Կարգերով պահոցներ՝ Մտքեր

Անդրանիկ Վարդանեան

20 Փետրվարի, 2025

YouTube֊ը շատ տարօրինակ տեղ ա, ասենք մի քանի օր առաջ, մէկի խնդրանքով իմ փոդքաստի բոլոր episode֊ները տեղադրեցի YouTube, ու նենց էլ չի որ յղում հրապարակել էի ինչ֊որ տեղ։ Մէկ֊երկու ընկերոջ եմ ուղարկել։

Յաջորդ օր արթնացայ ու տեսնեմ արդէն կայ գումարային 100+ դիտում 4 դրուագների վրայ։ ո՞վ ա տեսել, ո՞նց ա յայտնուել իրենց մօտ։ պարզ չի։

Իրականում, պարզ ա, քանի որ YouTube֊ն ունի անալիտիկայի գործիքներ։ ու ըստ երեւոյթին մարդիկ տեսել են դա իրենց գլխաւոր էջում կամ recommendation֊ներում։

Ամէն դէպքում՝ շատ հաւէս ա, որ յայտնւում ա մարդկանց մօտ, բայց էդ նաեւ մոտիւացնում ա, որ աւելի լաւ ձայնագրումներ անեմ ։Ճ

Պատասխանել մեյլով

Անդրանիկ Վարդանեան

15 Հունվարի, 2025

Ամէն առաւօտ մտնում եմ LinkedIn, որ տեսնեմ եթէ հետաքրքիր բան կայ, ու ամէն առաւօտ էլ հիասթափւում եմ։

Ուզում էի մանրամասնել թէ ինչի, բայց արի ու տես որ մէջս էլ էներգիա չկայ։ Ոնց որ ջուրը ծեծես։

In other news, երեկ ելոյթ եմ տուել մեյլ սերուէրների մասին, այսօր յղումները կը դնեմ։

Պատասխանել մեյլով

Անդրանիկ Վարդանեան

10 Մայիսի, 2024

Շատ լուրջ մշակութային խնդիր ունենք. Երբ մարդիկ հարց են ունենում, մի անգամից ինձ են հարցնում անձնական նամակով, լինի դա ջաբերով կամ մեյլով։

Բայց ես ու նորայրը ահագին ջանք ենք դրել որ լինեն հանրային քննարկման սենեակներ, ինչպիսին է սարեանը, նաեւ ահագին ջանք ենք դրել, որ մարդիկ հանգիստ հարց տան, երկարաժամկէտ պատասխան սպասելու դէպքում՝ ֆորումների տեսքով։

Բայց արի ու տես որ էդ ամէնը էական չի, մարդիկ մէկ ա, օրուայ վերջում, գրում են մեզ անձնական նամակով, ու երբ մէկ կամ մի քանի ժամ չես պատասխանում, քանի դէ մենք էլ ենք մարդ, գործ, տուն, տեղ ու ընտանիք ունենք, ապա մի մասը սկսում են գոռալ «էդ ինչի՞ չես պատասխանում»։

Ինձ թւում ա շատ տրամաբանական կարողութիւններ պէտք չի հասկանալու համար, որ եթէ շատ ստանդարդ հարց ունես, նոր գիւտ չես անում, ապա 20+ անդամներով հանրային սենեակում հարցնելը աւելի լաւ տարերակ ա, քան մի հոգուն հարցնելը։

Բայց աւաղ, սա մշակութային հարց ա, մարդկանց ասելով «խնդրում եմ չաթում հարցրու» ոչ մի բան չի փոխուի։

Պէտք է մտածենք այս մասին…

Պատասխանել մեյլով

Հղում

Բարի սովորոյթներ — Յակոբ Միքայէլեան:

Ես սովորութիւն ունիմ շէնքի աստիճաններուն վրայ դէմս ելլողին «բարի լոյս» կամ «բարեւ» մը ըսել, մեր հալէպեան սովորոյթները այստեղ կրկնելով, սակայն բարեւդ կա՛մ օդը կը մնայ, կա՛մ ալ անակնկալի եկած մէկուն նման՝ քիթին տակէն բան մը կը պատասխանէ, թերեւս ալ մտքերնէն կ՛ըսեն՝ այս ինչ տարօրինակ մարդիկ են սուրիացիները, առանց ճանչնալու կը բարեւեն:

Պատասխանել մեյլով

Ասք QR֊ների եւ թուային մենիւների մասին

Փաստօրէն արդէն Հայաստան է հասել թուային մենիւները։ Ես մի տեսակ զարմացած եմ եւ իրականում տխուր։ Գիտեմ, բոլորին անսպասելի է, որ նման բան կարող է ասեմ։

Բացատրեմ.

Մտել ենք Կօֆէի սիրած վայրերից մէկը՝ Future Diner, որը Երեւանի լաւագոյն վեգան ճաշարաններից մէկն է։ Չնայած նրան, որ միշտ պատուիրում ենք իրենց մօտից ուտելիքներ, երբէք ֆիզիկապէս չէինք եղել։

Մտնելուց անմիջապէս յետոյ երիտասարդ աշխատակիցն ասաց «մենիւի համար կարող էք սկանաւորել այս QR֊ները, ունենք հայերէն, անգլերէն եւ ռուսերէն մենիւներ»։
IMG 6687

Իհարկէ, իմ համար սա բնաւ խնդիր չէր, քանզի հեռախօսս հետս էր։ Նկարեցի, ինչ֊որ մի անկապ կայք բացեց, նայեցինք։

Screenshot 2023 07 05 at 8 28 54 PM

Սակայն սա իրենից ահագին բան է ենթադրում, որը գուցէ միշտ չլինի յաճախորդի մօտ։ Յաճախորդը պէտք է ունենայ

  1. հեռախօս
  2. որն ունի խցիկ
  3. որը հասկանում է QR֊ներ
  4. որը ունի համացանցի հասանելիութիւն
  5. որի բրաուզերը կարողանում է բացել JavaScript֊ով աշխատող կայքեր

Ես եղել եմ ժամանակին մարդ, ով չի ունեցել հեռախօս։ ով ունեցել ա հեռախօս առանց կամերայի։ ով ունեցել ա խցիկով հեռախօս բայց չի հասկացել QR֊ներ։ ով … (եւ այլն)

Արդէն հասկացաք, թէ ինչու եմ տխուր։

Ու նաեւ ունեմ բազմաթիւ ընկերներ, ովքեր մինչ օրս չունեն հեռախօս, կամ արի ասենք՝ խելախօս։

Սա իհարկէ եթէ նայում ենք խնդիրներին հասանելիութեան առումով։

Իսկ եթէ նայենք մեր ուժերից վեր ու մեզնով չլուծուող խնդիրների տեսակէտից՝

  1. գուցէ ցանցի հետ խնդիր կայ՝ Ucom֊ը MTS֊ը եւ այլնը գուցէ խնդիր ունեն ու հիմա չես կարող հասնել այդ կայքին
  2. գուցէ այդ կայքն ունի խնդիր եւ անհասանելի է ամբողջ աշխարհին
  3. գուցէ այդ ընկերութիւնը վերանում է մի օր

Սրանք ամենայաճախ հանդիպող դէպքերն են, չեմ թուարկում այն դէպքերը, որ հնարաւոր է լինեն, բայց “հազարից մէկ”։


Նոր մատուցողի հետ էի խօսում եւ իրեն հարցուցի՝ իսկ ի՞նչ եթէ յաճախորդը չունի խելախօս, նա ասաց «էդ դէպքում տրամադրում եմ իմ կամ ճաշարանի հեռախօսը»


Ես իհարկէ հասկանում եմ, թէ ինչու է մարդկանց «քուլ» թւում նման բաները։ Մի կողմից (մեզ թւում է թէ) բնութեանը օգուտ ենք տալիս (դա իրականում հարցական է, ոչ մի հետազօտութիւն չկայ, որ հաստատում է դա), միւս կողմից էլ դէ շատ ժամանակակից է թւում, նայի՛, նայի՛, նկարում ես ու տեսնում նկարներ ու թուէր։

Մի կողմից էլ մտածում եմ, գոնէ QR֊ը յղէր դէպի իրենց կայք, նենց չի որ պատուիրում ես կայքով, ուղղակի նայում ես։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

Ամառային ելոյթներ

Այս շաբաթ ունեցել եմ երկու ելոյթ եւ մասնակցել եմ մի քննարկման։

Առաջին ելոյթը տեղի ունեցաւ BSides Yerevan֊ի ժամանակ, ներկայացրել եմ համակարգիչների ամենահին աբստրակտցիաների պաշտպանութեան եւ հետեւելու մեթոդները։

Իսկ այսօր մասնակցել եմ ԲարՔեմփում՝ Cybersecurity պանելում։ մեր ամենալաւ պանելներից էր։ Հետաքրքիր հարցերով եւ խառը քնմարկումներով։

Իսկ քիչ առաջ ներկայացրել եմ live demo թէ ինչպէս ունենալ անձնական սպասարկիչ համացանցում։

Ահագին արդիւնաւէտ շաբաթ էր։

Պատասխանել մեյլով

Ասք նոր պլաստիկէ տոպրակների եւ էկոլոգիայի մասին

Արդէն երրորդ անգամն է, որ խանութից դուրս գալուց յետոյ պաստիկէ տոպրակները պատռւում են փողոցի մէջտեղում։

Մի քանի աշխատողի հարցրեցի, եթէ տոպրակների փոփոխութիւն են արել ու վերջում ստացայ պատասխան՝ «այո, աւելի բարակ տոպրակներ են, չնայած նրան, որ նոյնգ գնով ենք վաճառում՝ 50 դրամ»։

Ես յիշում եմ, որ մարդիկ բողոքում էին վճարովի տոպրակներից, ու ես մտածում էի, դէ լաւ, ոչինչ, մարդիկ կը սովորեն ամէն անգամ 50 դրամ վճարելու փոխարէն մի անգամ վճարել 1000 դրամ, ունենալ այսպէս կոչուած tote bag, կամ հայերէն ասած փոխադրապայուսակ եւ օգտագործել ամիսներով։

Այդ առթիւ մենք նոյնպէս ունենք տանը 3 հատ փոխադրապայուսակ մեր սիրած դիզայներով, օրինակ Հայկ Սուրճի Բովարանի եւ այլն, բայց օգտագործում եմ միայն այն ժամանակ երբ գիտեմ, որ խանութ եմ գնալու։

Շատ դէպքերում անսպասելի եմ մտնում, ու ստիպուած եմ լինում «տոպրա՞կ» հարցին պատասխանել «այո», իսկ վերջերս «այո, երկու հատ, պատռւում են»։

Բայց ուրիշ կարեւոր հարց կայ այստեղ։ Երբ ՀՀ կառավարութիւնը որոշեց, որ տոպրակները պարտաւոր են լինել վճարովի, իրենց մեկնաբանութիւնն էր թէ «տոպրակները վճարովի են դարձել՝ հանուն շրջակա միջավայրի պաշտպանության» ապա հարց է առաջանում՝ փոփոխութիւն եղե՞լ է, ինչ֊որ մի վիճակագրութիւն ունե՞նք։ Այնպէս չէ որ Հայաստանի խանութները ունեն հրաշալի գոյքագրում, որ հասկանանք եթէ բան է փոխուել (եթէ ունենային գոյքագրում, ապա շաբաթը 3 անգամ հումմուս֊մութաբալը բացակայ չէր լինի)։

Իսկ հիմա այնպիսի վիճակում ենք, որ մարդիկ «տոպրա՞կ» հարցին լռելեան պատասխանում են «այո», շատ քչերը օգտագործում են փոխադրապայուսակ իսկ բնութեանը վնաս տալու հետ մէկտեղ մարդկանց գրպանին ենք վնաս տալիս։


Ի դէպ, պէտք է նշել որ վերաօգտագործուող տարբեր տեսակի պայուսակներ կան։ Առաջին տարբերակը, որ կարելի է նախատեսել դա պլաստիկէ տոպրակները մի քանի անգամ օգտագործելն է։

Ապա հնարաւոր է ունենալ սովորական tote bag, սակայն բոլորը չեն, որ էկոլոգիապէս մաքուր են։ Շատերը օգտագործում են վատ տեսակի բամբակ։

Հնարաւոր է ունենալ բամբակ, որը վերաօգտագործուող է։ Պէտք է կարդալ պիտակը։

Բայց եթէ փոքր հաշուարկ անենք, ասենք այն մարդու համար ով շաբաթը երկու անգամ անում է առեւտուր, ապա հետեւեալ թուերը կստանանք

տարեկան խանութի այց = (52 / 2) = 26

Ենթադրենք ամէն այսին պէտք է երկու տոպրակ

Պլաստիկէ տոպրակները արժէն 50 դրամ՝ հատը, ապրում են մէկ կամ երկու օգտագործում
Բամբակէ տոպրակները արժէն 250 դրամից 3000 դրամ՝ կախուած որակից եւ արտադրողից, ապրում են 6 ամսից 1 տարի։
Թղթէ տոպրակները արժէն 500 դրամ, ապրում են 3֊ից 6 ամիս։

Տոպրակի տեսակ պլաստիկէ տոպրակ տոպրակ բամբակից տոպրակ թղթից
Տարեկան արժէք 26 x (50 x 2) = 2600֏ (500 x 2) x 2 = 2000֏ (500 x 2) x 4 = 4000֏
էկոլոգիամաքրութիւն վատ միջին լաւ

Սա, իհարկէ, հաշուի չենք առնում էն պատահական այցերը։ Կարելի է ուղղակի տոպրակը մեր հետ ման տալ պայուսակի մէջ, միշտ։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

հինգ տարի անգլերէն բլոգելով

հինգ տարի անգլերէն բլոգելով աւելի շատ ընկերներ եմ ձեռք բերել քան պատկերացնում էի։

Ամիսը գոնէ մէկ անգամ ինչ֊որ մէկը գրում էր մեյլով եւ հարց տալիս, կամ կարծիք, կամ քննադատութիւն, շատ դէպքերում նոյնիսկ առաջարկում էր ընկերանալ։ Տասնեակ ընկերներ եմ ձեռք բերել որոնց հետ մինչեւ օրս խօսում եմ, շաբաթը մէկ գոնէ չաթւում, եւ նոյնիսկ իրար նուէրներ ենք ուղակում աշխարհի մի անկիւնից միւսը։

Մինչ օրս դեռ չեմ հասկանում, թէ ինչու եմ սիրում գրառել ցանցային օրագրում, բայց հասկանում եմ, թէ առանց դրա ապրել չեմ կարող։

Երեկ Անգլերէն ցանցային օրագրիս առաջին գրառման 5 ամեակն էր։

Շատ բանի չեմ հասել անգլերէն օրագրով, շատ քիչ մարդիկ են կարդում այն, բայց ահա թէ ինչ եմ արել 5 տարուայ մէջ.

  • հրապարակել եմ 96 գրառում
  • գրել եմ 27,245 բառ
  • վերբեռնել եմ 102 նկար
  • Ինքս ինձ 256 անգամ ասել եմ որ «այսուհետ ամէն օր եմ բլոգելու»

Բլոգները այնքան կարեւոր են համացանցի համար, որ արդէն 2 տարի է պահում եմ օրագիր.հայ համայնքը։

Շնորհակալ եմ, որ բլոգում էք։

Մինչ միւս տարի (։

Պատասխանել մեյլով

ասք բնակչութեան եւ համայնքների մասին

Ինձ միշտ հետաքրքրել են համայնքները, փոքր տարիքից միշտ եղել եմ ինչ֊որ համայնքի անդամ։ Կար ժամանակ երբ սկաուտ (scout) էի, դրանից յետոյ եղել եմ եկեղեցու դպիր, իսկ պատանեկան տարիներին եղել եմ Սուրիոյ Երիտասարդական Միութեան պատանեկան թեւի անդամ։

Երբ եկայ Հայաստան, ի զարմանս ինձ շատ համայնքներ չկային։ Մի անգամից սկսեցի զբաղուել համայնքներ ստեղծելով։ Այդ տարիներին Հայաստանը ահագին ապրում էր Ֆեյսբուքում (երեւի հիմա էլ, հա՞, չգիտեմ, արդէն քանի տարի է չկամ այնտեղ), ու ստեղծեցի ԳՆՈւ֊Լինուքսի Հայաստանեան խումբը, որը ունէր էր 100֊ից աւել անդամ։ Վստահ եմ հիմա աւելի շատ մարդիկ կան։

Բայց մենակ չեմ կարող անվերջ համայնքներ պահել, արդէն ահագին համայքների համահիմնադիր եմ։ Շատ ժամանակ ուզում եմ ուղղակի համայնքի անդամ լինել, ոչ թէ զրօյից ստեղծել։

Երկար տարիներ ինքս ինձ համոզում էի, թէ բա նորմալ է, որ Հայաստանում համայնքները քիչ են կամ չկան, բնակչութիւնն է քիչ։ Շատ բնակչութեան դէպքում աւելի շատ համայնքներ կը լինէին։

Բայց վերջերս հասկացայ, որ բնակչութեան թիւը կապ չունի, բնաւ։

Օրինակ, արի վերցնենք Մալտան, որը, չնայած Երեւանից 50% մեծ է տարածքով, բնակչութիւնը ընդամէնը 519,000 է։ Այո, մի ամբողջ երկիր մեր երկրի 0.1 տոկոսն է տարածքով։

Բայց արի ու տես, որ Մալտայում կան ահագին համայնքներ։ Օրինակ, ես զարմացայ երբ տեսայ որ Մալտայում կայ կոմիկսների օնլայն խանութ (ու տենց ինչ֊որ փոքր բան չէ, այլ ահագին մեծ հաւաքածոյ ունեն), չնայած նրան, որ IRL խանութ չունեն, բայց արդէն 8 տարի է ակտիւ գործում են։

Միւս կողմից տեսայ, որ Մալտայում կայ ակտիւ Star Wars֊ի համայնք։ Այնքան ակտիւ, որ նոյնիսկ 501֊րդ լէգէոնի բաժին կայ, անունն էլ 501st Malta Outpost։

Իհարկէ, չեմ ասում որ Հայաստանում համայնքներ չկան, այլ ուղղակի այն, որ բնակչութեան թիւը բնաւ կապ չունի համայնքների քանակի եւ որակի հետ։

Ահագին մտածել է պէտք այս մասին ու պէտք է փորձել հասկաանլ թէ ինչն է արմատական պատճառը, որ Հայաստանում համայնքներ չեն ծնւում։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով