Ամսական պահոցներ՝ Մարտի 2021

Ասք Ֆայրֆոքսի բառարանների մասին

Վերջերս սկսել եմ շատ չսիրել ՖայրՖոքսին, բայց ոչ թէ տեխնիկական պատճառներով, այլ քաղաքական։ Այդ ամբողջ DNS-over-HTTPS֊ը իմ վրայ ազդում ա։ Բայց դա թողնենք մի կողմ։

Դեռ փոքր տարիքից շատ էի սիրում Spell checker֊ներ. ինձ միշտ զգուշացնում էր՝ այս բառը սխալ ես գրել, ահա թէ ինչ հնարաւոր տարբերակներ կան ճիշտ գրելու։

Ինձ նաեւ շատ է օգնել Հայերէն սովորելու հարցնում, հիմա գուցէ խնդալու լինի, բայց ես Հայերէն աւելի լաւ սովորել եմ Հայաստանում՝ բլոգելու արդիւնքում քան Սիրիայում։ Ինչ խօսք՝ չէի սիրում դաս անել։

Ինչեւէ։ Ինչպէս բոլորը գիտեն, ես սիրում եմ դասական ուղղագրութեամբ գրել Հայերէնը, որը նշանակում է, որ ինձ պէտք է դասական ուղղագրութեան համար մշակուած Հայերէնի Spell checker։

Նման spell checker տարիներ առաջ հաւաքել եմ շատ տարբեր աղբիւրներից ու մինչեւ այսօր հետս «ման եմ տալիս», քանզի Ֆայրքոքսի Add-on֊ներում կայ միայն արդի ուղղագրութեամբ Հայերէնի spell checker։ (Զելջեն, բարեւներ քեզ)

Այդ spell checker֊ը գրած է Hunspell֊ի միօրինակով, ու սա շատ կարեւոր մօտեցում էր ինձ համար, քանզի ես կարող էի նոյն spell checker֊ը օգտագործել ե՛ւ Pidgin֊ում, ե՛ւ բրաուզերում՝ ֆայրֆոքսում, ե՛ւ Ghostwriter֊ում, որով հիմա գրում եմ սա եւ նոյնիսկ Telegram Desktop֊ում (6 տարի անց կարողացան նման պարզ բան աւելացնել, դէ իրանց ռեսուսրսները ծախսում են անիմաստ marketing֊ի եւ անկայուն անվտանգութեան վրայ, մինչ ամենակարեւոր ֆիչըռը՝ ճիշտ գրելը, տեւեց վեց ֆաքինգ տարի)։

Մօտ վեց ամիս առաջ Ֆայրֆոքսը սկսեց չհասկանալ Հայերէն սփելչեքըրիս, ասում էր ունեմ միայն մէկ լեզու տեղակայած՝ Անգլերէն։

Է ջան, ես էլ սկսեցի ամէն տեղ (հիմնականը սոց֊ցանցերում) գրել շատ սխալ։

Այսօր «ստեղս» հասաւ ու որոշեցի գնալ bug-hunting որսորդութեան։

Որպէս ինքն իրան յարգող ծրագրաւորող, ես չեմ գուգլում նման խնդիրներ, քանզի ով էլ ասի որ նման խնդիր է ունեցել ապա 99% դէպքերում չի գտել պատասխան։

Ես մի անգամից սկսեցի կարդալ Firefox֊ի Source Code֊ը։

Դրա համար կայ շատ լաւ կայք՝ searchfox.org, որը թոյլ է տալիս փնտռել ֆայրֆոքսի կօդերի մէջ։

Գտայ mozHunspell.cpp ֆայլը, որտեղ պէտք է յիշէի, որ էս աշխարհում գոյութիւն ունի C++֊ի նման անկապ լեզու։

Մի քանի րոպէ ինքս ինձ հանգստացնելուց յետոյ սկսեցի կարդալ եւ հասկանալ որ ֆայրֆոքսը այսուհետ չի սպասարկում հին՝ dictionaries պանակից կարդալու հնարաւորութիւնը։ Այսուհետ պէտք է about:config֊ի մէջ նշել թէ որտեղ են քո բառարանները։

Ըհը, գնացի եւ նշեցի՝ /usr/local/share/hunspell, մի հատ restart ենք անում ֆայրֆոքսը ու ես վերջապէս ունեմ հայերէն spell checker, կրկին։

Ընթացքում նաեւ պարզեցի որ Firefox֊ն ունի about:about, որտեղ կան իր about էջերի բոլոր յղումները։

Նաեւ պարզեցի, որ C++֊ը դեռ գէշ լեզու է ու մարդկանց համար ստեղծուած չի։

Այսքանը։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Մտքեր մտքերի մասին

Բարեւ մտքեր, ես քեզ կարօտել էի, շատ երկար ժամանակ է ինչ քեզ չեմ տեսել, լսել, զգացել։

Գիտեմ, դու չես գալիս երբ ես զբաղուած եմ լինում, գալիս ես երբ բաղնիքում լողանում եմ կամ երբ մարդկանց հետ՝ շփւում։ Ամէն անգամ երբ քննարկումներ են սկսում, գալիս ես իմ գլխի մէջ եւ նոր բաներ ասում։ Գուցէ շա՞տ ես նեղուած որ առօրեայում քեզ հետ էլ չեմ շփւում։

Արի հասկանանք մեր յարաբերութեան պատմութիւնը, հա՞։

Ես եւ դու ընկերութիւն ենք անում այն ժամանակից երբ ես կարողացայ իմ առաջին նախադասութիւնը ձեւաւորել։ Բաւարար պայմանը քո ներկայութեան՝ նախադասութիւն կազմելը։ Շատ բարդ յարաբերութեան ժամանակ կարիք է լինում որ կազմեմ մէկից աւել նախադասութիւն։ Բայց դու միշտ կաս, ինձ օգնում ես։

Հասկանում եմ, ինչպէս ընկերներս են բողոքում, այդպէս էլ դու. վերջին շաբաթներին չեմ շփւում։ Խնդրում եմ դու էլ հասկացիր, խա՛ռն եմ։ Բայց քո կարիքն ունեմ այս ժամանակներին աւելի քան դու պատկերացնում ես։

Սակայն դու չես սիրում կարճ շփում։ Ինձ մէկ֊երկու, տաս կամ քսան րոպէո՞վ են պէտք մտքեր՝ դու չկաս։ Դու սիրում ես ինձ հետ երկար խօսակցութիւններ, սիրում ես/ենք արտայայտել մտքեր որոնք կը ծնեն նոր մտքեր։ Սիրում ենք մտքեր որոնք մեկնաբանում են այլ, այլոց եւ ալիւր֊ոտ մտքեր։

Ես եմ մեղաւոր իհարկէ, որ դու հեռացել ես ինձանից։ Ներիր ինձ։ ամէն տեսակի անկապ «մահանայ»֊ներն եմ միշտ գտնում։ օհ մատեանս պէտք է մաքրեմ, նոր գրեմ։ օհ թուղթ ու գրիչ է պէտք որ քեզ հաւաքեմ, նոր շփուեմ։

Բայց դու էլ շատ լաւ գիտես, որ ինքս ինձ եմ խաբում։

Ես հիմա, ուղղակի, սկսել եմ վախենալ իմ մտքերից։ Փոխւում եմ, Սասունցի Դաւիթի նման շատ արագ։ Չեմ հասցնում ինքս ինձ հասկանալ։ Իսկ դու՝ հիմնականում ճիշտ, միշտ հասուն, ինձանից խելացի, գուցէ մէկ խօսակցութեան ժամանակ քեզ պահես ստաբիլ, իսկ ես՝ փոխուեմ ընթացքում։

Այո, վախենում եմ փոփոխութիւններից, այդ պատճառով էլ ամիսներ է մուկը տեղից չեմ շարժել, չնայած՝ չեմ օգտագործում։

Խոստանում եմ քեզ, որ կաշխատեմ իմ փոփոխութեան վախի վրայ, շատ արագ (դէ հիմա էլ այսպէս է ստացւում) եւ կը խօսեմ քեզ հետ։ Եւ մենք կը գրենք ժամերով։

Մինչ ապագայ հանդիպումներ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Ասք յաջողուած օրագրի եւ ձախողուած վեբրուարի մասին

Վեբը ինձ համար շատ կարեւոր է։ ուղղում՝ ազատ համացանցը ինձ համար շատ կարեւոր է։ Ես համացանցից շատ տարօրինակ ձեւ եմ սկսել օգտուել։ Մի քիչ պատմեմ։

Երկուհազարակնների կէսերին մենք տանը հերիք չէ ունեցանք համակարգիչ, այլ նաեւ համացանցի կապ Dial-Up֊ով։ սիրուն ձայներ էր հանում մոդեմը ցանցին միանալուց։

Մեր առաջին օպերատորն էր Սիրիայի երկու օպերատորներից մէկը՝ SCS-Net֊ը, որը փաստօրէն մինչեւ այսօր աշխատում է։ Իրենք ամէն օգտագործողի տալիս էին PPP հաշիւ, որը պէտք է գրէիր քո Dial-up֊ի կարգաւորումների մէջ։

Այդ նոյն հաշուով նաեւ ստանում էիր FTP թղթապանակ, IRC անուն եւ մեյլ հասցէ։ ենթադրում եմ, որ PAM֊անման մի բան էին արել։

Այդպիսով ես մտնում էի IRC, դեռ չիմանալով ինչ է IRC֊ն, եւ չաթւում էի անգլիախօս սենեակներում։ կային նաեւ խաղացողների (գեյմըրների) սենեակներ, որ պայմանաւորում էինք ու յետոյ միասին խաղում էինք առցանց խաղեր։

Շատ ոչ֊տարօրինակաբար կային նաեւ համակարգչային մասնագէտների սենեակներ, հիմնականում համալսարանականներ էին եւ խօսում էին ծրագրաւորման լեզուներից։ ես արդէն պասկալ գիտէի, իրենք համալսարանում Ջաւա էին անում, մի մասն էլ C++, մի մասն էլ այլ բաներ։ Այդ ժամանակ միայն C֊ի եւ Ջաւա անունների հետ էի ծանօթ։

Այսինքն, ի սկզբանէ ես օգտագործում էի ազատ համացանց, քանի որ ուղարկում/ստանում էի մեյլ հայրիկի անունով, խօսում էի սենեակներում եւ ափլոդում էի անկապ նկարներ այդ 100Mb պահոցի մէջ։

Մէկ֊երկու տարի անց, ես եւ իմ դասարանցի Օվսաննան միասին խօսում էինք Jonas Brothers֊ի նոր ալբումի մասին՝ A Little Bit Longer, որը յայտարարել էին MySpace֊ում (իսկ դու յիշո՞ւմ ես ինչ է ՄայՍփեյսը), ու նա ինձ ասած, որ գրանցուել է ՄայՍփեյսում եւ տեսել է եղբայրների մեյլը։

Մեյլը նայեցի, գրած էր forjonasfans@gmail.com (կամ նման մի բան)։ Մտայ gmail.com եւ տեսայ որ ասում ա «դէ բա գրանցուի, ու մեյլ ուղարկի» ես էլ գրանցուեցի, որ իրենց մեյլ ուղարկեմ։

Յաջորդ օրը գնում եմ եւ պատմում Օվսաննային, որ նամակը ուղարկել եմ, ու նա ինձ ասած ո՞նց, ՋիՄեյլում գրանցուեցի՞ր։ ասեցի՝ հա, տարօրինակ ա, դէ ես scs-net.sy֊ի հաշիւ ունէի, բայց երեւի իրենք ուզում էին գրանցուեմ։

եւ ծուղակն ընկայ։ շատ տարօրինակ էր ինձ համար։ ու սկսեցի կարդալ իմեյլի մասին, ու հասկացայ ինչ է SMTP֊ն։ ու հասկացայ որ կարող էի չգրանցուել այլ մի անգամից իմ մեյլից ուղարկել։

Այդ օրուայ միակ լաւ բանն էին էր, որ մինչեւ այսօր ունեմ այ Google֊ի հաշիւը, իմ միակ գուգլի հաշիւն է, որը պատմական մնացել է։ ինչեւէ։

Ժամանակի ընթացքում սկսում ես սովորել ազատ տեխնոլոգիաների եւ ազատ համակարգերի մասին, բայց արի ու տես, որ այդ մեծ կորպորացիաները հերիք չէ փող են աշխատում բաց տեխնոլոգիաներով (ապրէք, լաւ էք անում, բան չունեմ ասելու) մի հատ էլ լաւ մոնոպոլիայ բռնելուց յետոյ ուզում են սպանել տարբեր տեխնոլոգիաներ։ ինչպէս Գուգլն է փորձում սպանել մեյլը, վեբը, RSS֊ը, Էփլն է փորձում սպանել PodCast RSS֊ը եւ մտածում փակելու մասին, եւ այլն։

Հետ գանք մեր բուն թեմային։

Յունուարի վերջերն էր, շատ կարեւոր բան էի որոշել, աւաղ՝ շատ սխալ ժամանակ։ Ցանկանում էի կատարել մի շարժում, որին ուզում էի կոչել #վեբրուար։ նոյն ինքը՝ վեբի փետրուար։ Webruary, Web February։

Այդ ամէնի նպատակն էր մարդկանց տանել աւելի ազատ համակարգ, որ մարդիկ վեբում գրեն։ ոչ թէ Medium֊ում, ոչ թէ Telegram Channel֊ներում, ոչ թէ ֆեյբուքներում։ այլ հենց համացանցում։

Մէկ օր՝ մէկ գրառում։ այդքան բան։

Իհարկէ, ամէն անգամ երբ նման ձայն եմ բարձրացնում, մի խումբ մարդիկ են գալիս եւ ինձ ասում «բա լաւ ալտերնատիւ առաջարկի՝ միանանք»։ Այս անգամ որոշեցի ալտերնատիւ առաջարկեմ։

Ինձ պէտք էր մի համակարգ, որը մարդկանց թոյլ կը տայ գրանցուել, գրել, հրապարակել։ Ու դրա համար ես գտայ մի ծրագրային ապահովում որը կոչւում է WriteFreely։

Շատ արագ վերցուցի Օրագիր.հայ դոմեյնը եւ այդ ծրագրային ապահովում տեղակայեցի իմ Jail֊երից մէկում՝ Պինգուինաշէնի վրայ։

Եւ այսպիսով մենք ունենք Օրագիրը` օրագիր.հայ հասցէում, որի մասին թեթեւ խօսել ենք նաեւ ցանցառների ռադիօ֊ի համար #31 S02E02֊ի ժամանակ։

Կեանքը սակայն այնպէս ստացուեց, որ գործի տեղում ամէն ինչ արագ էր շարժւում իսկ ես չէի հասցնում, այդ պատճառով ես չկարողացայ ամէն օր մէկ գրառում անել։

Բայց ոչինչ, մենք այսօր ունենք Օրագիրը, որտեղ այս պահին կան 27 օգտագործողներ, 28 հատ բլոգ եւ 169 հատ գրառում։

Շատ շնորհակալութիւն գրանցուողներին եւ գրողներին։

Իսկ ինչ վերաբերւում է ազատ տեխնոլոգիաներին՝ Օրագիրը ունի RSS հոսք որը տրամադրում է ամէն բլոգի, ու նաեւ մէկ հատ RSS հոսք ամբողջ սերւէրի բոլոր բլոգների հանրային գրառումները կարդալու համար։

Կարօտել եմ քեզ, խօսք եմ տալիս աւելի շատ եւ աւելի շուտ գրել։

Մինչ նոր բլոգում։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով