Մինչեւ մտքերի մէջ խորանալը, ուզում եմ այս էկրանահանած նկարը ցոյց տալ։
Այո, դեռ 2014֊ին էի ուզում ունենալ համակարգեր սիրողների համար հանդիպումներ (a.k.a. meetup֊ներ)։
Պատմեմ ինչ եղաւ մի քանի շաբաթ առաջ։
Մի խումբ ընկերների եւ համայնքի ակտիւ անդամների ուղարկեցի նամակ, որ ցանկանում եմ կազմակերպել Systems We Love կոնֆերանս։ Ինձ պէտք էր գոնէ 10 խօսնակ եւ գոնէ 30 մասնակից։ Ընթացքում ահագին հետաքրքիր արձագանքներ ստացանք։
Առաջինը. Մարդկանց թւում է, որ իրենց շատ նեղ հետաքրքրութիւնները ոչ մէկին հետաքրքիր չի լինելու։ Հասկացանք որ դրա համար պէտք է թեման հրամցնել շատ մեղմ։ Նախ խօսել թէ ինչու ես խօսում այդ մասին, ապա պատմել թեմայի անցեալի մասին, ապա պատմել քո պատմութիւնը այդ մասին։
Երկրորդ. Շատ կարեւոր է պատմութիւն ունենալ։ BarCamp Yerevan֊ի գլխաւոր թերութիւններից մէկն այն է, որ շատերը գալիս եւ ուղղակի էկրանն են կարդում։ Երբ հարցնում ես «իսկ դուք սա պրոդաքշնում օգտագործում է՞ք» իրենց պատասխանն է «նու տենց չէ՜, բայց մի փոքր կտորի վրայ հա»։ Ու հասկանում ես, որ սա սպասելի է, քանի որ մենք սպառող ազգ ենք, մենք օգտագործում ենք այն ինչ տեսնում ենք HackerNews֊ում, ինչ տեսնում ենք շատ աստղեր ունի GitHub֊ում։ Մեր ահաւոր շատ քիչ տոկոսն է արտադրող։ Ահաւոր քիչ մասն է ազատ ԾԱ֊ի մասնակցող։ Ես ցանկանում եմ այդ մշակոյթը փոխել, ես ուզում եմ այդ մշակոյթը թարմացնել, մարդկանց ցոյց տալ ինչպէս մասնակցել, ինչ խնդիրներ լուծել, ինչպէս համայնքների հետ շփուել եւ այլն։ Խօսել մեր անցած ճանապարհի մասին ու լսել ուրիշների պատմութիւնները։ Այո՛։
Երրորդ. Հասկացանք, որ շատ դժուար է մի անգամից կոնֆերանս կազմակերպել։ Նախ պէտք է անել հանդիպումներ։ Մէկ֊երկու հոգի պէտք է խօսեն, մարդիկ՝ լսեն։ Ապա միասին քննարկումներ անեն ու գնան մի տեղ խմելու։
Չորրոդ. Պէտք է ունենալ կայունութիւն։ Ամէն երկու շաբաթը մէկ հաւաքւում ենք։ Այսքանը։ Նոյնիսկ եթէ ներկայ լինի 4 հոգի, ապա պէտք է ունենալ ելոյթ, նկարահանել դա ու տեղադրել համացանցում։ Իմ նպատակն այն է, որ եթէ ես մի օր գործերով խառը լինեմ, տանը հիւանդ պարկած լինեմ, մահացած լինեմ, կամ ամենավատ դէպքում՝ ձանձրացած լինեմ, ապա միեւնոյն է՝ մարդիկ հաւաքուեն ու շարունակեն կիսուել իրենց պատմութիւններով։
Այսքանից ելնելով որոշեցինք սկսել Systems We Love Armenia։ Արդէն ունենք կայք, ԻւԹիւբ ալիք, Տելեգրամ խումբ։ Շուտով կունենանք նաեւ Թուիթթերի հոսք, դաշնեզերքի հանգոյց, ջաբեր սերւէր ու ամենակարեւորը՝ լոգո։
Փորձելու եմ պահել նոյն ընթացքը։ Նախ հրապարակում եմ ինչ֊որ անոնս, եթէ կան ելոյթներ, եթէ չէ՝ խնդրել համայնքին որ մի բան ներկայացնեն։ Ապա՝ հաւաքւում ենք եւ լաւ ժամանակ անցկացնում։ Գալիք օրերին խմբագրել տեսանիւթը եւ հրապարակել այն։ Վերջում՝ կը գրեմ ամփոփում՝ քանի հոգի եկաւ, ինչի մասին խօսեցինք, աւարտից յետոյ ինչ արեցինք եւ ուր գնացինք թեյելու կամ կօֆէ խմելու։
Եւ ահա, յոյս ունեմ որ սա կը լինի շարունակական, կը գայ գոնէ 4 հոգի եւ հետաքրքիր կը լինեն ելոյթները ապագայ սերնդի համար։
Ասանկ բաներ…