Օրական պահոցներ՝ 26 Օգոստոսի, 2021

Ասք նարնջագոյն կայքում յայտնուելու մասին

Հա վայ, քանի խօսում ենք տան սէրւէրների մասին.

Իմ ընթերցողների մեծ մասը արդէն ոչ թէ Հայաստանից են, այլ՝ ոչ֊Հայաստանից։ Բնականաբար երբ գրում եմ ասենք FreeBSD֊ի մասին ապա այդ գրառումը կարդացողները Հայաստանից չեն լինելու։ Հայաստանում մարդիկ չեն կարդում գրառումներ հաւէսի համար։ Հաւանաբար կը կարդան գործի համար։

Բայց վերջերս իմ գրառման յղումն էր յայտնուել HackerNews֊ում։ ՔՆեցի արթնացայ ու տեսնեմ որ լիքը մարդիկ, կրկին անգամ, մեյլ են գրում, հարցեր են տալիս ու մեկնաբանութիւն են թողնում։ Գրում են «վայ ոնց եմ հասկանում քեզ» կամ «էս ինչ ես տուֆտել»։ Գրում են «Հասկանում եմ թէ ինչով ես անցնում» կամ «Ոնց որ 90֊ականներից լինես, գնայ Ամպ օգտագործի»։

Բայց կարեւորն այն է, որ իմ սերւէրը իմ տանն է։ Ու տասնեակ հազար անգամ մտել են այդ էջը, ու մի քանի հարիւր անգամ հարցում է եկել իմ տան սերւէրին ու նա շատ հանգիստ սպասարկել է ամէն ինչ։

Meanwhile մարդիկ օգտագործում են Docker֊ներ, Cloud֊ներ ու զր֊2֊զիբիլներ մի քանի օգտատիրոջ սպասարկելու համար, քանի որ դա «քուլ» ա։

Քուլ լինելը խնդիր չի լուծում։ Ու տանը սերւէր պահելը քիչ տրաֆիկի կամ անցեալում ապրելու մասին չի։

Ասանկ աղուոր բաներ…

Պատասխանել մեյլով

Ասք Հայաստանում սերւէրներ պահելու մասին

Երկրորդ անգամ վերադարձայ Հայաստան 2015֊ին, Աշուն էր։ Ունէի երկու շատ կարեւոր խնդիր լուծելու։ Մէկը՝ ունենալ իդէալական դիւրակիր մեքենայ՝ երկու հատ. մէկը՝ կարգիչ, միւսը՝ հեռախօս։ Մինչեւ այսօր չեմ գտել իդէալականը, միշտ իդէալականին շատ մօտ են լինում (Դելլ Լաթիթուդ, Լենովո ՄտածելաՓադ), կամ էլ քիչ մօտ (Խնձոր Մակբուք Պրո)։ Հեռախօսները լրիւ ուրիշ հարց ա՝ մօտս միշտ ունեմ Աֆյոն, Անդրոիդ եւ Լինուքսով հեռախօս (Այս պահին՝ Սեյլֆիշ)։

Բայց վիճակը միշտ էլ այդպէս է եղել, հաշւողական մեքենաների լուսաբացից մինչեւ մութ ապագայ։

Սակայն «back-end»֊ում աւելի ազատ միջավայր ունենք այսօր։ Չնայած նրան որ 90֊ականների վերջը ու 2000֊ականների սկիզբը եղել են ամենավատ տարիները՝ երբ աշխարհի կէսը օգտագործում էր Վինդոզ սերւէրներ եւ այլ սեփականատիրական ՕՀ֊ներ, հիմա՝ վիճակը շատ աւելի լաւ է։

Բոլորս օգտագործում ենք Լինուքս մեքենաներ, բոլորս օգտագործում ենք ազատ ԾԱ, ոչ մէկ չի սիրում IIS֊ին, բոլորը սիրում են Apache եւ Nginx։ Իսկ ե՞ս։ դէ ես ամբողջ օրը բողոքում եմ միակուլտուրաներից՝ բոլորը գիտեն միայն JS, բոլորը գշում ենք միայն լինուքս։ Բայց դէ դրա մասին կը խօսանք ուրիշ օր։

Երկրորդ խնդիրը, որն ուզում էի լուծել Հայաստան հասնելիս, դա այսպէս ասած «տան սերւէր»֊ն էր։ Ես սիրում եմ տանը պահել իմ տուեալները։ Բացատրեմ.

Ես Հայաստանում եմ, ու հիմնականում՝ իմ տանը։ Եթէ իմ տանը չեմ, ապա գոնէ իմ տան մօտակայքում եմ՝ Երեւանում։ Իմ ընթերցողները (չնայած ոչ վերջերս) հիմնականում Հայաստանից են, իմաստ չկայ ունենալ մեքենայ որը կը լինի դրսում՝ AWS֊ում, Digital Ocean֊ում, եւ այլն։

Ինձ համար միշտ անհասկանալի էր թէ ինչու Հայաստանեան ընկերութիւնների մեծ մասը, եթէ ոչ բոլորը, իրենց սերւէրները պահում են դրսում։ Ամենաանհասկանալին ինձ համար դա gg֊ն էր։ gg֊ն պէտք է լինի real-time, պէտք է լինի հնարաւորինս արագ, պէտք է լինի Հայաստանում։ Իրենց օգտագործողների 99%֊ը Հայաստանից են։

Սակայն արի ու տես, որ gg֊ի սերւէրները գտնւում են ոչ Հայաստանում։ տեղակայուած է Azure֊ի վրայ, ըստ IP GeoLocation֊ի այն գտնւում է Իռլանդիայում։ Գուցէ լինի այլ երկրում, ասենք՝ Ֆրանսիայում։

Մի քանի տարի առաջ Expo֊ի ժամանակ իրենց հարցրեցի թէ ինչո՞ւ, եւ իրենք ասեցին «դէ մեզ ժամանակակից բաներ է պէտք ինչպիսին է Kubetnetes֊ը»։ Երեւի չեն գիտակցել, որ կարող ես նման բաները տեղակայել կամայական մեքենայի վրայ։

Բայց լաւ, եկէք նայենք այլընտրանքներին։ Ես ահագին տեխնոլոգիապէս զարգացած գիտելիքներ ունեմ։ Իմ տանը իմ (ու ոչ միայն իմ) սերւէրներն եմ պահում։ Ապահովում եմ հոսանքով, ցանցով։ Իմ սերւիսները շատ սիրուն բաժանուած են բեռնարկղների (container֊ների) մէջ, ու չէ՝ ինձ Docker/Kubernetes պէտք չի դրա համար, ես օգտագործում եմ FreeBSD Jail։

Բայց Հայաստանեան ընկերութիւնների մեծ մասի համար սա շատ բարդ խնդիր է։ Ներկայ «ադմինների» (կամ իրենց լեզուով ասած DevOps֊ների) մեծ մասը չգիտեն սարքաւորումների հետ աշխատել, ինչպէս ապահովել արագութիւն սկաւառակների, ինչէս պահել մի մեքենայ որը պէտք է 5 տարի աշխատի, ինչպէս աւտոմատացնել ցանցը եւ այլն։ Իսկ որոնք որ գիտեն, քանակով քիչ են։ Պահանջարկը շատ ա։ Քեզ “DevOps” սովորեցնողը կասի որ դրա մասին իմանալը իմաստ չունի, ապագան ամպն ա, բայց ինքը տնտեսական գիտելիք չունի, չգիտի՝ շատ դէպքերում աւելի էժան ա նստում քո տարածքում, քաղաքում, երկրում դնելը եւ գումարը մի անգամից դէմից տալը, քան թէ վարձելը։ Չգիտի, որ մէկը միւսին փոխարինող չի, մէկը միւսին ամբողջացնող ա։

Բնականաբար լուծումն այն է, որ վարձես մեքենան եւ ակնկալես սպասարկում երրորդ կողմից։

Երանի խնդիրը այդքան հեշտ լուծուեր։ Ես շատ սխալուեցի այստեղ։

Պարզւում ա, որ Հայաստանում չկայ լաւ տարբերակ, եւ շուկան մինչեւ այսօր լցուած է շատ վատ որակով։

Մի կողմից ունես 2000֊ականներում ապրող այսպէս ասած Hosting ընկերութիւններ, որոնք քեզ տալիս են ինչ֊որ տարածք, որի վրայ աշխատում է վեբ սերւէր եւ ինչ֊որ ծրագրաւորման լեզու, հիմնականում՝ PHP, Perl եւ այլ տեսակի CGI֊ներ։

Միւս կողմից ունես ընկերութիւններ ովքեր տրամադրում են շատ վատ uptime֊ով, միշտ գնացող֊եկող ցանցով, ու հիմնականում՝ առանց մոնիտորինգի։ Դէ գոնէ public monitoring֊ի։ Երանի խօսքը միայն status page֊ի մասին լինէր։

Այս պահին բոլոր տրամադրողների մօտ ունեմ մեքենաներ իմ ներկայ կամ անցեալ յաճախորդների համար։

Եւ մտայ մեքենաների մէջ։

Եւ բոլորի uptime֊ը ցածր էր։ Ասենք 34 օր։ Ասենք 3 օր։ ասենք 2 ժամ։

Իսկ ես կամ յաճախորդներս ոչ մի նամակ չենք ստացել այդ մասին։ Չենք ստացել նամակ որ 2 ժամ առաջ մեքենան պէտք է reboot անէին։ Չենք իմացել որ 3 օր առաջ իրենց ցանցը գնացել է 30 րոպէով։ Չենք ստացել նամակ որ 34 օր առաջ ունենցել անջատում՝ թարմացումներ անելու համար։

Եւ ահա, ես հասկանում եմ թէ ինչու gg֊ի կամ menu֊ի նման ընկերութիւնները իրենց մեքենաները չեն դնում Հայաստանում, չնայած նրան որ գործում են միայն այստեղ։

Խնդիրը այս պահին ունի մէկ լուծում՝ տրամադրել շատ լաւ սպասարկում Հայաստանեան շուկայի համար։

Խնդիրը սակայն շատ դժուար է լուծել։ Շատ դժուար է համոզել այս ընկերութիւններին որ գան Հայաստան։ Իրենք լոյսը չեն տեսնի։

Բայց իրենք նաեւ չեն հասկանում, որ շատ դէպքերում իրենք են լինելու անհասանելի։ Մենք ապրում ենք Հայաստանում, եւ կամայական պահի գուցէ անջատուի մեր կապը աշխարհի հետ։

Դու չես կարողանայ տաքսի կանչել, կամ ուտելիք պատուիրել։ Կամ նոյնիսկ ընկերոջդ հետ խօսալ։ gg֊ն Հայաստանում չի, Menu֊ն Հայաստանում չի։ Telegram֊ը Հայաստանում չի։

Ես գոնէ կարող եմ իմ ընկերների հետ խօսալ։ Մեր չաթ սերւէրը Հայաստանում է։

Եւ ահա այն երկիրը, որի ՏՏ ոլորտը զարգացած է։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով