանակում է, որ մեր երիտասարդները հասկանում են թէ ինչ է համացանցային մշակոյթը՝ բլոգը, մեյլը, չաթը, կայքը… ոչ թէ կոռուպացուած ու սահմանափակ «սոցցանցերը»։

Ինչքան հասկացայ այդ ընկերներս ուղղակի անիմաստ են գտնում Դիմագիրքը (ուհո՜ւ ^_^ )

Այս պահին ես չկամ դիմագրքում, բայց ընկերներս ինձ կարող են հետեւել իմ մատեանի շնորհիւ, ես էլ իրենց հետ իրենց մատեանների շնորհիւ։ Ու հիմայ մնում է արագ շփուելու հարցը, չէ չէ, խօսքս մեյլի մասին չէ, այլ չաթի, այսինքն XMPP/Jabber֊ի ։Ճ այ որ էնտեղ էլ գան արդէն շա՜տ լաւ կը լինի ։Ճ

հա ի դէպ, մի քանիսը ներկայացնում եմ Ձեզ (։

nunekhachatryan — http://nunekhachatryan1992.wordpress.com Շատ լաւ նկարներ կան մեր Նունէի կողմից։

Հրանուշ Վանեսյանի Բլոգ — http://yericuk.blogspot.com

Նաեւ Նարինէի համար բացեցի բլոգ իր խնդրանքով սակայն դեռ բան չի գրել, հետեւեցէք մինչեւ նա գրի իր հետաքրքիր պատմութիւնները 😉 — http://narinehvardanyan.wordpress.com

Իսկ դո՞ւ, չունե՞ս բլոգ, բայց գրելու (ու ասելու) շա՞տ բան ունես… գրիր ինձ ու ես քեզ կ՚օգնեմ քեզ, ու դու կը զարգացնես մեր համացանցային մշակոյթը։

ասանկ բաներ

Պատասխանել մեյլով

Ասք վիրտուալ-ռեալ կեանքի ու սերունդների մասին

Ուրեմն երբ դեռ Հայաստանում էի, մի քանի ամիս առաջ, քուրիկս գնացել էր ինչ֊որ զբօսնելու տեղ մայրիկիս եւ հայրիկիս հետ, եթէ չեմ սխալուում անունը «մադակասկար» էր, մէկ էլ քուրիկս եկել ասում ա

— Ափար, ափար 😀
նայում եմ իրեն, թէ ինչու է այդքան ապշած ու ուրախ
— Ըսէ քոյրիկ…
— Գիտես, չէ՞, այսօր գացեր էինք մադակասկար ու…
մտածեցի թէ Մադակասկար կղզին են գնացել ու հարցնում եմ
— Ո՞ւր o.O
— Մադակասկար, խաղավայր է ափար
— Ո՞ւ
— Հոն գիտե՞ս ինչ կար, ադ խաղը գիտցա՞ր, որ մատով կը խաղայինք բլանշետի վրայ, լոյսերով էր։

Ոչ այդքան շատ կարճ երկար մտածելուց յետոյ իմացայ որ Glow Hockey խաղի հետ ա, Air Hockey ա էլի։

— Հա՜, է յետո՞յ
— Ադոր իրականը կար 😀

Է՜հ սերունդ սերունդ… մենք ուրախանում էինք, որ ժամանակին կարող էինք ճատրակ խաղալ MS-DOS֊ի վրայ, իսկ դուք հակառակը…

Ասանկ բաներ

Պատասխանել մեյլով

Ինչ֊որ մէկը… ու կարօտ

— Դեռ քնած չէ՞ս։
— Ոչ։
— Կը խանգարէ քեզի… բան մը… երեւի…
— Բան մը չէ… մէկը։
— Ո՞վ…
— Ես
— Հը՞
Պահ մը լռութիւն…
— Ինչո՞ւ ատանկ զարմացած կը նայիս։
— Զարմանալի ես, ատկէ է։ քմծիծաղ
թարս նայուածք մը…
…Չէ լաւ, այսպիսի ինքս֊ինձ֊հետ խօսակցութիւններ միշտ կʼունենամ… ըսենք՝ ամէն օր, ան ալ երկու անգամ։
ինչեւէ… Վերջը նայինք։
— Ծո տղա՛յ, հետդ կը խօսիմ, գոնէ հօս նայիր։
— Ի՞նչ է դարդդ։
— Ժամին նայա՞ծ ես գոնէ
— Ահա… 03:33:33 AM…
Նորէն՝ պահ մը լռութիւն…
— Եթէ բան մը կայ, ըսէ
— Բան մը չէ… սուր հայացք… մէկը՝ դո՛ւն։
— Ե՞ս ապշած հայացք մը
— Այո՛, դո՛ւն, այսինքն ես, այսինքն մենք… Արդէն երկար ժամանակ է ինչ մէջս կʼապրիս։
— Փաստօրէն ես, այսինքն դուն, քեզի կը խանգարես։
— Փա՜ռք, որ հասկցար։
— իսկ ինչո՞ւ ինքդ քեզ կը խանգարես, գիտե՞ս…
— Որովհետեւ չեմ ուզեր ուրիշներուն խանգարել…
— Վերջապէ՜ս հասկցար… ինչքան ուշ կը հասկնաս դուն հա՜
— Դուն ես մեղաւորը…
— Մեղա՜, ե՞ս, այսինքն՝ նորէն դուն հա՞
— Այո, նորէն ես…

Ու այստեղ հասկցայ, որ մեղաւորը միայն ու միայն Ինքն է ես եմ… չնայած քիչ մը դժուար է այն հասկնալ 18 տարեկան հասակին, սակայն ընդունենք այն, որ այդքան ալ յաջող կեանք չեմ ունեցած։

— Ինչո՞ւ կու լաս
— Ե՞ս, ոչ, ես չեմ լար
— Վատ բան մը չի կայ լալու մէջ… վա՞խ, թէ՞…
— Կարօտ…
— Մեկո՞ւմը
— Աւելին, քան մէկը… Հայրենիքս կը կարօտնամ…

Չէ լաւ, լուրջ, Երեւանէն Հայաստանէն դուրս 2 ամիս այդքան ալ հեշտ բան չէ, ինչքան կը պատկերացնէի…

Պատասխանել մեյլով

Գրառում Ռուսերէն չիմանալու մասին

Էս Հայերէն-Ռուսերէն պահով.

Ամիսներ առաջ, ինչպէս, որ շատերդ գիտէք, աշխատում էի որպէս մատուցող, ան ալ Զուարթնոց օդանաւակայանում։

Մի անգամ, շատ լաւ յիշում եմ, ռուս երիտասարդ մը նստեց, ես էլ մօտեցայ, բնականաբար, Սիրիահայ եմ, ես ո՜ւր, Ռուսերէնն ուր, հարցրեցի, թէ ինչ է ցանկանում Անգլերէնով։ Ատանկ մէկ հատ թարս նայեց վրաս, ոնց որ իրեն պարտք լինեմ, ու հասկացրեց, որ Անգլերէն չգիտի, ասեցի՝ խնդիր չկայ, բնաւ, հիմայ գործընկերոջս կ’ասեմ, կը մօտենայ Ձեզ։

Ինձ շատ վատ էի զգում այդ օրը, այնպիսի մէկ տպաւորութիւն էր, ասենք՝ Հայ մարդը պարտադիր պէտք է Ռուսերէն իմանայ… Դէ բարեւ Ձեզ ազիզ ջան։

Ատքանը հեչ, մէկ հատ ալ բողոքում է ղեկավարիս (նոյն ինքը՝ manager–իս), որ ես Ռուսերէն չգիտեմ։ Դէ եկուր ու բացատրի, որ Հայաստանից դուրս է ապրել, ու ընդհանրապէս, Հայ մարդու պարտականութիւնն է Հայերէն իմանալ, ոչ թէ Ռուսերէն։

Իսկ դու, ռուս երիտասարդ, որ մենակ ռուսերէն գիտես ու ինձանից ես բողոքում, ես գիտեմ Իմ Հայերէնը, Անգլերէն ու մի հատ էլ Արաբերէն (դէ ջիջիլ)։

Միակ ռուս յաճախորդը, որին շատ սիրեցի, երեւի մի 25 տարեկան, տիպիկ ռուսական մարմնով ու մազերով, երբ իմացաւ որ Ռուսերէն չգիտեմ, հարցրեց ինձ՝ so what do you speak ?? — այն էլ ոչ-լաւ Անգլերէն իմանալով… Իսկ ես պատասխանեցի՝ Well, I know Arabic… Ու սկսեց հետս Արաբերէն խօսիլ (։ Արաբագէտ էր, էնքա՜ն քննարկեցինք Սիրիայի դէպքերից (։

Ասանկ բաներ

Պատասխանել մեյլով

Գրառում տերմինալով զարթուցիչ միացնելու մասին

Եթէ դուք ալ ինձ նման շատ էք սիրում ամէն ինչ տերմինալով անել եւ Ձեր համակարգիչը միշտ միացրած էք թողնում (տուեալ դէպքում՝ գիշերը), ապա այս գրառումը Ձեր համար է ։Ճ

Իրականում շատ ձեւերով կարող ենք սա անել, ես հիմայ ցոյց կը տամ երկու ձեւ, որը շատ եմ օգտագործում առաւօտները արթնանալու համար։

Ձեւ առաջին

Նախ բացում ենք մէկ հատ տերմինալ ու սկսում ենք գրել.

echo 'mplayer Desktop/Tigran-Hamasyan-Love-Song.ogg' | at 09:30

Երբ լինի ժամը 9։30, աշխատացրու mplayer Desktop/Tigran-Hamasyan–Love-Song.ogg հրամանը

mplayer–ով միացրու երգ–երաժշտութիւնը , դէ եթէ չունէք mplayer, կամ ներբեռնէք, կամ էլ այլ ծրագրով միացրէք, ասենք՝ cvlc–ով՝ Console VLC (նոյն ինքը՝ VLC ծրագրի console տարբերակն է), այսինքն մեր հրամանը կը լինի՝

echo 'cvlc Desktop/Tigran-Hamasyan-Love-Song.ogg' | at 09:30

Որից պատասխան ենք ստանում.

warning: commands will be executed using /bin/sh
job 6 at Sat May 31 09:30:00 2014

ու քնում ենք ։Ճ Սեւերը արթնանում են, մաֆիան անցնում ա…

Ձեւ երկրորդ

Այստեղ, ոչ թէ ժամն ենք որոշում արթնանալու, այլ թէ քանի ժամ ենք քնելու, օրինակ՝

sleep 8h && mplayer Desktop/Tigran-Hamasyan-Love-Song.ogg

Դէ եթէ ուզում էք մի ամբողջ օր քնել, ուրեմն՝

sleep 1d && mplayer Desktop/Tigran-Hamasyan-Love-Song.ogg

Եւ այսքանը

Աս ալ այն երգը, որով արթնանում եմ՝

Ու ասանկ բաներ։

Պատասխանել մեյլով

Մի բան ասեմ էլի ձեան գրառումների մասին

Մի բան ասեմ էլի… Ուրեմն, այսօր առաւօտ արթնացայ, ու մտայ սոցիալական ցանցեր՝ Դիմագիրք (Facebook), Թվիթթեր, եւ այլն… Ու դեռ պատուհանի մօտ չհասած, արդէն իմ ընկերների գրառումներից հասկացայ, որ ձիւն է եկել…

Վու՜յ ձիւն

OMG Snow again!

Լաւ էլի հաւես չկայ ձիւնի

Ի դէպ գրառումների մեծ մասը տրանսլիտով էր

Իհարկէ, բան չունեմ ասելու, մարդիկ իրենց կարծիքն են արտայայտում, սակայն առաջարկում եմ հետեւեալը.

Ուրեմն, մօտ մէկ ամիս առաջ, իմ շատ սիրելի ընկերը՝ Դավիթ Եղիազարյանը a.k.a. Makenas, շատ լաւ թոյն բան էր առաջարկել.

Եկե´ք հայկական քաղաքների ազատագրման օրերը Թվիթերում դրանց անունները դարձնենք ամենաօգտագործվողները #Shushi, #Berdzor, #Karvachar ևն

աղբիւրը

Ես էլ աւելացնեմ՝ նաեւ Դիմագրքում… Եթէ ձեան մասին, քաղաքականութեան մասին, ինչ որ զր–2–զիբիլի* մասին գրառումները սրտաբուխ են, իմ կարծիքով աւելի սրտաբուխ պէտք է լինի ազատագրուած տարածքների մասին գրառումներն ու թվիթները… ի՞նչ էք ասում։

Մի անգամից յիշեցնեմ… Ապրիլի 3-ն ընդունուած է, որպես Քարվաճառի ազատագրման օր, եկէ՛ք այդ օրը #Karvachar պիտակը դարձնենք օրուայ շատ նշուող պիտակներից Դիմագրքում եւ Թվիթթերում…

Ու ասանկ բաներ

զր–2–զիբիլի → 2– անգլ. two, այսինքն՝ զրթուզիբիլ

Պատասխանել մեյլով