Գիտեմ, որ Հայաստանի բնակիչները ապրում են Տելեգրամում, բայց ե՛ւ տելեգրամը ե՛ւ Թուիթերը վատ ցանցեր են։ Արդէն մէկ տարի է ինչ ունեմ Տելեգրամ ալիք եւ Թուիթերի հաշիւ իմ Հայերէն եւ Անգլերէն ցօգերի (բլոգների) համար։
Ցանկանում էի տեղեկացնել, որ երկուսն էլ անջատելու եմ։
1) How the internet is going back to its roots and why you should care
Այս ելոյթի ժամանակ խօսելու եմ սոց֊ցանցերի մասին, թէ ինչպէս է ամէն ինչ հետ գնում իր արմատներին, ինչ են ապակենտրոն սոց֊ցանցերը եւ ինչու ենք մենք յաղթելու։
2) How Valodik reports incidents to improve his country and why we need a CERT/NCSC NOW!
Այս ելոյթի ժամանակ խօսելու եմ թէ ինպէս է Վալոդիկը (վերեւների հետ կապ չունեցող 16 տարեկան երեւակայական երիտասարդ մը) տեղեկացնում համապատասխան մարմիններին իր գտած խնդիրները։
Երեւի լաւ է, որ երկրորդ ելոյթս չեն դրել «գլխաւոր սենեակում»՝ Մանուկեան սրահում։ Մի անգամից ասեմ, որ հիմնականում լինելու է այն մասին թէ ինչու են ձախողուել Հայաստանեան CERT֊երը, Հայաստանի Հանրապետութեան նախարարութիւնները եւ նոյնիսկ ARMSec համայնքը։ Ու ինչպէս կարող ենք ուղղել այդ խնդիրները։
Դրօշակների (կամ ինչպէս շատերն են ասում՝ դրօշների) հանդէպ իմ սէրը նկատել եմ դեռ դպրոցում։ Ամէն երկուշաբթի դպրոցի բակում տէրունական աղօթքը եւ ազգային քայլերգը երգելու ժամանակ բարձրացնում էինք դպրոցի, Սիրիայի եւ Հայաստանի դրօշակները։
Բայց իմ սէրը աւելի պնդացաւ երբ լսեցի Ռոման Մարսի TED ելոյթը՝ «Ինչու՞ քաղաքների դրօշակները կարող են լինել ամենավատ ձեւաւորած բանը, որը դուք երբեք չէք նկատել»։
Ու սկսեցի աջ ու ձախ դրօշակներ նկատել։Իհարկէ, իմ ամենասիրած քաղաքի՝ Ռոտէրդամի դրօշակը ամենասիրուն դրօշակներից մէկն է, որ տեսել եմ՝ կանաչ, սպիտակ, կանաչ։ Կանաչը քաղաքի գոյնն է, իսկ արանքում գտնուող սպիտակը նկարագրում է քաղաքի գէտը՝ Ռոտէ գէտը։
Ու ինչքան խորանում ես դրօշակների մէջ, այնքան հասկանում ես, որ մեր դրօշակները հեչ լաւը չեն, ու խօսքը միայն քաղաքների դրօշակների մասին չէ, բնաւ։
Հայաստանի Հանրապետութեան դրօշակը՝ կարմիր, կապոյտ, նարնջագոյնը, հեչ իւրայատուկ չի, աւելին՝ այնքան իւրայատուկ չի, որ 1796 թուականին ծնուած ու մեռած Ալբայի Հանրապետութեան դրօշակն է։
Բայց այդքանը հերիք չի, ասենք Երեւան քաղաքի դրօշակը ուղղակի Երեւան քաղաքի զինանշանն է սպիտակ կտաւի վրայ տասներկու սլաքներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները։
Ու ինչքան խորանում ես՝ հասկանում ես, որ մեր մօտ դրօշակները պակաս են, առհասարակ՝ չկան։
Մեր գլխաւոր ու ամենասիրած քաղաքները մինչեւ այսօր չունեն դրօշակներ. Դիլիջանը, Վանաձորը, Ջերմուկը եւ այլն։
Հասկանում եմ՝ երկրում շատ խնդիրներ կան, որ պէտք է լուծել։ Բայց եթէ ինչ֊որ մի տեղից սկսել է պէտք, որ մարդիկ զգան իրենց ազդեցութիւնը քաղաքական եւ քաղաքացիական հարցերում, որ զգան թէ ինչպէս են կերտում իրենց երկիրը, ապա դրօշակները շատ լաւ սկսելու տեղ են։
Հասկանում եմ, որ Երեւանի դէպքը ահաւոր բարդ ա, բնակիչները շատ են, բայց ինչ հաւէս կը լինի, չէ՞, եթէ փոքր համայնքների ու քաղաքների բնակիչները միասին հաւաքուեն ու սկսեն աշխատել իրենց դրօշակների վրայ։ Այդ դրօշակները կսկսենք տեսնել ամէն տեղ՝ փողոցում, կօֆէի բաժակների վրայ, մեքենաների համարանիշերի վրայ եւ այլն։