Ասք դրօշակների մասին

Դրօշակների (կամ ինչպէս շատերն են ասում՝ դրօշների) հանդէպ իմ սէրը նկատել եմ դեռ դպրոցում։ Ամէն երկուշաբթի դպրոցի բակում տէրունական աղօթքը եւ ազգային քայլերգը երգելու ժամանակ բարձրացնում էինք դպրոցի, Սիրիայի եւ Հայաստանի դրօշակները։

Բայց իմ սէրը աւելի պնդացաւ երբ լսեցի Ռոման Մարսի TED ելոյթը՝ «Ինչու՞ քաղաքների դրօշակները կարող են լինել ամենավատ ձեւաւորած բանը, որը դուք երբեք չէք նկատել»։

Ու սկսեցի աջ ու ձախ դրօշակներ նկատել։Իհարկէ, իմ ամենասիրած քաղաքի՝ Ռոտէրդամի դրօշակը ամենասիրուն դրօշակներից մէկն է, որ տեսել եմ՝ կանաչ, սպիտակ, կանաչ։ Կանաչը քաղաքի գոյնն է, իսկ արանքում գտնուող սպիտակը նկարագրում է քաղաքի գէտը՝ Ռոտէ գէտը։

Ռոտէրդամի դրօշակը

Ու ինչքան խորանում ես դրօշակների մէջ, այնքան հասկանում ես, որ մեր դրօշակները հեչ լաւը չեն, ու խօսքը միայն քաղաքների դրօշակների մասին չէ, բնաւ։

Հայաստանի Հանրապետութեան դրօշակը՝ կարմիր, կապոյտ, նարնջագոյնը, հեչ իւրայատուկ չի, աւելին՝ այնքան իւրայատուկ չի, որ 1796 թուականին ծնուած ու մեռած Ալբայի Հանրապետութեան դրօշակն է։

Ալբայի Հանրապետութեան Դրօշակ

Բայց այդքանը հերիք չի, ասենք Երեւան քաղաքի դրօշակը ուղղակի Երեւան քաղաքի զինանշանն է սպիտակ կտաւի վրայ տասներկու սլաքներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները։

Երեւան քաղաքի դրօշակ

Ու ինչքան խորանում ես՝ հասկանում ես, որ մեր մօտ դրօշակները պակաս են, առհասարակ՝ չկան։

Մեր գլխաւոր ու ամենասիրած քաղաքները մինչեւ այսօր չունեն դրօշակներ. Դիլիջանը, Վանաձորը, Ջերմուկը եւ այլն։

Հասկանում եմ՝ երկրում շատ խնդիրներ կան, որ պէտք է լուծել։ Բայց եթէ ինչ֊որ մի տեղից սկսել է պէտք, որ մարդիկ զգան իրենց ազդեցութիւնը քաղաքական եւ քաղաքացիական հարցերում, որ զգան թէ ինչպէս են կերտում իրենց երկիրը, ապա դրօշակները շատ լաւ սկսելու տեղ են։

Հասկանում եմ, որ Երեւանի դէպքը ահաւոր բարդ ա, բնակիչները շատ են, բայց ինչ հաւէս կը լինի, չէ՞, եթէ փոքր համայնքների ու քաղաքների բնակիչները միասին հաւաքուեն ու սկսեն աշխատել իրենց դրօշակների վրայ։ Այդ դրօշակները կսկսենք տեսնել ամէն տեղ՝ փողոցում, կօֆէի բաժակների վրայ, մեքենաների համարանիշերի վրայ եւ այլն։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով