Վեբը ինձ համար շատ կարեւոր է։ ուղղում՝ ազատ համացանցը ինձ համար շատ կարեւոր է։ Ես համացանցից շատ տարօրինակ ձեւ եմ սկսել օգտուել։ Մի քիչ պատմեմ։
Երկուհազարակնների կէսերին մենք տանը հերիք չէ ունեցանք համակարգիչ, այլ նաեւ համացանցի կապ Dial-Up֊ով։ սիրուն ձայներ էր հանում մոդեմը ցանցին միանալուց։
Մեր առաջին օպերատորն էր Սիրիայի երկու օպերատորներից մէկը՝ SCS-Net֊ը, որը փաստօրէն մինչեւ այսօր աշխատում է։ Իրենք ամէն օգտագործողի տալիս էին PPP հաշիւ, որը պէտք է գրէիր քո Dial-up֊ի կարգաւորումների մէջ։
Այդ նոյն հաշուով նաեւ ստանում էիր FTP թղթապանակ, IRC անուն եւ մեյլ հասցէ։ ենթադրում եմ, որ PAM֊անման մի բան էին արել։
Այդպիսով ես մտնում էի IRC, դեռ չիմանալով ինչ է IRC֊ն, եւ չաթւում էի անգլիախօս սենեակներում։ կային նաեւ խաղացողների (գեյմըրների) սենեակներ, որ պայմանաւորում էինք ու յետոյ միասին խաղում էինք առցանց խաղեր։
Շատ ոչ֊տարօրինակաբար կային նաեւ համակարգչային մասնագէտների սենեակներ, հիմնականում համալսարանականներ էին եւ խօսում էին ծրագրաւորման լեզուներից։ ես արդէն պասկալ գիտէի, իրենք համալսարանում Ջաւա էին անում, մի մասն էլ C++, մի մասն էլ այլ բաներ։ Այդ ժամանակ միայն C֊ի եւ Ջաւա անունների հետ էի ծանօթ։
Այսինքն, ի սկզբանէ ես օգտագործում էի ազատ համացանց, քանի որ ուղարկում/ստանում էի մեյլ հայրիկի անունով, խօսում էի սենեակներում եւ ափլոդում էի անկապ նկարներ այդ 100Mb պահոցի մէջ։
Մէկ֊երկու տարի անց, ես եւ իմ դասարանցի Օվսաննան միասին խօսում էինք Jonas Brothers֊ի նոր ալբումի մասին՝ A Little Bit Longer, որը յայտարարել էին MySpace֊ում (իսկ դու յիշո՞ւմ ես ինչ է ՄայՍփեյսը), ու նա ինձ ասած, որ գրանցուել է ՄայՍփեյսում եւ տեսել է եղբայրների մեյլը։
Մեյլը նայեցի, գրած էր forjonasfans@gmail.com
(կամ նման մի բան)։ Մտայ gmail.com եւ տեսայ որ ասում ա «դէ բա գրանցուի, ու մեյլ ուղարկի» ես էլ գրանցուեցի, որ իրենց մեյլ ուղարկեմ։
Յաջորդ օրը գնում եմ եւ պատմում Օվսաննային, որ նամակը ուղարկել եմ, ու նա ինձ ասած ո՞նց, ՋիՄեյլում գրանցուեցի՞ր։ ասեցի՝ հա, տարօրինակ ա, դէ ես scs-net.sy֊ի հաշիւ ունէի, բայց երեւի իրենք ուզում էին գրանցուեմ։
եւ ծուղակն ընկայ։ շատ տարօրինակ էր ինձ համար։ ու սկսեցի կարդալ իմեյլի մասին, ու հասկացայ ինչ է SMTP֊ն։ ու հասկացայ որ կարող էի չգրանցուել այլ մի անգամից իմ մեյլից ուղարկել։
Այդ օրուայ միակ լաւ բանն էին էր, որ մինչեւ այսօր ունեմ այ Google֊ի հաշիւը, իմ միակ գուգլի հաշիւն է, որը պատմական մնացել է։ ինչեւէ։
Ժամանակի ընթացքում սկսում ես սովորել ազատ տեխնոլոգիաների եւ ազատ համակարգերի մասին, բայց արի ու տես, որ այդ մեծ կորպորացիաները հերիք չէ փող են աշխատում բաց տեխնոլոգիաներով (ապրէք, լաւ էք անում, բան չունեմ ասելու) մի հատ էլ լաւ մոնոպոլիայ բռնելուց յետոյ ուզում են սպանել տարբեր տեխնոլոգիաներ։ ինչպէս Գուգլն է փորձում սպանել մեյլը, վեբը, RSS֊ը, Էփլն է փորձում սպանել PodCast RSS֊ը եւ մտածում փակելու մասին, եւ այլն։
Հետ գանք մեր բուն թեմային։
Յունուարի վերջերն էր, շատ կարեւոր բան էի որոշել, աւաղ՝ շատ սխալ ժամանակ։ Ցանկանում էի կատարել մի շարժում, որին ուզում էի կոչել #վեբրուար։ նոյն ինքը՝ վեբի փետրուար։ Webruary, Web February։
Այդ ամէնի նպատակն էր մարդկանց տանել աւելի ազատ համակարգ, որ մարդիկ վեբում գրեն։ ոչ թէ Medium֊ում, ոչ թէ Telegram Channel֊ներում, ոչ թէ ֆեյբուքներում։ այլ հենց համացանցում։
Մէկ օր՝ մէկ գրառում։ այդքան բան։
Իհարկէ, ամէն անգամ երբ նման ձայն եմ բարձրացնում, մի խումբ մարդիկ են գալիս եւ ինձ ասում «բա լաւ ալտերնատիւ առաջարկի՝ միանանք»։ Այս անգամ որոշեցի ալտերնատիւ առաջարկեմ։
Ինձ պէտք էր մի համակարգ, որը մարդկանց թոյլ կը տայ գրանցուել, գրել, հրապարակել։ Ու դրա համար ես գտայ մի ծրագրային ապահովում որը կոչւում է WriteFreely։
Շատ արագ վերցուցի Օրագիր.հայ դոմեյնը եւ այդ ծրագրային ապահովում տեղակայեցի իմ Jail֊երից մէկում՝ Պինգուինաշէնի վրայ։
Եւ այսպիսով մենք ունենք Օրագիրը` օրագիր.հայ հասցէում, որի մասին թեթեւ խօսել ենք նաեւ ցանցառների ռադիօ֊ի համար #31 S02E02֊ի ժամանակ։
Կեանքը սակայն այնպէս ստացուեց, որ գործի տեղում ամէն ինչ արագ էր շարժւում իսկ ես չէի հասցնում, այդ պատճառով ես չկարողացայ ամէն օր մէկ գրառում անել։
Բայց ոչինչ, մենք այսօր ունենք Օրագիրը, որտեղ այս պահին կան 27 օգտագործողներ, 28 հատ բլոգ եւ 169 հատ գրառում։
Շատ շնորհակալութիւն գրանցուողներին եւ գրողներին։
Իսկ ինչ վերաբերւում է ազատ տեխնոլոգիաներին՝ Օրագիրը ունի RSS հոսք որը տրամադրում է ամէն բլոգի, ու նաեւ մէկ հատ RSS հոսք ամբողջ սերւէրի բոլոր բլոգների հանրային գրառումները կարդալու համար։
Կարօտել եմ քեզ, խօսք եմ տալիս աւելի շատ եւ աւելի շուտ գրել։
Մինչ նոր բլոգում։
Ասանկ բաներ…