Հեղինակների պահոցներ՝ Անդրանիկ Վարդանեան

Անդրանիկ Վարդանեան-ի մասին

Համահիմնադիր @ իլլուրիա։ Փոխտնօրէն @ Մութ Ուժեր™։ Խոնարհ ծառայ @ Համացանց։ միշտ կարգիչի դիմաց։ հիմնականում անվնաս։

Ասք Պարսիկ Առաքիչի եւ Իսպանական Առաքման մասին

Երեկ գիշեր, ինչպէս միշտ, սոված էինք։ Արագի մէջ մտայ Գլովոյի էփը եւ Աբու Հակոբից պատուիրեցի ֆալաֆել եւ սուջուխ։

Կէս ժամ անց զանգ եմ ստանում, առաքիչն է, ասում է (անգլերէնով) «կը ներէք, ձեր դամաֆոնը երեւի չի աշխատում, ես փորձեցի ձեր նշած համարները, բայց խնդիրը տուեց»։ Ասացի իրեն, որ խնդիր չկայ, ես հիմա կիջնեմ ներքեւ։

Տեսայ, որ դիմացի շէնքի մօտ է կանգնած։ Մօտեցաւ ինձ, տուեց առաքանին եւ զրուցեցի իր հետ, անգլերէնով.

— Հայերէն խօսո՞ւմ ես
— Միքիչ, բայց անգլերէն եմ նախընտրում
— Որտեղի՞ց ես
— Պարսկաստանից
— Ահ, յաճելի է եղբայր։ Դու ճիշտ հասցէով ես գնացել, ուղղակի մեր շէնքը Ա֊ով է վերջացնում, որը չկայ քարտեզի վրայ։
— Ոչինչ։ Ձեր համարը նշած էր։

Հիմա, մարդը իր գործը ճիշտ է անում՝ զանգել միայն այն ժամանակ երբ խնդիր է լինում։ Սակայն եթէ «տեղացի» առաքիչ լինէր, ապա անկախ ամէն ինչից զանգում են, այս երկրում ամէն ինչ զանգելով ա, միշտ։

Իսկ Գլովոն ենք սկսել օգտագործել որովհետեւ, դէ, Menu.am֊ի էփը տեսե՞լ էք, կամ կայքը, լաւը չի, բնաւ։ Շատ ուրախ եմ, որ նորմալ մրցակցութիւն կայ։

Իսկ քարտեզի պահով, դէ, արդէն քանի ամիս է Գուգլին ուղարկել եմ, որ այստեղ սենց շէնք կայ, բայց բանի տեղ չեն դնում։ Միւս կողմից՝ OpenStreetMaps֊ում ամէն ինչ աւելի ճիշտ է Հայաստանում։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

«Ինչպէս էք»֊ը որպէս «զեղչի քարտ»

Այսօր օֆիս գնալուց թիմին գրեցի թէ ի՞նչ բերեմ հետս եւ անդամներից մէկն ասեց «ելակ կը բերե՞ս 🥺»։

Ճանապարհին մտայ Ամիրեան֊Մաշտոց խաչմերուկին գտնուող ՍԱՍ խանութը։ Յիշեցի, որ այդտեղ մրգեր չունեն եւ որոշեցի դրսից առնել։

Խանութի դիմաց կանգնած էր մի երիտասարդ, ով վաճառում էր ելակ ու ցոգոլ։ Մօտիկացայ իրեն.

— Բարեւ ձեզ, ինչպէ՞ս էք։
— Լաւ, դո՞ւք։
— Լաւ, մերսի։ Ելակն ի՞նչ արժէ։
— [Էս] Ութ հազար եւ [սա] հինգ հազար… որ հարցրեցիք «ինչպէ՞ս էք» ձեր համար եօթ հազար եւ չորս հազար։
— Չորս֊հազարանոցից մի տուփ, խնդրում եմ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Գիւմրի, օր առաջին

Արդէն քանի շաբաթ է ինքներս մեզ համոզում ենք «պէտք է Երեւանից դուրս գալ», ու չնայած նրան, որ Երեւանում շատ բան կայ անելու, հիմնականում մեր օրը միշտ նոյնն է անցնում՝ տուն֊գործ֊գործ֊տուն։

Վերջապէս որոշեցինք, որ գնալու ենք Գիւմրի։ Մեր ընկերներից մէկը՝ Ջէքը, եկել է Հայաստան, իսկ մենք մեղաւոր էինք զգում, որ իր առաջին գալստի ժամանակ՝ անցեալ տարի, իրեն ոչ թէ միայն Երեւանից դուրս չէինք հանել, այլ նոյնիսկ՝ կենտրոնից։

Ուրիշ քաղաք «գնալ ու մնալ»֊ու համար երկու պահանջ կայ բաւարարելու՝ գտնել գնալու միջոց, գտնել մնալու տեղ։

Շարունակել կարդալ

Պատասխանել մեյլով

Երկու Փոփոխութիւն, Շատ Տարբերութիւն

Մի քանի օր առաջ Կօֆէն թութել էր այն մասին, որ վերջին երկու շաբաթում ահագին փոփոխութիւններ եմ արել։ Իրականում. երկու փոփոխութիւն եմ արել, մնացածը արդիւնքներն են այդ փոփոխութիւնների։

Առաջին՝ հաց ու շաքար հանել եմ ամբողջովին իմ սննդակարգից։

Սա, իհարկէ, բնաւ նորութիւն չէ։ Սրան ասում են Կետո սննդակարգ, քանի որ մարմինդ ամբողջ ընթացքում լինում է կետոսիսի մէջ։

Երկրորդ՝ քնելուց առաջ բոլոր ժամանակակից սարքաւորումները թողնում են այլ սենեակում։ Կամ մեր դէպքում՝ այլ հարկում։ (լօֆթում ենք ապրում)։

Հարց է առաջանում, էդ դէպքում՝ ինչպէ՞ս արթնանալ։ Իրականում պատասխանը շատ պարզ է՝ պէտք է ուղղակի ունենալ ահաւոր բարձր ձայն հանող, ահաւոր նեռւերիդ վրայ ազդող անալոգ ժամացոյց։

Այսքանը անելով հիմա կարողանում եմ առաւօտ շուտ՝ ժամը 8:15 արթնանալ, սարքերիս չեմ կպնում ու դրա փոխարէն անում եմ մնացած ամէն ինչը՝ լուացուելը, լողանալը, կօֆէ խմելը եւ այլն։ Հագնւում եմ ու վերջում միացնում կարգիչը։

Գիշերներն էլ սկսենք ենք շուտ քնել։ Դէ շուտը յարաբերական է, ասենք ժամը 1֊ին, որը մեր շուտն ա։

Օրը 7 ժամ քնելը ինձ հերիք է, հիմնականում առանց զարթուցիչի եմ արթնանում արդէն։

Բայց ինչ խօսք, ահագին փոխւում ես տարիքի հետ, առաջ ինչ էի, ու հիմա ինչ դարձայ։

Ամէն դէպքում՝ կայուն առօրեայ ունենալը ամենալաւ բաներից մէկն է։

Սակայն չեմ կարծում, որ կարող էի այսքան լաւ արթնանալ եթէ հացն ու շաքարը չհանէի իմ սննդակարգից։ Առաջ էլ էի թողարկել այս փորձարկումը սակայն երբէք չէի կարողանում արթնանալ։

Հա, մէկ էլ՝ սկսել ենք գիշերները դեկաֆ կօֆէ խմել, սովորական՝ լուծուող սուրճի փոխարէն։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Մտքեր №201933

Մոռացել էի ասել, որ այդ երկար գրառումը արեցի, եւ մանրամասն գրեցի թէ ինչպէս է աշխատում իմ OPML֊ի համակարգը։ Իմ գլխաւոր էջն արդէն դրանով է աշխատում ու եթէ ժամանակ ունենամ ապա մի օր ամբողջական բլոգելու համակարգ կը սարքեմ դրանով։

Չէ, չեմ նախատեսում նենց անել, որ ուրիշներն էլ հեշտութեամբ օգտագործեն, իմ կարիքների համար եմ անում, չնայած նրան, որ հաստատ օփն֊սորս եմ անելու ու հանրային հրապարակելու եմ։

Իմ համար գլխաւոր հարց է մնում այն, որ կարողանամ ստանալ ՌՍՍ հոսք, քանի որ առանց ՌՍՍ հոսքի էլ ի՞նչ համացանցի բլոգ։

Սակայն հիմա ունեմ փորձնական մի «բլոգ», որը չունի ՌՍՍ հոսք (դեռ) բայց դէ տեսնենք ինչ կստացուի։

Մինչ։

Պատասխանել մեյլով

Մտքեր №111557

Ահագին տանջուելուց յետոյ կարողացայ համայնքներ.հայ կայքը դարձնել OPML ֆայլ։ Առաջ ուղղակի HTML ֆայլ էր, որը խմբագրում էի ձեռքով, բայց դա ինձ բնաւ դուր չէր գալիս։ Իսկ հիմա ֆայլը արդէն նորմալ, մարդկային Outline է, որը սարքել եմ Electric Drummer֊ով։ Ապա օգտագործել եմ XSLT լեզուն այն HTML դարձնելու համար։

Իհարկէ, մանրամասները կը գրէի, բայց դէ երեւի դա կանեմ անգլերէն բլոգում։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

{{ԱսքՎիԷլՎիիՄասին}}

Մի քանի օր առաջ գրանցուեցինք ««ՎԻ-ԷԼ-ՎԻ ԷԼԵԿՏՐՈՆԻՔՍ» ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑ»֊ի կայքում։ Իհարկէ, գրանցման ժամանակ մեյլ է գալիս ինքնութիւնը հաստատելու համար։

Ահա եւ մեյլը՝

Եթէ ձեզ թւում է թէ վատն այն է, որ նամակի վերնագիրն է ({ValidateYourEmail}} (մոռացել են render անել) կամ, որ նամակի մէջ գրած է {{CopyPasteLink}}, ապա հաստատ չէք նկատել, որ From:֊ը նշած է vlvonline2020@gmail.com։

Դէ լաւ, նորմալ մեյլ ուղարկելը ահագին բարդ գործ է, հասկանում եմ, ես էլ եմ շատ ժամանակ սխալ աւտոմատացրել, ես էլ եմ շատ անգամներ ընկել սպամի մէջ։

Բայց չէ, հետաքրքիր մասը սկսում է երբ մտնում ես իրենց կայք՝

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Թուիթերը ցաւ ա

Ինչ խօսք, մենակ Տելեգրամը չի, որ գլխացաւ է։ Այսօր մի քանի ժամ ծախսել եմ Թուիթերը միացնելու համար։ Հազար ու մի ձեւ փորձում են բարդացնել ամէն ինչը։ Մինչուայլ մաստոդոնում մի հատ request֊ով կարողանում եմ ամէն ինչ աւտոմատացնել։

Խնդալուն այն է, որ Հուգինի պաշտօնական ձեւով չստացուեց, ես ստիպուած էի առանձին գործիք սարքել, որը Իւնիքս֊ի հրամանով է թուիթ անում։

Ամէն դէպքում, կարողացայ նաեւ այն սարքել multi-account. ահա, նաեւ խօսենքի անունից թուիթում եմ։

Պատասխանել մեյլով

Մտքեր №88612

Մի քիչ տանջուելուց յետոյ կարողացայ միացնել Տելեգրամն ու Թութը։ Արդէն կարելի է մաս֊մաս միացնել նաեւ Լիլիթի բլոգը, իմ անգլերէն բլոգը եւ այլ նախագիծներ որ ունեմ, ասենք Խօսենք֊ը, Systems We Love֊ը, եւ այլն։

Պէտք է ասեմ, ահագին հաւէս է նման համակարգերի հետ աշխատելը։

Հիմա պէտք է հասկանամ ինչպէս միացնել Թուիթերին ու սովորական HTTP Webhook֊երին։

Ամենահաւէսը՝ գրաֆ էլ է գեներացնում։

Պատասխանել մեյլով

Մտքեր №04788

Մի քանի ժամ տանջուելուց յետոյ կարողացայ վերջապէս Հուգինը պորտ անել FreeBSD֊ի վրայ։ Աւաղ JavaScript Agent֊ը չի աշխատում, այսինքն չեմ կարող JS գրել համակարգի մէջ, բայց մնացած ամէն ինչն աշխատում ա։

Տարորինակաբար (կամ երեւի ոչ այդքան), ամենաբարդ մասը յայտնի համակարգերն աւտոմատացնելն ա, ասենք Telegram֊ը։ Իսկ բաց բայց ոչ յայտնի համակարգերը, ասենք թութն ու ջաբերը, ահաւոր հեշտ ա աւտոմատացնել։

Տեսնենք եթէ կը կարողանամ փոստերն ուղարկել Տելեգրամ։

Պատասխանել մեյլով