Պիտակների պահոցները՝ Երեւան

Սարեանցիների Պատահական Հանդիպում

Տուն գնալու ճանապարհին ասեցի կօֆէին «դէ արի մտնենք Սարեանի Հայկ սուրճի բովարան» ու իհարկէ, ինչպէս միշտ, բարմենն ասաց «ձեր ընկերները ներսում են»։

Մտանք ներս ու տեսանք, որ իսկապէս մեր ընկերները այստեղ են ։Ճ

Այսպիսով ստացուեց պատահական հանդիպում Սարեանցիներով, Սարեան փողոցի վրայ։

Նկարները նախ երեւացին Photos by Antranig ցօգում։

Ասանկ բաներ…

ARMSec 2022

CTF֊ից անցնենք ARMSec 2022 կոնֆերանսին, որը տեղի է ունենալու Դեկտեմբերի 18֊ին, բացումը լինելու է առաւօտ ժամը 10֊ին։

Մանրամասները կարող էք նայել կայքում՝ ARMSec։

Ես ունենալու եմ երկու ելոյթ՝

1) How the internet is going back to its roots and why you should care

Screenshot 2022 12 16 at 1 04 49 PM

Այս ելոյթի ժամանակ խօսելու եմ սոց֊ցանցերի մասին, թէ ինչպէս է ամէն ինչ հետ գնում իր արմատներին, ինչ են ապակենտրոն սոց֊ցանցերը եւ ինչու ենք մենք յաղթելու։

2) How Valodik reports incidents to improve his country and why we need a CERT/NCSC NOW!

Screenshot 2022 12 16 at 1 04 57 PM

Այս ելոյթի ժամանակ խօսելու եմ թէ ինպէս է Վալոդիկը (վերեւների հետ կապ չունեցող 16 տարեկան երեւակայական երիտասարդ մը) տեղեկացնում համապատասխան մարմիններին իր գտած խնդիրները։

Երեւի լաւ է, որ երկրորդ ելոյթս չեն դրել «գլխաւոր սենեակում»՝ Մանուկեան սրահում։ Մի անգամից ասեմ, որ հիմնականում լինելու է այն մասին թէ ինչու են ձախողուել Հայաստանեան CERT֊երը, Հայաստանի Հանրապետութեան նախարարութիւնները եւ նոյնիսկ ARMSec համայնքը։ Ու ինչպէս կարող ենք ուղղել այդ խնդիրները։

Ահ, այս տարի Կօֆէ֊ն էլ է ելոյթ ունենալու՝

Screenshot 2022 12 16 at 1 15 45 PM

Իսկ նա պատմելու է իր սովորելու եւ գործ գտնելու ուղու մասին։

Սպասում եմ բոլորիդ։ Մինչ հանդիպում։ Հա, օգտագործելու եմ #ARMSec2022 պիտակը

Ասանկ բաներ…

Ասք դրօշակների մասին

Դրօշակների (կամ ինչպէս շատերն են ասում՝ դրօշների) հանդէպ իմ սէրը նկատել եմ դեռ դպրոցում։ Ամէն երկուշաբթի դպրոցի բակում տէրունական աղօթքը եւ ազգային քայլերգը երգելու ժամանակ բարձրացնում էինք դպրոցի, Սիրիայի եւ Հայաստանի դրօշակները։

Բայց իմ սէրը աւելի պնդացաւ երբ լսեցի Ռոման Մարսի TED ելոյթը՝ «Ինչու՞ քաղաքների դրօշակները կարող են լինել ամենավատ ձեւաւորած բանը, որը դուք երբեք չէք նկատել»։

Ու սկսեցի աջ ու ձախ դրօշակներ նկատել։Իհարկէ, իմ ամենասիրած քաղաքի՝ Ռոտէրդամի դրօշակը ամենասիրուն դրօշակներից մէկն է, որ տեսել եմ՝ կանաչ, սպիտակ, կանաչ։ Կանաչը քաղաքի գոյնն է, իսկ արանքում գտնուող սպիտակը նկարագրում է քաղաքի գէտը՝ Ռոտէ գէտը։

Ռոտէրդամի դրօշակը

Ու ինչքան խորանում ես դրօշակների մէջ, այնքան հասկանում ես, որ մեր դրօշակները հեչ լաւը չեն, ու խօսքը միայն քաղաքների դրօշակների մասին չէ, բնաւ։

Հայաստանի Հանրապետութեան դրօշակը՝ կարմիր, կապոյտ, նարնջագոյնը, հեչ իւրայատուկ չի, աւելին՝ այնքան իւրայատուկ չի, որ 1796 թուականին ծնուած ու մեռած Ալբայի Հանրապետութեան դրօշակն է։

Ալբայի Հանրապետութեան Դրօշակ

Բայց այդքանը հերիք չի, ասենք Երեւան քաղաքի դրօշակը ուղղակի Երեւան քաղաքի զինանշանն է սպիտակ կտաւի վրայ տասներկու սլաքներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները։

Երեւան քաղաքի դրօշակ

Ու ինչքան խորանում ես՝ հասկանում ես, որ մեր մօտ դրօշակները պակաս են, առհասարակ՝ չկան։

Մեր գլխաւոր ու ամենասիրած քաղաքները մինչեւ այսօր չունեն դրօշակներ. Դիլիջանը, Վանաձորը, Ջերմուկը եւ այլն։

Հասկանում եմ՝ երկրում շատ խնդիրներ կան, որ պէտք է լուծել։ Բայց եթէ ինչ֊որ մի տեղից սկսել է պէտք, որ մարդիկ զգան իրենց ազդեցութիւնը քաղաքական եւ քաղաքացիական հարցերում, որ զգան թէ ինչպէս են կերտում իրենց երկիրը, ապա դրօշակները շատ լաւ սկսելու տեղ են։

Հասկանում եմ, որ Երեւանի դէպքը ահաւոր բարդ ա, բնակիչները շատ են, բայց ինչ հաւէս կը լինի, չէ՞, եթէ փոքր համայնքների ու քաղաքների բնակիչները միասին հաւաքուեն ու սկսեն աշխատել իրենց դրօշակների վրայ։ Այդ դրօշակները կսկսենք տեսնել ամէն տեղ՝ փողոցում, կօֆէի բաժակների վրայ, մեքենաների համարանիշերի վրայ եւ այլն։

Ասանկ բաներ…

Չնայած նրան, որ միշտ այՖոնով եմ ֆռֆռում, իրականում միւս գրպանումս կամ պայուսակում ունեմ Google Pixel 2, որն աշխատում ա Lineage ՕՀ֊ով։

այ սենց հրաշալի նկարներ եմ ստանում։

Անդրանիկ Վարդանեան

12 Հոկտեմբերի, 2022

Հանրապետութեան Հրապարակի վեց մայթերից երկուսը փակ են, մայթի վրայ մեծ «ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՐԵՎԱՆ»֊եր են դրել:

Խնդիրն այն է, որ չես կարող մայթ3ից գնալ մայթ5 առանց մայթ4ով անցնելու: Հիմա բարձրանում եմ մայթ, ապա իջնում փողոց, որտեղ կամ իրար մէջ մտած մեքենաներ են կամ էլ արագ թռնող մեքենաներ, ապա հետ եմ բարձրանում մայթ:

Իսկ եթէ մէկը սկուտերով ինքնագլորով ա, կամ աւելի վատ դէպքում՝ սայլակով, ապա անհնար ա լինում Հանրապետութեան գլխաւոր Հրապարակում շարժուել:

Ասանկ բաներ…

Անդրանիկ Վարդանեան

5 Օգոստոսի, 2022

Խանութում.

— Բարեւ ձեզ, կօֆէի ֆիլտր ունէ՞ք
— Ֆիլտր կօֆէ՞
— Չէ, ֆիլտր կօֆէն վերցրել եմ, հիմա ինձ պէտք է կօֆէի ֆիլտր
— Մէկ րոպէ հարցնեմ…

— Անի՜, մենք կօֆէի ֆիլտր ունե՞նք
— Չէ, մենք ֆիլտր կօֆէ չունենք։
— Անի ջան, ո՞նց չունենք, յաճախորդը վերցրել ա ֆիլտր կօֆէ, հիմա կօֆէի ֆիլտր ա ուզում

— Բարեւ ձեզ, կօֆէի ֆիլտր չունենք։
— Բա հիմա ֆիլտր կօֆէն ո՞նց խմեմ։

Ասանկ բաներ…

Մենեջեր

Խանութում.

— Խնդիր կա՞յ վճարման հետ։
— Չէ, ուղղակի ձուն երկու անգամ եմ անցկացրել, սխալմամբ, սպասում եմ մենեջերը գայ հանի։
— Ահ, հասկանալի ա։

հինգ րոպէ անց.

— Իսկ օրուայ մէջ քանի՞ անգամ ա սենց լինում, մօտաւոր էլի։
— Երեւի տասնըհինգ րոպէն մէկ մի դէպք լինում ա։
— Բայց եթէ հեռակայ մուտք ունեն, ապա ինչի՞ են ամէն անգամ գալիս։
— Լաւ հարց ա…

Ու իսկականից, ես համարեայ ամէն օր մտնում եմ խանութ ու շաբաթը գոնէ մի անգամ լինում ա, ու սա շատ պարզ լոգիստիգայի խնդիր ա, որի մասին բոլորը գիտեն։

Ինձ թւում ա, որ մենեջերի գործն ա տնօրինութեանն ասել, որ նման խնդիր կայ, բայց արի ու տես, որ մարդիկ չունեն problem solving խնդրի լուծման մտածելակերպ։

Վաղը բոլոր «սուպերմարկետներին» մեյլ ուղարկեմ, յոյս ունեմ իրենց մօտ ընդունուած է «յաճախորդը միշտ ճիշտ է» մտածելակերպը։ Բայց դէ նոյնիսկ յաճախորդ չլինելով, բոլորս գիտենք, որ Անդրանիկը միշտ ճիշտ է ։Ճ

Ասանկ բաներ…