Փոդքասթների հոսքերի մասին

Երեկ ընկերներիցս մէկին հարցուցի «Պոդքաստ ո՞նց ես լսում» ու ինքը ասեց «դէ հիմնականում նայում եմ YouTube֊ով», ուղեղս մի անգամից միացրեց “Does not compute” վիճակը։ Ինձ շատ անհասկանալի էր թէ ինչպէս ես նայում պոդքասթ ԻւԹիւբով, ի վերջոյ, ԻւԹիւբը չունի հոսքերի գաղափար։

Ահ, յետոյ հասկացայ, նկատի ունի թէ Պոդքասթի տեսահոլովակն է նայում։

Իրականում Պոդքասթը երկու տեխնոլոգիաների միացումն է։ Նախ քեզ պէտք է RSS հոսք, որտեղ կը լինի հոսքի տուեալները, օրինակ անունը, նկարը, նկարագրութիւնը եւ այլն, ինչպէս նաեւ ամէն մի դրուագի նկարագրութիւնը եւ ձայնային/MP3/M4A ֆայլերի յղումը։ Երկրորդ, քեզ պէտք է մի ծրագիր, որը հասկանում է էդ հոսքը եւ միացնում է այդ ձայնային ֆայլը։

Մէկ կամ երկու տարի առաջ կար մի նախաձեռնութիւն, «Լսիր Ինձ Հիմա», որը փոքր դրամաշնորհ էր տալիս բովանդակութիւն ստեղծողներին, որ պոդքասթ սկսեն։ Ինչքան հասկացայ այդ մարդկանց սովորեցնում էին, թէ ինչպէս պոդքաստ սկսել, ինչ սարքաւորումներից օգտուել եւ այլն։

Երեկ նորայրի հետ խօսելիս նա ինձ ասաց, որ նախաձեռնութեան մասնակիցներին ասել էին, որ կարող են օգտագործել whooshkaa անունով մի ծառայութիւն, որը տարեկան ինչ֊որ մի գումարի դիմաց տրամադրում է RSS հոսք եւ ձայնային ֆայլեր տեղադրելու հնարաւորութիւն։

Պարզւում է, որ դրամաշնորհի գումարը վերջանալուց յետոյ, ոչ մէկ չի թարմացրել ծառայութեան պայմանագիրը, որի արդիւնքում մարդկանց ֆայլերը կորել են։

Ասեցի ստուգեմ, մտայ Media.am֊ի պոդքաստերի էջը եւ նայեցի թէ ինչ վիճակում է։ Պարզւում է, որ իսկականից, ահագին մեծ քանակի պոդքաստի ալիքներ ուղղակի վերացել են, լրիւ։

Մի մասը, սակայն, խելացի է գտնուել եւ ունի նաեւ YouTube ալիք (բայց դէ, բոլորս արդէն սովորեցինք, որ դա Պոդքասթ չի), բայց ահագին մասն էլ տեղափոխուել ա ուղղակի այլ սպասարկողի մօտ՝ anchor.fm։

Ինչքան հասկացայ, այդ նախաձեռնութեան ժամանակ մասնակիցներին չեն բացատրել, թէ ինչքան կարեւոր է ունենալ քո սեփական հարթակը։

Ես էլ շուտով կը բացեմ իմ պոդքասթի հոսքը, որի ֆայլերը կը լինեն իմ տան սպասարկիչի մէջ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով