Ասք QR֊ների եւ թուային մենիւների մասին

Փաստօրէն արդէն Հայաստան է հասել թուային մենիւները։ Ես մի տեսակ զարմացած եմ եւ իրականում տխուր։ Գիտեմ, բոլորին անսպասելի է, որ նման բան կարող է ասեմ։

Բացատրեմ.

Մտել ենք Կօֆէի սիրած վայրերից մէկը՝ Future Diner, որը Երեւանի լաւագոյն վեգան ճաշարաններից մէկն է։ Չնայած նրան, որ միշտ պատուիրում ենք իրենց մօտից ուտելիքներ, երբէք ֆիզիկապէս չէինք եղել։

Մտնելուց անմիջապէս յետոյ երիտասարդ աշխատակիցն ասաց «մենիւի համար կարող էք սկանաւորել այս QR֊ները, ունենք հայերէն, անգլերէն եւ ռուսերէն մենիւներ»։
IMG 6687

Իհարկէ, իմ համար սա բնաւ խնդիր չէր, քանզի հեռախօսս հետս էր։ Նկարեցի, ինչ֊որ մի անկապ կայք բացեց, նայեցինք։

Screenshot 2023 07 05 at 8 28 54 PM

Սակայն սա իրենից ահագին բան է ենթադրում, որը գուցէ միշտ չլինի յաճախորդի մօտ։ Յաճախորդը պէտք է ունենայ

  1. հեռախօս
  2. որն ունի խցիկ
  3. որը հասկանում է QR֊ներ
  4. որը ունի համացանցի հասանելիութիւն
  5. որի բրաուզերը կարողանում է բացել JavaScript֊ով աշխատող կայքեր

Ես եղել եմ ժամանակին մարդ, ով չի ունեցել հեռախօս։ ով ունեցել ա հեռախօս առանց կամերայի։ ով ունեցել ա խցիկով հեռախօս բայց չի հասկացել QR֊ներ։ ով … (եւ այլն)

Արդէն հասկացաք, թէ ինչու եմ տխուր։

Ու նաեւ ունեմ բազմաթիւ ընկերներ, ովքեր մինչ օրս չունեն հեռախօս, կամ արի ասենք՝ խելախօս։

Սա իհարկէ եթէ նայում ենք խնդիրներին հասանելիութեան առումով։

Իսկ եթէ նայենք մեր ուժերից վեր ու մեզնով չլուծուող խնդիրների տեսակէտից՝

  1. գուցէ ցանցի հետ խնդիր կայ՝ Ucom֊ը MTS֊ը եւ այլնը գուցէ խնդիր ունեն ու հիմա չես կարող հասնել այդ կայքին
  2. գուցէ այդ կայքն ունի խնդիր եւ անհասանելի է ամբողջ աշխարհին
  3. գուցէ այդ ընկերութիւնը վերանում է մի օր

Սրանք ամենայաճախ հանդիպող դէպքերն են, չեմ թուարկում այն դէպքերը, որ հնարաւոր է լինեն, բայց “հազարից մէկ”։


Նոր մատուցողի հետ էի խօսում եւ իրեն հարցուցի՝ իսկ ի՞նչ եթէ յաճախորդը չունի խելախօս, նա ասաց «էդ դէպքում տրամադրում եմ իմ կամ ճաշարանի հեռախօսը»


Ես իհարկէ հասկանում եմ, թէ ինչու է մարդկանց «քուլ» թւում նման բաները։ Մի կողմից (մեզ թւում է թէ) բնութեանը օգուտ ենք տալիս (դա իրականում հարցական է, ոչ մի հետազօտութիւն չկայ, որ հաստատում է դա), միւս կողմից էլ դէ շատ ժամանակակից է թւում, նայի՛, նայի՛, նկարում ես ու տեսնում նկարներ ու թուէր։

Մի կողմից էլ մտածում եմ, գոնէ QR֊ը յղէր դէպի իրենց կայք, նենց չի որ պատուիրում ես կայքով, ուղղակի նայում ես։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով

One thought on “Ասք QR֊ների եւ թուային մենիւների մասին

Մեկնաբանությունները փակված են։