Կարգերով պահոցներ՝ Մտքեր

Անդրանիկ Վարդանեան

4 Հունվարի, 2023

Մտածում եմ նոր կայք բացել, ասենք photos.antranigv.am, որի ամբողջ իմաստը կը լինի նկարներ տեղադրել։ Երեւի կարող եմ բոլոր նկարներս էլ բերել Flickr֊ից։

Դեռ վստահ չեմ, եթէ ուզում եմ նման բան անել ու նոյնիսկ չգիտեմ, դա անեմ WordPress֊ով թէ ինչ֊որ այլ համակարգով, հաստատ չեմ ուզում լինի Hugo, բայց համապատասխան աւտոմատացումն եթէ անեմ, երեւի արժի։

Միւս հարցն այն է, որ չեմ ուզում անկապ մեդիա լցնել սերւէրի մէջ, դրա համար է Flickr֊ը շատ լաւ լուծում, այս պահին, գոնէ։

Տեսնենք, տեսնենք…

Պատասխանել մեյլով

աշխատանքներ 2023 թուականի համար

այս տարի ահագին գործ կայ անելու։ Սկսեմ թուարկել հերթով

  • թարմացնել բոլոր կայքերը որ օգտագործում են oblox համակարգը
  • թարմացնել Խօսենքը
  • թարմացնել սերուէրը եւ սերուէրի բոլոր ծրագրերը
  • ստեղծել հայերէն RSS ընթերցիչ
    սրա համար արդէն ահագին աշխատանք ենք արել. որոշել ենք թէ որ ծրագրերն ենք fork անելու ու խօսել եմ այդ ծրագրերի հեղինակների հետ ու ստացել իրենց «պաշտօնական» թոյլտւութիւնը։
  • վերակենդանացնել Systems We Love — Armenia համայնքը

գիտեմ, շատ բան չեմ գրել ու դա դիտմամբ է տենց։ բայց եթէ այս հինգից երեքն էլ իրականանան ապա ահագին գոհ կը լինեմ։

կը փորձեմ ամէն երեք ամիսը մէկ հետ գալ այս ցուցակին ու տեսնել, թէ ուր ենք հասել։

Ասանկ բաներ…

յ.գ. ներեցէք ուղղագրական սխալները, գրառել եմ այՓադով

Պատասխանել մեյլով

Ասք Կաթով Թեյի Մասին

Երեկ կօֆէն գրել էր.

մեկ մեկ կարող է նույնիսկ կաթով թեյը մի ամբողջ աշխարհ նշանակել ^^

Որտեղ տիգրանը հարցրեց.

ո՞նց ես սարքում

Որպէս մեր տան կօֆէ եւ թեյ պատրաստող, ահա պատմեմ՝

թեյնիկով տաքացնում եմ ջուրը։ ապա այլ թեյնիկի մէջ (այսուհետ՝ չայնիկ) դնում եմ երկու֊չորս գդալ ուրց, կէս֊մէկ գդալ նանա (մէկ֊երկու հոգու համար, համապատասխանաբար), եւ ճկուտիկի (ԻՄ ճկուտիկի) չափով դարչին։ թեյնիկի ջուրը եռալուց յետոյ լցնում եմ չանիկի մէջ եւ սպասում եմ ութից տաս րոպէ։

Ապա թեյի բաժակի մէջ եմ լցնում։ Եթէ կաթով, ապա լցնում եմ կէսը կաթ, կէսը թեյ։ Շատ կարեւոր է, որ նախ կաթը լցնես, յետոյ թեյը։ կաթը չեմ եռացնում, բնաւ։ օգտագործում եմ բուսական կաթ՝ Ջոյայի Սոյան։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Անդրանիկ Վարդանեան

8 Նոյեմբերի, 2022

Տանը հինգ հատ խցիկ ունենք՝ երեք հատ անալոգ, երկու հատ թուային։

Բայց արի ու տես, որ մեր նկարների 99%֊ը նկարում ենք մեր հեռախօսներով՝ այՖոններով կամ Պիքսելով։

Պատասխանել մեյլով

Ասք դրօշակների մասին

Դրօշակների (կամ ինչպէս շատերն են ասում՝ դրօշների) հանդէպ իմ սէրը նկատել եմ դեռ դպրոցում։ Ամէն երկուշաբթի դպրոցի բակում տէրունական աղօթքը եւ ազգային քայլերգը երգելու ժամանակ բարձրացնում էինք դպրոցի, Սիրիայի եւ Հայաստանի դրօշակները։

Բայց իմ սէրը աւելի պնդացաւ երբ լսեցի Ռոման Մարսի TED ելոյթը՝ «Ինչու՞ քաղաքների դրօշակները կարող են լինել ամենավատ ձեւաւորած բանը, որը դուք երբեք չէք նկատել»։

Ու սկսեցի աջ ու ձախ դրօշակներ նկատել։Իհարկէ, իմ ամենասիրած քաղաքի՝ Ռոտէրդամի դրօշակը ամենասիրուն դրօշակներից մէկն է, որ տեսել եմ՝ կանաչ, սպիտակ, կանաչ։ Կանաչը քաղաքի գոյնն է, իսկ արանքում գտնուող սպիտակը նկարագրում է քաղաքի գէտը՝ Ռոտէ գէտը։

Ռոտէրդամի դրօշակը

Ու ինչքան խորանում ես դրօշակների մէջ, այնքան հասկանում ես, որ մեր դրօշակները հեչ լաւը չեն, ու խօսքը միայն քաղաքների դրօշակների մասին չէ, բնաւ։

Հայաստանի Հանրապետութեան դրօշակը՝ կարմիր, կապոյտ, նարնջագոյնը, հեչ իւրայատուկ չի, աւելին՝ այնքան իւրայատուկ չի, որ 1796 թուականին ծնուած ու մեռած Ալբայի Հանրապետութեան դրօշակն է։

Ալբայի Հանրապետութեան Դրօշակ

Բայց այդքանը հերիք չի, ասենք Երեւան քաղաքի դրօշակը ուղղակի Երեւան քաղաքի զինանշանն է սպիտակ կտաւի վրայ տասներկու սլաքներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները։

Երեւան քաղաքի դրօշակ

Ու ինչքան խորանում ես՝ հասկանում ես, որ մեր մօտ դրօշակները պակաս են, առհասարակ՝ չկան։

Մեր գլխաւոր ու ամենասիրած քաղաքները մինչեւ այսօր չունեն դրօշակներ. Դիլիջանը, Վանաձորը, Ջերմուկը եւ այլն։

Հասկանում եմ՝ երկրում շատ խնդիրներ կան, որ պէտք է լուծել։ Բայց եթէ ինչ֊որ մի տեղից սկսել է պէտք, որ մարդիկ զգան իրենց ազդեցութիւնը քաղաքական եւ քաղաքացիական հարցերում, որ զգան թէ ինչպէս են կերտում իրենց երկիրը, ապա դրօշակները շատ լաւ սկսելու տեղ են։

Հասկանում եմ, որ Երեւանի դէպքը ահաւոր բարդ ա, բնակիչները շատ են, բայց ինչ հաւէս կը լինի, չէ՞, եթէ փոքր համայնքների ու քաղաքների բնակիչները միասին հաւաքուեն ու սկսեն աշխատել իրենց դրօշակների վրայ։ Այդ դրօշակները կսկսենք տեսնել ամէն տեղ՝ փողոցում, կօֆէի բաժակների վրայ, մեքենաների համարանիշերի վրայ եւ այլն։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Անդրանիկ Վարդանեան

5 Նոյեմբերի, 2022

Վատ ժամանակներ բոլորիս մօտ լինում են։ Ինձ մօտ՝ շուտ֊շուտ։ Կամ աւտօվթար եմ անցկացնում, կամ ֆինանսական ճգնաժամ, կամ էլ ուղղակի տխուր եմ, որ մի բան լաւ չի ստացւում։

Յետոյ սկսում եմ յիշել Դեյուիդ Ֆոսթերի «This is water» վերնագրով ելոյթը, տանում եմ իր ասածները մի քանի քայլ աւելի խորը եւ հասկանում, որ սա էլ ջուր է։

Կեանքը միայն վերելք չի, ունի անկում, ունի պայքար, ունի ե՛ւ ուրախ ե՛ւ տխուր օրեր։ Ե՛ւ լաւ ե՛ւ վատ ժամանակներ։

Կարեւոր է յիշել, որ ես մենակ չեմ, որ ինձ նման շատ մարդիկ կան, նոյնիսկ՝ աւելի վատ վիճակում։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով